Աջակցության ինչ ծրագրեր են իրականացվում արցախցիների համար․ ամփոփ տվյալներ
14:53 - 18 մարտի, 2021

Աջակցության ինչ ծրագրեր են իրականացվում արցախցիների համար․ ամփոփ տվյալներ

Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումից հետո տասնյակ հազարավոր արցախցիներ տեղահանվեցին իրենց բնակավայրերից: Նրանց մի մասը՝ ժամանակավոր, մի մասն էլ մշտական բնակություն հաստատեց Հայաստանում։ Infocom-ն անդրադարձել էր Ադրբեջանի վերահսկողության տակ անցած բնակավայրերին՝ ներկայացնելով ամփոփ տվյալներ բնակավայրերի եւ բնակչության թվաքանակի վերաբերյալ։ Հայտարարության ստորագրումից հետո ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը սկսեց պատերազմի հետեւանքները մեղմելու եւ արցախցիներին աջակցելու ծրագրեր մշակել։

Ընդհանուր առմամբ, մշակված եւ ընդունված ծրագրերը վերաբերել են զոհված եւ անհետ կորած քաղաքացիական եւ զինվորական անձանց հարազատներին, վիրավորում եւ խեղում ստացած քաղաքացիական եւ զինվորական անձանց, տուն կորցրած, Հայաստանում արցախցիների հետ կեցությունը կիսող եւ այլ քաղաքացիներին աջակցություն տրամադրելուն։ Վերոնշյալ ծրագրերը մշակվել եւ կառավարությանն են ներկայացվել 2020 թվականի դեկտեմբերի 3-ից սկսած։

Infocom-ը դեկտեբերի վերջին պաշտոնական հարցմամբ դիմել էր Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն՝ հասկանալու, թե ինչ ծրագրեր են իրականացվում, ովքեր են շահառուները եւ քանի հիմնական շահառու կա։ Քանի որ այդ ժամանակ ծրագրերի մեծ մասը դեռ ընթացքի մեջ էր, եւ վիճակագրական տվյալներ չկային, չէինք կարող ստանալ ամբողջական պատկեր։ 

Այս ամսվա սկզբին դարձյալ դիմեցինք ե՛ւ նախարարություն, ե՛ւ Արցախի Հանրապետության կառավարություն՝ առավել ամբողջական պատկեր ստանալու համար, սակայն Արցախից այդպես էլ պատասխան չստացանք։

Այսպես՝ փետրվարի 25-ին ամփոփված տվյալների համաձայն՝ Հայաստանի կառավարության որոշմամբ Արցախի չափահաս եւ անչափահաս քաղաքացիներին տրամադրվել է 68․000 դրամ միանվագ աջակցություն եւ եւս 15․000 դրամ՝ անշարժ գույք չունենալու դեպքում։ Ծրագրով նախատեսված աջակցությունից օգտվել է շուրջ 100․000 քաղաքացի, տրամադրվել է շուրջ 7 մլրդ դրամ։

Կառավարության մեկ այլ որոշմամբ էլ 300․000 դրամ աջակցություն է տրամադրվել Արցախի վերահսկողությունից դուրս մնացած համայնքներում հաշվառված չափահաս եւ անչափահաս քաղաքացիներին։ Աջակցություն ստացել է շուրջ 30․000 քաղաքացի, տրամադրված աջակցությունը կազմել է շուրջ 9 մլրդ դրամ։

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը հայտարարություն էր տարածել, համաձայն որի՝ պատերազմական ավերածությունների հետեւանքով կամ այլ պատճառներով բնակության համար ոչ պիտանի դարձած բնակելի անշարժ գույք ունեցող արցախցիներին կտրամադրվի միանվագ 250 հազար դրամ։ Պաշտոնական հարցմամբ տեղեկացանք, որ աջակցությունն ստացել է շուրջ 3․000 քաղաքացի, տրամադրվել է շուրջ 700 մլն դրամ։

Կառավարությունը աջակցություն է տրամարդել նաեւ սեփականության իրավունքով իրենց պատկանող տանը Արցախի վերահսկողությունից դուրս մնացած համայնքներում հաշվառված արցախցիներին հյուրընկալող քաղաքացիներին։ Սա վեցամսյա աջակցություն է, որը մեկնարկել է դեկտեմբերից։ Հայաստանում ապրող հյուրընկալին յուրաքանչյուր չափահաս արցախցու համար ամսական տրամադրվում է 30․000 դրամ, իսկ Արցախում ապրող հյուրընկալին՝ 45․000 դրամ։ Ծրագրի շրջանակում դեկտեմբերին աջակցություն է ստացել շուրջ 1800 քաղաքացի, տրամադրվել է շուրջ 125 մլն դրամ, հունվարին՝ շուրջ 900 քաղաքացի, տրամադրվել է շուրջ 76 մլն դրամ։

Աջակցություն են ստացել նաեւ սեփականության իրավունքով իրենց պատկանող տանը Արցախի վերահսկողության ներքո գտնվող համայնքների բնակելի անշարժ գույքը ավերածությունների հետեւանքով կամ այլ պատճառներով կորցրած արցախցիներին հյուրընկալող քաղաքացիները։ Հայաստանում ապրող հյուրընկալին յուրաքանչյուր չափահաս արցախցու համար տրամադրվել է ամսական 30․000 դրամ, Արցախում ապրող հյուրընկալին՝ 45․000 դրամ։ Ծրագրի շրջանակում դեկտեմբերին աջակցություն է ստացել շուրջ 200 քաղաքացի, աջակցությունը կազմել է շուրջ 12,5 մլն դրամ, հունվարին՝ շուրջ 120 քաղաքացի, տրամադրված աջակցությունը՝ շուրջ 8․5 մլն դրամ։

Աջակցության ծրագրերից մեկն էլ նախադպրոցական տարիքի երեխաներին ամանորյա աջակցություն տրամադրելն էր, որի շրջանակներում արցախցի մինչեւ 5 տարեկան շուրջ 14․700 երեխա ստացել է միանվագ 20․000 դրամ աջակցություն, բյուջեն կազմել է շուրջ 293 մլն դրամ։

Հայաստանի կառավարությունը ծրագրերից մեկի շրջանակներում 1 մլրդ դրամ է տրամադրել 2020 թվականի սեպտեմբեր, հոկտեմբեր եւ նոյեմբեր ամիսներին Արցախի բնակչության սպառած գազի եւ էլեկտրաէներգիայի ծախսերի փոխհատուցման համար։

Աջակցման ծրագիր եղել է նաեւ Արցախի կենսաթոշակառուների եւ նպաստառուների համար։ 2020 թվականի դեկտեմբեր ամսվա կենսաթոշակի եւ նպաստի վճարման համար տրամադրվել է 940 մլն դրամ։

Արցախի քաղաքացիների աջակցության միջոցառումների շրջանակում Արցախում կատարվող վճարումների գործընթացում ներգրավված Արցախփոստ ՓԲԸ-ի անձնակազմին աշխատավարձի եւ դրան հավասարեցված այլ եկամտի վճարման համար տրամադրվել է 25 մլն դրամ։

Արցախում հաշվառված կամ փաստացի բնակված քաղաքացիները կստանան նաեւ ամսական 68 հազար դրամ՝ 4 ամիս ժամկետով։ Պոտենցիալ շահառուները շուրջ 108․000 արցախցիներ են, ծրագրի բյուջեն կկազմի 30 մլրդ դրամ։

Ընդհանուր առմամբ պատերազմի հետեւանքները մեղմացնելու համար իրականացվող ծրագրերի շրջանակներում տրամադրվող աջակցության բյուջեն կազմել է 19 մլրդ 55 մլն ՀՀ դրամ՝ չհաշված 30 մլրդ դրամի ծրագիրը, որը դեռ ընթացքի մեջ է եւ ամբողջությամբ իրականացված չէ։ Այս ծրագրերի շրջանակներում շահառու է ճանաչվել շուրջ 150․720 չափահաս եւ անչափահաս քաղաքացի, որոնցից կարող են լինել մարդիկ, որոնք երկու եւ ավելի ծրագրի շահառու են հանդիսացել։ Թվում ներառված չէ 30 մլրդ դրամ բյուջեով ծրագիրը, որի համար պոտենցիալ շահառուները դիտարկվում են շուրջ 108,000 արցախցիներ։

Հավելենք, որ փետրվարի 22-ին Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը հայտարարել էր, որ Արցախի համար տարբեր ծրագրերով հաստատվել է 55 մլրդ դրամի աջակցություն։ Ծրագրերից որոշներն էլ իրականացվում են Արցախի բյուջեից՝ Հայաստանի աջակցությամբ։

Նարեկ Մարտիրոսյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել