Ադրբեջանը զինադադարից 4 ամիս անց շարունակում է տառապանքներ պատճառել հարյուրավոր մարդկանց. Այվազյան
12:36 - 16 մարտի, 2021

Ադրբեջանը զինադադարից 4 ամիս անց շարունակում է տառապանքներ պատճառել հարյուրավոր մարդկանց. Այվազյան

ՀՀ Արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի արտաքին գործերի նախարար Անն Լինդեի հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց խնդրին: «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը, Այվազյանը նշել է, որ զինադադարից 4 ամիս անց էլ Ադրբեջանը շարունակում է տառապանքներ պատճառել հարյուրավոր մարդկանց և նրանց ընտանիքներին:

«Ցավոք, Ադրբեջանը հրաժարվում է կատարել եռակողմ հայտարարությունը, քանի որ հարյուրավոր հայ ռազմագերիներ ու քաղաքացիական պատանդներ մնում են գերության մեջ։ Զինադադարից չորս ամիս անց Ադրբեջանը շարունակում է տառապանքներ պատճառել հարյուրավոր մարդկանց և նրանց ընտանիքների անդամներին՝ նրանց ենթարկելով ֆիզիկական և հոգեբանական ճնշումների։ Այս անընդունելի գործողություններն ավելի ուժեղ են, քան խաղաղության և հակամարտության դադարեցման մասին դատարկ խոսակցությունները»,- նշել է նախարարը:

Այվազյանը Լինդեի հետ զրույցում ընդգծել է, որ չպետք է լինեն պատրանքներ, որ զանգվածային վայրագություններով ուղեկցվող ուժի կիրառումը, ներառյալ էթնիկ զտումներն ու ռազմական հանցագործությունները, կարող է նպաստել հակամարտությունների կարգավորմանը։

«Լեռնային Ղարաբաղի խաղաղ գործընթացի առանցքային հարցերը, որոնք արտացոլված չեն եղել եռակողմ հայտարարության մեջ, մնում են չլուծված։ Նրանց թվում է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, որն իր հետ բերում է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի և տարածքների հարցը»,- ասել է Արա Այվազյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել