Հաշմանդամություն ունեցող երեխային խնամող ծնողների ստաժը կհաշվարկվի մինչև երեխայի 18 տարին լրանալը. նախագիծ
 |armtimes.com|
21:21 - 17 մարտի, 2021

Հաշմանդամություն ունեցող երեխային խնամող ծնողների ստաժը կհաշվարկվի մինչև երեխայի 18 տարին լրանալը. նախագիծ |armtimes.com|

armtimes.com: «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի փոփոխություններով աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը առաջարկում է ավելացնել հաշմանդամություն ունեցող երեխաներին խնամող ծնողների ստաժը և բարձրացնել կենսաթոշակները: Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը: Եթե գործող օրենքով հաշմանդամություն ունեցող երեխային խնամող ծնողի համար ստաժ հաշվարկվում է մինչև երեխայի 10 տարին, ապա հիմա առաջարկվում է ստաժը հաշվարկել մինչև երեխայի չափահաս դառնալը:

«Իրենց խնամակալության տակ հաշմանդամություն ունեցող երեխաներ պահող ծնողների համար մինչ այժմ 10 տարին էր համարվում ստաժ, և հետևաբար 10 տարի էր կենսաթոշակ վճարվում։ Ներկայիս ռեֆորմով նախատեսվում է, որ ծնողը խնամակալի ստաժ կունենա մինչև երեխայի չափահաս դառնալը՝ 18 տարեկանը», – ասաց նա:

Ըստ փոխնախարարի, այն անձինք, ովքեր երիտասարդության տարիքում խնամել են հաշմանդամություն ունեցող երեխային և իրենց ստաժում հաշվարկվել է մինչև 10 տարին, ապա օրենքի ընդունվելուց հետո սահմանված կարգով կկարողանան դիմել նախարարություն և վերանայման ու վերահաշվարկի արդյունքում ստանալ վճարված գումարի տարբերությունը: Վերահաշվարկի համար կենսաթոշակառուն պետք է ներկայացնի համապատասխան դիմում:

Վիճակագրական տվյալների համաձայն՝ առկա կենսաթոշակառուներից մոտ 600-ն է խնամել հաշմանդամություն ունեցող երեխայի: Նրանցից 150-ն ունեցել է 10 տարուց ավելի խնամքի ժամանակահատված, որը չի հաշվարկվել: Կենսաթոշակի փոփոխություն կարող է լինել մինչև 11 հազար դրամի չափով: «Եթե նախկինում 31 հազար դրամ էր ստանում ծնողը, այժմ կստանա ամսական 42 հազար», – օրինակով ներկայացրեց Խաչատրյանը:

Փոխնախարարը նշեց՝ նախարարության ղեկավարության կողմից խնդիր է դրված, որպեսզի իրականացվեն բարեփոխումներ: Նախատեսվում է, որ այս տարվա երկրորդ կիսամյակում փոփոխություններն արդեն ուժի մեջ կմտնեն:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել