1lurer.am: Որպես փաստաբան եղած մարդ՝ չեմ պատկերացնում, թե ինչպես կարող եմ փաստաբանի իրավունքները սահմանափակող նախագծին կողմ լինել՝ հայտարարեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով Դատական օրենսգրքում փոփոխությունների նախագծին: Նրա կարծիքով, նախագիծը խնդիրներ է առաջացնելու ԵԽԽՎ-ում:

«Առաջարկում են քրեական գործով պաշտպանների իրավունքները սահմանափակել, էն դեպքում, որ Հայաստանում չի եղել ու չկա իշխանություն, որը իշխանափոխությունից հետո քրեական գործերով պաշտպանների կարիք չունենա: Գոնե դուք ձեր մասին մտածեք: Մյուս հանգամանքը. պատկերացրեք՝ դատավորից գործը վերցնում, տալիս են մյուս դատավորին: Ինչի՞ համար են վերցնում. տեսնում են՝ այս դատավորն իրենց դուր չի գալիս, դատավորին փոխում են, գործը տալիս են մյուս դատավորին, որն իրենց ուզածը կանի. այ, սրա մասին է էս նախագիծը:

Փաստաբանի իրավունքները մի կողմից են սահմանափակում, որ չկարողանա միջնորդություններով հանդես գալ շատ, մյուս կողմից էլ դատավորին են սահմանափակում, էն մյուս կողմից էլ ԲԴԽ-ին են լայն լիազորություններ տալիս, որ այդ գործով զբաղվի»,- նշեց Մարուքյանը՝ առաջարկելով հետ վերցնել նախագիծը, քանի որ, իր կարծիքով, ԵԽԽՎ-ում խնդիրներ է առաջացնելու: