Առաջարկվում է ԲԴԽ-ին օժտել նորմատիվ իրավական ակտեր ընդունելու լիազորությամբ. ԱԺ-ն քննարկում է նախագիծը |1lurer.am|
11:59 - 19 մարտի, 2021

Առաջարկվում է ԲԴԽ-ին օժտել նորմատիվ իրավական ակտեր ընդունելու լիազորությամբ. ԱԺ-ն քննարկում է նախագիծը |1lurer.am|

1lurer.am: ԱԺ-ն արտահերթ նիստում քննարկում է Դատական օրենսգրքում փոփոխությունների նախագիծը:

ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը տեղեկացրեց, որ փոփոխությունների նպատակն է ապահովել գործերի դատական քննության արդյունավետ իրականացումը, դրանց մասնակիցների իրավունքների ու օրինական շահերի պատշաճ իրացումը, գործերը ողջամիտ ժամանակում քննելու և լուծելու պահանջի ապահովումը, դատարանների բնականոն գործունեության երաշխիքների պահովումը:

«Ըստ այդմ՝ առաջարկվող հիմնական փոփոխություններն ու լրացումները հանգում են հետևյալին. որպես դատական սանկցիայի առանձին տեսակ՝ նախատեսել իրավունքի իրականացման սահմանափակումը, որն առաջարկվում է դատարանի կողմից կիրառելի դարձնել այն դեպքերում, երբ դատավարության մասնակիցը իր դատավարական իրավունքներից օգտվելիս պարբերաբար չարաշահում է դրանք՝ վտանգելով դատավարության մյուս մասնակիցների իրավունքների պաշտպանության երաշխավորումն ու արդարադատության շահերի ապահովումը:

Նախագծով առաջարկվում է ԲԴԽ-ին այսուհետ օժտել դատարանների բնականոն գործունեություն ապահովելու լիազորություն նախատեսելով, որ վերջինիս իրականացման ուղղությամբ ԲԴԽ-ն իրավունք ունենա ընդունելու նորմատիվ իրավական ակտեր: Այս լիազորության անհրաժեշտությունը կայանում է նրանում, որ ԲԴԽ-ն իր լիազորությունների իրականացման ընթացքում, որոնք կապված են օրինակ՝ դատարանների ծանրաբեռնվածության, աշխատանքների արդյունավետ կազմակերպման և այլ հարցերում երբեմն կարիք է ունենում հրատապ կարգավորում տալ առանձին հարցերի: Այդ գործառույթների իրականացման համար ԲԴԽ-ին առաջարկվում է օժտել նաև նորմատիվ իրավական ակտեր ընդունելու լիազորությամբ»,- նշեց Վարդանյանը:

Նախագծի ընդունման դեպքում դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար ՀՀ արդարադատության նախարարից և դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովից բացի ԲԴԽ-ին դիմելու հնարավորություն կունենան նաև ֆիզիկական և իրավաբանական անձինք իրենց մասնակցությամբ կոնկրետ գործերով, եթե առերևույթ առկա է էական կարգապահական խախտման որոշակի հիմք, և պահպանված են ժամկետները:

«Առաջարկվում է ԲԴԽ-ին լիազորություն վերապահել առանձնակի բարդություն ունեցող քրեական գործերի քննության արդյունավետությունը և դատավարության մասնակիցների օրինական շահերի պահպանումն ապահովելու նպատակով և ելնելով արդարադատության շահերից՝ տվյալ դատարանի կազմից ընտրել այդ գործերի քննության համար վիճակահանությանը մասնակից դատավորիների համապատասխան մասնագիտացում կամ ենթամասնագիտացում ունեցող դատավորների թվից՝ հաշվի առնելով նմանատիպ գործեր քննած լինելու հանգամանքը և այդ ընթացքում դատական նիստի բնականոն ընթացք ապահաովելու հմտությունները: Ըստ առաջարկի՝ ԲԴԽ-ն ընտրելու է չափորոշիչներին համապատասխանող 3 դատավորների, որոնց միջև տվյալ առանձնակի բարդության գործերը բաշխելու է՝ ներկայությամբ իրականացվող վիճակահանությամբ»,- մանրամասնեց պատգամավորը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել