Հաշմանդամության 3 խմբի փոխարեն կսահմանվեն ֆունկցիոնալության սահմանափակման նոր աստիճաններ
 |1lurer.am|
22:15 - 17 մարտի, 2021

Հաշմանդամության 3 խմբի փոխարեն կսահմանվեն ֆունկցիոնալության սահմանափակման նոր աստիճաններ |1lurer.am|

1lurer.am: Վերացնել խտրականության բոլոր դրսևորումները, ապահովել հավասար հնարավորություններ: Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների և անձի ֆունկցիոնալության գնահատման մասին օրենքների նախագծերի նոր փաթեթով հաշմանդամության 3 խմբի փոխարեն կսահմանվեն ֆունկցիոնալության սահմանափակման նոր աստիճաններ:

Նոր փաթեթն ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում ներկայացրել է Մեսրոպ Առաքելյանը։ Անձի ֆունկցիոնալության գնահատման օրենքի հիմքում առողջապահության համաշխարհային կազմակերպության սկզբունքներն են: Նախարարի խոսքով՝ սա հնարավորություն կտա թիրախային գնահատել կարիքները, համապատասխան աջակցություն ցուցաբերել: Գործող կարգավորմամբ՝ հաշմանդամություն երեք խումբ կա, գումարած հաշմանդամություն ունեցող երեխաները՝ առանձին կարգավիճակով:

Մեսրոպ Առաքելյան, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար - Դրա փոխարեն մենք ունենալու ենք ֆունկցիոնալության սահմանափակման աստիճան՝ թեթև, միջին, ծանր, և խորը: Այսինքն՝ անհատական գնահատման հիման վրա սահմանվելու է այս չորս կարգավիճակները, որոնք փոխարինելու են հաշմանդամության գործող խմբերին:

Հաշմադամություն ունեցող անձանց իրավունքներն այս պահին կարգավորվում են 28-ամյա վաղեմության օրենքով, դրանից հետո էական փոփոխություններ չեն եղել: Գործող օրենսդրությամբ՝ աջակցությունը հիմնականում նյութական է, բայց բացակայում են հասարակությանը նրանց ամբողջական ինտեգրման կարգավորումները:

Մեսրոպ Առաքելյան - Մենք պահանջներ ենք դնում մասնավոր ոլորոտի պետական կառույցների համար մատչելիության ապահովում, մասնավորապես, շինարարական և կառուցապատման մասով, որը հնարավորություն է տալու ստեղծել այնպիսի պայմաններ, որպեսզի չխոչընդոտի այդ սահմանափակումները:

Մինչև նոր դասակարգմանն անցնելը, հաշմանդամություն ունեցող անձինք կշարունակեն ստանալ նախատեսված բոլոր աջակցությունները: Օրենքի ընդունումից հետո մեկ տարվա ընթացքում հստակ մեխանիզմներ կսահմանվեն: Մինչև այդ նախարարությունը պիլոտային ծրագիր է սկսել՝ գնահատվում են 44-օրյա պատերազմում ամպուտացված զինծառայողների կարիքները, բացահայտվում ոչ միայն առողջական, այլ նաև միջավայրի խնդիրները:

Մեսրոպ Առաքելյան - Կարիքների գնահատման արդյունքում մենք բացահայտել ենք նրանց կենցաղային միջավայրը, այն սահմանափակումները, որոնք խոչընդոտում են նրանց կյանքի ինտեգրմանը: Իրականացնում ենք ոչ միայն պրոթեզավորում, այլև միջավայրի բարեկարգում:

Նախագծերի փաթեթը դրական եզրակացութամբ կքննարկվի ԱԺ լիագումար նիստում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել