Փոքր կենտրոնի բնակիչները Բադասյանին են ներկայացրել գույքի օտարման գործում 2008-ից ծագած խնդիրները
18:50 - 15 մարտի, 2021

Փոքր կենտրոնի բնակիչները Բադասյանին են ներկայացրել գույքի օտարման գործում 2008-ից ծագած խնդիրները

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը մարտի 15-ին հանդիպել է Երևանի Փոքր կենտրոնի բնակիչներից ժիրայր Ավանյանին, Վարդան Գաբրիելյանին և Հարություն Սերոբյանին, ինչպես նաև նրանց փաստաբաններ Ալինա Ավետիսյանին և Նելլի Պապյանին, որոնք նեգրավված են հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման հարաբերություններում:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախարար Բադասյանը կարևորել է խնդրի լուծման արդյունավետ եղանակ գտնելու անհրաժեշտությունը, հակիրճ անդրադարձել ՀՀ վարչապետի 2019 թվականի դեկտեմբերի 9-ի  համապատասխան որոշմամբ ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի աշխատանքներին, լսել բնակիչների և փաստաբանների մտահոգություններն ու քննարկել իրավական այն ուղիները, որոնք կհանգեցնեն խնդրի լուծմանը։

ՀՀ արդարադատության նախարարությունից նաև հայտնում են, որ հանդիպման մասնակիցները ներկայացրել են հանրության գերակա շահերի ապահովման նպատակով գույքի օտարման գործընթացներում 2008 թվականից ծագած խնդիրները և հանգուցալուծմանն ուղղված իրենց դիրքորոշումները։

Ըստ աղբյուրի՝ նախարարությունը կշարունակի խնդրի ուսումնասիրությունը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել