«Հայրենիքի փրկության շարժման» թեկնածու Վազգեն Մանուկյանի գործը մակագրվել է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վահե Միսակյանին։ Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից:

Վազգեն Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածով (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը) և որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն՝ չհեռանալու մասին: 2021թ. մարտի 9-ին Վազգեն Մանուկյանին առաջադրված մեղադրանքը լրացվել է՝ 2021թ. փետրվարի 26-ին Բաղրամյան պողոտայում անցկացված հանրահավաքի ժամանակ նրա կողմից հնչեցված կոչերով, որոնք ևս պարունակում են իշխանությունը զավթելու և սահմանադրական կարգը տապալելու բռնի կոչեր: