Արայիկ Հարությունյանը ստորագրել է վարկային պարտավորությունների համար աջակցության ծրագիրը հաստատելու որոշումը
19:57 - 18 մարտի, 2021

Արայիկ Հարությունյանը ստորագրել է վարկային պարտավորությունների համար աջակցության ծրագիրը հաստատելու որոշումը

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն ստորագրել է կառավարության որոշում` պատերազմական գործողությունների հետևանքով դժվար կացության մեջ հայտնված ֆիզիկական և իրավաբանական անձանց վարկային պարտավորությունների կատարմանն ուղղված պետական ֆինանսական աջակցության ծրագիրը հաստատելու մասին։

Նախագահի աշխատակազմից հայտնում են, որ ծրագրով նախատեսվում է քաղաքացիների հիփոթեքային, սպառողական և բիզնես (այդ թվում` գյուղատնտեսական գործունեության նպատակով անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց տրամադրված) վարկերի և փոխառությունների դիմաց առաջացած պարտավորությունների մասնակի կամ լրիվ փոխհատուցում՝ ըստ սահմանված շահառուների խմբերի, աջակցության չափերի և ժամկետների։

Համաձայն ծրագրի՝ պետական աջակցությունից կօգտվեն ֆիզիկական անձինք (կամ նրանց ամուսինները), որոնք 2020 թվականի սեպտեմբերի 27-ի դրությամբ հաշվառված և փաստացի բնակվում էին կամ ում աշխատանքի վայրը գտնվում էր Արցախում, և որոնք աջակցության ստացման ողջ ժամանակահատվածում փաստացի բնակվում են Արցախում՝ որոշ բացառություններով։

Ծրագրի շահառու կարող են հանդիսանալ նաև արցախցի ռեզիդենտ իրավաբանական անձինք (բացառությամբ ոչ առևտրային կազմակերպությունների­), որոնք շարունակում են իրենց գործունեությունը և որոնց միակ մասնակիցը (բաժնետերը) կամ կանոնադրական կապիտալի ավելի քան գումարային 60 տոկոս մասնակցություն ունեցող մասնակիցները բավարարում են ֆիզիկական անձանց համար սահմանված պահանջները։

Բացի աջակցության ընդհանուր միջոցառումներից, շահառուների որոշ խմբերի համար ծրագրով սահմանվում են այլ արտոնություններ, պայմաններ, ինչպես նաև լրացուցիչ աջակցություն, որն առաջնահերթության կարգով կուղղվի նրանց հիփոթեքային, գյուղատնտեսական, սպառողական և բիզնես վարկերի մարմանը։

Մինչև 2020 թվականի սեպտեմբերի 27-ը ժամկետանց վարկեր ունեցող անձինք ևս կկարողանան օգտվել պետական աջակցության ծրագրից՝ շահառու ճանաչվելու և պարտատերերի կողմից նրանց վարկերի վերաֆինանսավորման կամ վերակառուցման դեպքում և վարկի տարեկան մայր գումարի չափը 1․8 մլն դրամը չգերազանցելու պայմանով։

Ինչ վերաբերում է սեպտեմբերի 27-ից հետո վճարված գումարներին, ապա դրանք կվերադարձվեն քաղաքացիներին՝ նրանց կողմից նշված բանկային հաշվեհամարին փոխանցելու միջոցով։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել