Աննախադեպ երևույթ է, երբ կառավարության անդամը լրագրողի հետ հարաբերվելիս բռունցքների է դիմում․ լրագրողական կազմակերպությունների հայտարարությունը
18:42 - 19 մարտի, 2021

Աննախադեպ երևույթ է, երբ կառավարության անդամը լրագրողի հետ հարաբերվելիս բռունցքների է դիմում․ լրագրողական կազմակերպությունների հայտարարությունը

Մի խումբ լրագրողական կազմակերպություններ համատեղ հայտարարություն են տարածել ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանի և լրագրող Փայլակ Ֆահրադյանի միջև տեղի ունեցած միջադեպի առնչությամբ, որի ընթացքում նախարարը հարվածել էր լրագրողին, վնասել էր նաև նրան պատկանող գույքը:

Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև.

«Երեկ՝ մարտի 18-ին, երևանյան սրճարաններից մեկում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը բռնություն է գործադրել «Irakanum.am» կայքի խմբագիր Փայլակ Ֆահրադյանի նկատմամբ։

Վերջինս, նկատելով բարձրաստիճան պաշտոնյային, մոտեցել և հարցրել է, թե ինչու է նա աշխատանքային ժամին սրճարանում։ Համաձայն մամուլի հրապարակումների՝ զրույցը երկուստեք ոչ կոռեկտ է եղել, որից հետո նախարարը հարվածներ է հասցրել լրագրողին, վնասել համակարգիչն ու հեռախոսը։

Մեր ողջ դիտարկումների ընթացքում աննախադեպ երևույթ է, երբ կառավարության անդամը լրագրողի հետ հարաբերվելիս բռունցքների է դիմում։ Սա վերջին ամիսներին իշխանության և լրատվամիջոցների ներկայացուցիչների միջև ծայրահեղ լարվածության, փոխադարձ անհանդուրժողականության և ոչ պարկեշտ վարքագծի հերթական դրսևորումն էր։ Դրա օրինակները մենք արձանագրել ենք ինչպես Ազգային ժողովում, այնպես էլ տարբեր զանգվածային միջոցառումների ընթացքում։ Մինչդեռ, բարձրաստիճան պաշտոնյաներն ու քաղաքական գործիչները պետք է պատրաստ լինեն հանրության և լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում լինել և զսպվածությամբ վերաբերվել իրենց ուղղված հարցերին։ Առանձնահատուկ նշում ենք, որ  լրագրողներն իրենց հերթին պարտավոր են գործել օրենքի և մասնագիտական էթիկայի շրջանակներում։

Հիմքեր ունենք այս միջադեպն ընկալել որպես նախորդ նմանատիպ դեպքերի առնչությամբ իշխանական շրջանակների ոչ պատշաճ արձագանքի հետևանք։ Այժմ էլ տարակուսանք են առաջացնում Հակոբ Արշակյանի քաղաքական թիմակիցներից ոմանց փորձերը՝ հրապարակային հայտարարություններով և մեկնաբանություններով ուղղակի կամ անուղղակի արդարացնել տեղի ունեցած բռնությունը։

Մենք՝ ներքոստորագրյալ լրագրողական կազմակերպություններս, անթույլատրելի համարելով լրագրողի նկատմամբ գործադրած բռնությունը՝ պահանջում ենք․

- Կառավարությունից և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից՝ հրապարակավ դատապարտել նախարարի պահվածքը, քննարկել նրա հետագա պաշտոնավարման նպատակահարմարությունը և երաշխիքներ տալ, որ ապագայում նման դեպքերը կբացառվեն։

- Իրավապահ մարմիններից՝ ուսումնասիրել միջադեպի բոլոր մանրամասները և համապատասխան իրավական գնահատական տալ կատարվածին։

Կոչ ենք անում լրագրողներին՝ պաշտոնյաների, քաղաքական գործիչների հետ առնչվելիս խուսափել սադրիչ վարքագծից, հատկապես այն դեպքերում, երբ դա որևէ կերպ չի նպաստում հանրությանը օբյեկտիվ տեղեկություններ մատուցելու մասնագիտական առաքելության իրականացմանը։

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե
Երևանի մամուլի ակումբ
Մեդիա նախաձեռնությունների կենտրոն
Լրագրողների «Ասպարեզ» ակումբ
Ինֆորմացիայի ազատության կենտրոն
Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտ – Հայաստան
Հանրային լրագրության ակումբ
«Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ
«Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ
Գորիսի մամուլի ակումբ


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել