Հաշմանդամություն ունեցող երեխային խնամելու ստաժ հաշվարկվող տարիների սահմանափակումը կհանվի |armenpress.am|
15:09 - 17 մարտի, 2021

Հաշմանդամություն ունեցող երեխային խնամելու ստաժ հաշվարկվող տարիների սահմանափակումը կհանվի |armenpress.am|

armenpress.am: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության առաջարկությամբ վերանայվում է հաշմանդամություն ունեցող երեխային խնամելու ժամանակահատվածն աշխատանքային ստաժում հաշվառելու կարգը: Այս առնչությամբ փոփոխություններով նախագիծը նախարարությունը դրել է շրջանառության մեջ: Գործող օրենքով հաշմանդամություն ունեցող երեխային խնամող ծնողի համար ստաժ հաշվարկվում է մինչև 10 տարին:

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ ախատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեակալ Դավիթ Խաչատրյանը նշեց, որ «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի փոփոխությունների և լրացումների մասին նախագծով առաջարկվում է տարվա սահմանափակումը հանել և հաշվարկել մինչև երեխայի չափահաս դառնալը:

«Նախագիծն ընդունելուց հետո ստացվում է, որ հաշմանդամություն ունեցող երեխայի խնամակալ ծնողի համար, կենսաթոշակի տարիքի հասնելու պարագայում, արդեն այդ տարիները կհաշվարկվեն ստաժ: Ինչ վերաբերում է գործող կենսաթոշակառուներին, որոնք երիտասարդ տարիներին խնամել են հաշմանդամություն ունեցող երեխա և իրենց ստաժում հաշվարկվել է մինչև 10 տարին, ապա վերանայման ու վերահաշվարկի արդյունքում կստանան տարբերությունը»,- ասաց  Դավիթ Խաչատրյանը: Վերահաշվարկի համար կենսաթոշակառուն պետք է ներկայացնի համապատասխան դիմում: Ըստ վիճակագրական տվյալների՝ առկա կենսաթոշակառուներից մոտ 600-ն է խնամել հաշմանդամություն ունեցող երեխա: Նրանցից 150-ն ունեցել է 10 տարուց ավելի խնամքի ժամանակահատված, որը չի հաշվարկվել: Վերահաշվարկվի արդյունքում կենսաթոշակի փոփոխություն կարող է լինել մինչև 11 հազար դրամի չափով:

Դավիթ Խաչատրյանը նշեց, որ նախարարության ղեկավարության կողմից խնդիր է դրված, որպեսզի իրականացվեն բարեփոխումներ: Թեկուզ փոքր քայլերով այնպես անել, որ դրանք ազդեն մարդու կյանքի որակի որոշակի բարձրացման վրա:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել