Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին ավերվել է անցյալ տարվա նոյեմբերին
13:48 - 18 մարտի, 2021

Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին ավերվել է անցյալ տարվա նոյեմբերին

Երեկ համացանցում հայտնվեցին եւ ակտիվ քննարկման առարկա դարձան լուսանկարներ, ըստ որոնց՝ ադրբեջանցիները ոչնչացրել են Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին։ 

Լուսանկարը տարածեցին նաեւ մի շարք լրատվական կայքեր։ Սրան զուգահեռ՝ մեկնաբանություններում հանդիպում է նաեւ մի լուսանկար, որը նույնպես նոր է արված, եւ որտեղ, սակայն, Կանաչ ժամը կանգուն է։

Infocom-ը որոշեց ուսումնասիրել տարածվող լուսանկարները եւ պարզեց, որ իրականում Կանաչ ժամ եկեղեցին վնասելու մասին լուրերն ու լուսանկարը ճիշտ են, սակայն դեպքն այդքան էլ նոր չեն։ 

Նախ անդրադառնանք երկու լուսանկարների տարբերությանը, որոնցից մեկում Կանաչ ժամը կանգուն է, իսկ մյուսում՝ ոչ, ընդ որում՝ արբանյակային երկու լուսանկարներն էլ նոր են արվել։

Արբանյակային պատկերները տեսնելու համար գոյություն ունեն մի քանի գործիքներ, որոնցից հիմնականը եւ մեծամասնությանը ծանոթ գործիքները Google Earth-ը եւ Google Maps-ն են։ Ընդ որում՝ երկու գործիքները, բացի զուտ վեբ պորտալում հասանելի լինելուց, ունեն նաեւ հավելվածներ, որոնք հնարավոր է ներբեռնել համակարգչի կամ սմարթֆոնների մեջ։ Հենց այստեղից է գալիս երկու նկարների տարբերությունը։ Նկարը, որտեղ Կանաչ ժամ եկեղեցին, կամ դրա մի մասը փլուզված է, սքրինշոթ է արված համակարգչում ներբեռնված Google Earth հավելվածի արբանյակային քարտեզից, որը թարմացված է 2021 թվականի փետրվարի 15-ի տվյալներով, իսկ մյուս նկարը, որտեղ Կանաչ ժամը կանգուն է, վերցված է վեբ պորտալում գործող Google Maps արբանյակային քարտեզից, որի տվյալներն ավելի հին են։

Տվյալների տարբեր ժամանակներն արտացոլելու փաստն ապացուցվում է նաեւ նրանով, որ մի դեպքում հարակից տարածքները կանաչապատ են, իսկ մյուս դեպքում՝ ոչ (տե՛ս նկարում)։

Արբանյակային լուսանկարներից ձախն արված է համակարգիչ ներբեռնած Google Earth հավելվածով, աջը՝ վեբ պորտալում գործող Google Earth արբանյակային ծրագրով։

Սրանից ակնհայտ է դառնում տարբերությունը։ Այսպիսով՝ կարող ենք պնդել, որ հավելվածի լուսանկարներն ավելի թարմ են՝ ի տարբերություն վեբ տարբերակի։

Ե՞րբ է ավերվել Կանաչ ժամ եկեղեցին

Ինչպես արդեն նշեցինք՝ մեր ուսումնասիրությունը նույնպես հաստատեց, որ Կանաչ ժամ եկեղեցու մի մասն ավերվել է, սակայն դա եղել է դեռեւս անցյալ տարվա նոյեմբերին։ Ֆեյսբուք սոցիալական ցանցում Կանաչ ժամ եկեղեցու գմբեթը եւ զանգակատունը վնասված լինելու վերաբերյալ լուսանկար հրապարակվել է դեռեւս 2020 թվականի նոյեմբերի 18-ին, երբ Շուշին այլեւս հայկական վերահսկողության տակ չէր։ Սա այդ ժամանակ նույնպես ակտիվ տարածում ունեցավ լրատվական կայքերում [1,2]։ Այդ ժամանակ սոցցանցերի ադրբեջանական հարթակում շրջանառվում էր նաեւ մի տեսանյութ, որը նույնպես Կանաչ ժամ եկեղեցու տարածքից էր։ Նշյալ տեսանյութը ուսումնասիրել եւ տեղորոշել էր Fip.am-ը եւ փաստերով ներկայացրել, որ տեսանյութը նկարված է հենց Կանաչ ժամ եկեղեցու մոտ, ինչպես նաեւ նույնականացրել էր փլուզված եկեղեցին։ 

Հարցին անդրադարձել էր նաեւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը։ Նոյեմբերի 19-ին ֆեյսբուքյան իրենց էջում դատապարտել էին եկեղեցու հանդեպ ադրբեջանցիների իրականացրած վանդալիզմը։

Այսպիսով՝ տարածվող արբանյակային լուսանկարները համապատասխանում են իրականությանը, ադրբեջանցիներն իրոք վանդալիստական գործողություններ են իրականացրել եւ ավերել Կանաչ ժամ եկեղեցու մի մասը, սակայն սա, ըստ ամենայնի, եղել է 2020 թվականի նոյեմբերի 18-ին, երբ Շուշին արդեն ադրբեջանական հսկողության տակ էր։

Նարեկ Մարտիրոսյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել