Հետպատերազմյան Արցախ [մաս 3]․ «Հողերը տալու օրը ես ինձ շատ վատ էի զգում, գիտեի՝ կյանքի վերջն ա, ու էլ չեմ տեսնելու Մարտունին»
17:02 - 26 մարտի, 2021

Հետպատերազմյան Արցախ [մաս 3]․ «Հողերը տալու օրը ես ինձ շատ վատ էի զգում, գիտեի՝ կյանքի վերջն ա, ու էլ չեմ տեսնելու Մարտունին»

Փետրվարի 25․ ռազմական գործողությունների դադարից անցել է 108 օր, բայց Մարտունի մտնելուն պես թվում է՝ քաղաքը ռմբակոծվել է հենց երեկ։ Արցախի Մարտունին այն բնակավայրերից է, որ պատերազմի առաջին իսկ օրից եղել է հակառակորդի «Գրադի» ու համազարկային կրակի այլ կայանքների թիրախում։ Ի տարբերություն Ստեփանակերտի՝ այս քաղաքն ավելի դանդաղ է վերականգնվում։

Հիմնահատակ ավերված այս տունն Արզումանյան փողոցում է․ չեն շինում, չեն նորոգում, ցանկապատում են, խոսելու տրամադրություն չունեն․ հասկանալի է, այս պատկերից ո՞ւմ խոսելն է գալիս։ 

Նույն փողոցի մյուս մայթին երեւում է Երեւանի օպերայի եւ բալետի պետական ակադեմիական թատրոնի շենքի նմանությամբ մի կառույց, որ տեղի արվեստի դպրոցն է՝ Արամ Խաչատրյանի անվան։

Պատուհաններից շատերի ապակիները չկան, դպրոցի շուրջբոլորը ռմբակոծության հետքեր են՝ լուսամուտների մետաղե ծռված ձողեր, քանդված մայթեր, վնասված պատեր։

Բայց հանկարծ երեք պայծառադեմ աղջնակներ են դուրս գալիս դպրոցից՝ ցածրիկ զրուցելով։ Ընկերուհիներ են՝ 12-ամյա Մկրտումյան Լաուրան, 10-ամյա Աղասյան Միլենան եւ 9-ամյա Սուլեյմանյան Մանեն։ Տուն են գնում պարի խմբակից։ Տարբեր պարեր են սովորում, բայց ամենաշատը սիրում են հայկականը։ Փոքրիկ Մանեն ու Լաուրան դեռ չեն որոշել՝ ինչ են ուզում դառնալ, Միլենան արդեն գիտի՝ բժշկուհի։ 


Ձախից՝ աջ՝ Մանեն, Լաուրան ու Միլենան

Լաուրան պատմում է՝ սկզբում շատ էր վախեցել, բայց հետո այդքան էլ չէ, որովհետեւ դուրս էին եկել քաղաքից, հեռվից չէր պատկերացնում՝ Արցախում ինչ է կատարվում․

«Պատերազմի առաջին օրը, որ փախել էինք, շատ էի վախեցել, գիտեի՝ վատ բաներ են լինելու, բայց հետո էդքան էլ չէ, դե չէի տեսնում, չէի պատկերացնում ոնց էր։ Բայց որ հողերը տվել էինք արդեն, էդ օրը ես ինձ շատ վատ էի զգում, լացում էի անընդհատ, գիտեի՝ արդեն կյանքի վերջն ա, ու կյանքում էլ չենք գալու ստեղ, ես էլ չեմ տեսնելու Մարտունին, ինձ թվում էր՝ ուր գնանք՝ թշնամիներ կլինեն, գիտեի՝ կյանքը չի շարունակվելու»։

Մինչ հայրը ռազմաճակատում է եղել, Լաուրան մոր եւ եղբոր հետ Երեւան է գնացել՝ բարեկամների տուն։ Պատերազմի ավարտից մեկուկես ամիս անց վերադարձել են․ տունը չի վնասվել․ «Մենք ապրում ենք ու կյանքը շարունակվում է»,- վստահ ասում է աղջիկը, ու երբ խնդրում եմ մի լուսանկար անել, առանց այո ասելու խնամքով հանում է գլխարկը, մեկնում ընկերուհուն, նրբորեն ուղղում մազերն ու սիրուն ժպտուն։


12-ամյա Լաուրան

Միլենայի ընտանիքից պատերազմին մասնակցել է հինգ տղամարդ՝ հայրը, երեք եղբայրներն ու հորեղբայրը։ Այս փոքրիկ աղջնակի ոչ միայն հայացքից է զգացվում, որ տան բոլոր տղամարդիկ հայրենիքի պաշտպաններ են, այլ խոսքից․ ընկերուհին հրթիռակոծությունն ու հրետակոծությունը ձուլած է ասում՝ հռեթակոծություն, Միլենան միանգամից ուղղում է՝ «էդ օրը Մարտունին չի հրթիռակոծվել, ռմբակոծվել ա»։  Մտածում եմ՝ շատ տխուր է, որ երեխան էս տարիքում սա պիտի տարբերի, բայց համ էլ զգում եմ՝ կոտրված չէ, շատ պինդ աղջիկ է։


10-ամյա Միլենան

«Երբ պատերազմը սկսեց, ես գիտեի՝ շուտ կավարտվեր, մեր հողերը չէին վաճառի, վստահ կվերադառնամ իմ հայրենիք, բայց․․․ չգիտեմ՝ ինչ ասեմ»,- հոգոց հանելով պատմում է Միլենան ու ասում, որ պատերազմից տասն օր անց վերադարձել են տուն․

«Հիմա հույս եմ տալիս ինձ, հույս ունեմ որ ամեն ինչ լավ կլինի, մեր հայրենիքի պաշտպաններն անփորձանք կվերադառնան»։

Իսկ ամաչկոտ Մանեն միայն տեսախցիկն անջատելուց հետո է շատ ցածրաձայն ասում, որ իր հայրը, հորեղբայրն ու պապը եւս մասնակցել են պատերազմին։


9-ամյա Մանեն

Հետո ինձ տանում է Մոնթեի արձանի մոտ, ու ցույց տալիս ռմբակոծության հետեւանքը․ արձանի շուրջբոլորը քանդված սալիկներ են։ Երեխաները պատմում են, որ երբ դեռ քաղաքում էին, ռմբահարության ժամանակ մարդիկ վազել, իրենց գցել են արձանի հետեւը, որպեսզի պաշտպանվեն բեկորներից։ Մոնթեն այս պատերազմին էլ այս կերպ է պաշտպանել մարդկանց։


Մոնթեի արձանից քիչ հեռու էլ Նժդեհի արձանն է, որ տեղադրվել է այս տարվա հունվարին։


Հայարփի Բաղդասարյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել