Մենք կարիք ունենք ԵԱՀԿ Մինսկի խմբի ուժեղ համանախագահության. Արա Այվազյան
15:14 - 16 մարտի, 2021

Մենք կարիք ունենք ԵԱՀԿ Մինսկի խմբի ուժեղ համանախագահության. Արա Այվազյան

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը հանդես է եկել հայտարարությամբ Շվեդիայի արտաքին գործերի նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Անն Լինդեի հետ հանդիպման արդյունքներով: 

«Ցանկանում եմ ողջունել շվեդ իմ գործընկեր Անն Լինդեին Հայաստանում՝ ԵԱՀԿ գործող նախագահի պաշտոնում կատարվող այցի շրջանակներում: Մենք այսօր բովանդակային քննարկումներ ունեցանք առանձնազրույցի և ընդլայնված կազմով հանդիպումների ընթացքում, անդրադարձանք ԵԱՀԿ-ում շվեդական նախագահության գերակայություններին, տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերի լայն շրջանակի, ինչպես նաև հայ-շվեդական երկկողմ օրակարգին:

Տիկին Լինդե,

Դուք այսօր Հայաստան եք այցելում որպես ԵԱՀԿ գործող նախագահ: Հատկանշական է, որ եվրոպական անվտանգության համար այս դժվարին ժամանակներում Շվեդիան, որի միջազգային խաղաղության համար կատարած ներդրումը հայտնի են բոլորին, ստանձնել է կարևոր այս կազմակերպության ղեկավարումը:

Օգտվելով առիթից ցանկանում եմ շնորհավորել և արգասաբեր գործունեություն մաղթել Ձեզ այս պատասխանատու առաքելության մեջ: Ցավալի է, որ դեռևս անցյալ տարվա սեպտեմբերին ծրագրված Ձեր այցը տարածաշրջան հետաձգվեց Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով:

Ադրբեջանի կողմից հակամարտության համատեքստում ուժի կիրառումը ԵԱՀԿ հանձնառությունների, այդ թվում՝ Հելսինկի Եզրափակիչ ակտի կոպտագույն խախտում էր:

Պատերազմի ողջ ընթացքում ադրբեջանական զինված ուժերը, Թուրքիայի գործուն աջակցությամբ, միջազգային հումանիտար իրավունքի բացահայտ խախտումներով զանգվածային ոճրագործություններ, այդ թվում՝ էթնիկ զտումներ և պատերազմական հանցագործություններ են իրականացրել արցախահայության դեմ՝ միտումնավոր թիրախավորելով խաղաղ բնակչությունը, այդ թվում կանանց, երեխաներին և տարեցներին, քաղաքացիական ենթակառուցվածքները և մշակութային ժառանգության օբյեկտները:

Ավելին, անգամ ռազմական գործողությունների ավարտից չորս ամիս անց Ադրբեջանը շարունակում է խախտել միջազգային հումանիտար իրավունքը և մարդու իրավունքները՝ գերեվարության մեջ պահելով հայ ռազմագերիներին և պատանդի կարգավիճակում հայտնված քաղաքացիական անձանց:

Թուրքիայի անմիջական մասնակցությամբ և ղեկավարությամբ Մերձավոր Արևելքից ԼՂ հակամարտության գոտի հազարավոր օտարերկրյա զինյալ ահաբեկիչների և վարձկանների տեղափոխումը և արցախահայության դեմ ռազմական գործողությունների մեջ ներգրավվումը ոչ միայն միջազգային իրավունքի ոտնահարում էր, այլև ԵԱՀԿ հանձնառությունների խախտում: Այն ձևավորեց երկու վտանգավոր նախադեպ. զանգվածային ոճրագործություններով և ուժի կիրառմամբ հակամարտության լուծման փորձը և այլ տարածաշրջաններից ԵԱՀԿ պատասխանատվության գոտի զինյալ ահաբեկիչների մասսայական ներմուծումը, որը պետք է արժանանա միանշանակ դատապարտման։

 

Հարգելի գործընկերներ,

Թուրք-ադրբեջանական ագրեսիան դադարեցնելու նպատակով ստորագրված եռակողմ հայտարարությամբ և Արցախում ռուս խաղաղապահների տեղակայմամբ հակամարտությունը թևակոխեց նոր փուլ։ Մենք եռակողմ հայտարարությունը դիտարկում ենք որպես հրադադարի վերականգնմանը և անվտանգության վերահաստատմանն ուղղված փաստաթուղթ: Թեև այն պարունակում է խաղաղ կարգավորմանն առնչվող որոշ դրույթներ, սակայն այն չի հասցեագրում դրա առանցքային տարրերը, որոնցից առաջնային է Արցախի կարգավիճակի հարցը՝ հիմնված արցախահայության ինքնորոշման իրավունքի վրա: Հակամարտության վերջնական քաղաքական լուծումը հնարավոր է բացառապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում:

Տարածաշրջանում վերջին զարգացումներն ընդգծեցին, որ մենք կարիք ունենք ԵԱՀԿ Մինսկի խմբի ուժեղ համանախագահության, որը կկարողանա առաջնորդել խաղաղ գործընթացը՝ տարիների ընթացքում մշակված սկզբունքների և տարրերի հիման վրա: Մենք նաև կարիք ունենք ամուր և համախմբված ԵԱՀԿ-ի՝ որպես տարածաշրջանային անվտանգության և խաղաղության համար պատասխանատու մարմնի: Այս համատեքստում կարևորում ենք ԵԱՀԿ նախագահության, այդ թվում՝ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դերակատարումը»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել