«Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը հայտարարություն է տարածել ՀՀ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի՝ պաշտոնից ազատվելու մասին վարչապետի աշխատակազմի այսօրվա պարզաբանման վերաբերյալ․

«Ս.թ. մարտի 17-ին ՀՀ վարչական դատարանը բավարարել է ՀՀ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի միջնորդությունը, համաձայն որի վերջինս շարունակելու է իր պաշտոնավարումը՝ մինչև դատարանի կողմից վերջնական վճռի կայացումը:

Այսօր վարչապետի աշխատակազմը, չունենալով դատական ակտը պարզաբանելու որևէ իրավասություն, հայտարարել է, որ Օնիկ Գասպարյանն ազատված է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի պաշտոնից, իսկ ՀՀ Սահմանադրության 139-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված ընթացակարգով ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի նոր պետի նշանակման գործընթացը շարունակվում է։

Վարչապետի աշխատակազմի «պարզաբանումն» ուղղակի կոչ է՝ չենթարկվելու դատարանի կայացրած ակտին, ինչը քրեորեն պատժելի արարք է: Այս առնչությամբ ՀՀ դատախազությունը պարտավոր է հարուցել քրեական գործ:

Փաշինյանն ու իր վարչախումբն այս քայլով հերթական անգամ իրենց դնում են Սահմանադրությունից և օրենքից դուրս՝ ևս մեկ հարված հասցնելով երկրի սահմանադրական կարգին:

Ստեղծած իրավիճակում կոչ ենք անում ՀՀ զինված ուժերին՝ անշեղորեն առաջնորդվել օրենքով՝ դատարանի որոշմամբ, չենթարկվել որևէ ապօրինի հրամանի և շարունակել իրականացնել իր սահմանադրական առաքելությունը:

ՀՀ դատախազության կողմից քրեական գործ չհարուցելու, Փաշինյանի վարչախմբի կողմից հակապետական և ապօրինի գործողությունները շարունակելու պարագայում Շարժումը կձեռնարկի իրավիճակին համապատասխանող բոլոր անհրաժեշտ քայլերը»: