2020թ. մարզերում չի իրականացվել սուբվենցիոն 52 ծրագիր  |hetq.am|
14:43 - 15 մարտի, 2021

2020թ. մարզերում չի իրականացվել սուբվենցիոն 52 ծրագիր |hetq.am|

hetq.am: Մարզերում սուբվենցիոն ծրագրերի չիրականացման հիմնական պատճառները եղել են կորոնավիրուսը, երկրում հայտարարված ռազմական դրությունը և  համայնքների ֆինանսական միջոցների բացակայությունը: Որոշ համայնքներում աշխատանքներ չեն իրականացվել հայտարարված մրցույթներին մասնակից չլինելու պատճառով: Համայնքապետերն անորոշության մեջ են, չգիտեն՝ արդյոք այս տարի կկարողանան ծրագրերը կյանքի կոչել:

 

 

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ Արագածոտնի մարզի Ալագյազ համայնքի 11 բնակավայրերի համար նախատեսված էր կառուցել հանդիսությունների սրահ: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է մոտ 88 մլն դրամ, սակայն հայտարարված մրցույթներին մասնակից չի եղել: Նույնը նաև Գյումրիում: Այստեղ նախատեսված էր 188 մլն 397 հազար դրամի շրջանակներում իրականացնել բազմաբնակարան շենքերի էներգաարդյունավետության արդիականացման ծրագիր, սակայն հայտարարված մրցույթը չի կայացել մասնակից չլինելու պատճառով:

Նույն պատճառով տապալվել է նաև Քաջարան համայնքի բազմաբնակարան շենքերի էներգաարդյունավետության բարելավման ծրագիրը, որի արժեքը կազմել է մոտ 1 մլրդ 25 մլն դրամ:

Միայն մասնակից չլինելու պատճառով 2020թ. չի իրականացվել սուբվենցիոն 12 ծրագիր:

Որոշ ծրագրեր իրականություն չեն դարձել համայնքի ֆինանսական միջոցների բացակայության պատճառով: Մասնավորապես, Գեղարքունիքի մարզում տապալվել է սուբվենցիոն 5 ծրագիր, որից 2-ական ծրագիր՝ Ճամբարակ և Գավառ քաղաքներում, մյուսը՝ Սեմյոնովկա գյուղում: 5 ծրագրերից 4-ն իրականություն չեն դարձել համայնքների ֆինանսական միջոցների բացակայության պատճառով: Ծրագրերից մեկով պետք է վերանորոգվեին Ճամբարակի երկու բազմաբնակարան շենքերի տանիքները: Մյուսով վերանորոգվելու էին Թթուջուր, Վահան, Դպրաբակ բնակավայրերի վարչական շենքերի տանիքները և Ճամբարակ համայնքի վարչական շենքի 3-րդ հարկը:

Գավառում պետք է վերանորոգվեին շենքերի տանիքները, մուտքերը, իրականացվեին ջերմամեկուսացման աշխատանքներ:

Սեմյոնովկա համայնքի մշակույթի շենքի տանիքը վերանորոգելու համար նախահաշվային գումարը կազմել է մոտ 14 մլն դրամ, որի 55%-ը՝ 7 մլն 700 հազար դրամը համայնքի մասնաբաժինն է: Սեմյոնովկայի համայնքապետ Դավիթ Մնացականյանը «Հետք»-ի հետ զրույցում ասաց, որ 2020թ.-ին սպասվում էր, որ համայնքում պետք է խոշոր ներդրում լիներ: Մարդիկ խոշոր հողակտորներ էին գնել, պետք է հողի կատեգորիան փոխվեր, որի գումարով էլ պլանավորել էին վերանորոգել մշակույթի տան շենքի տանիքը, սակայն այդպես էլ ծրագիրն իրականություն չդարձավ:

«Հողերը գնել են, բայց կորոնավիրուսի, հետո պատերազմի պատճառով չեկան, որ կատեգորիան փոխեն, դրա համար էլ մուտքեր չեղան, չկարողացանք ծրագիրն իրականացնել: Տեղափոխել ենք այս տարվա վրա, ընկել, գումար եմ փնտրում, տեսնեմ՝ ով կաջակցի, որ կարողանանք տանիքը վերանորոգել»,-ասում է Դ. Մնացականյանը:

Ջերմուկ համայնքում էլ սուբվենցիոն ծրագրով նախատեսվում էր հիմնանորոգել և կառուցել քաղաքի ճոպանուղու շինությունները: Կառուցել և նոր էներգախնայող լուսատուներով փոխարինել Կեչուտ, Գնդեվազ, Հերհեր, Կարմրաշեն բնակավայրերի լուսավորության ցանցը: Սակայն, այստեղ էլ ծրագրերը չեն իրականացվել համայնքի ֆինանսական միջոցների բացակայության պատճառով:

Եղեգնաձորում նույնիսկ մրցույթ չեն հայտարարել քաղաքի Մյասնիկյան փողոցի վերանորոգման համար. համայնքի ֆոնդային բյուջեում բավարար չափով գումար չի եղել:

Նշենք, որ միայն համայնքի ֆինանսական միջոցների բացակայության պատճառով 2020թ.-ին չի իրականացվել սուբվենցիոն 14 ծրագիր:

Անորոշ վիճակ է նաև Կոտայքի մարզի Նոր Արտամետ համայնքում: Այստեղ 2020թ. սուբվենցիոն ծրագրով պետք է իրականացնեին համայնքի ճանապարհների մոտ 3000 քմ ասֆալտապատման աշխատանքներ: Համայնքն իր ֆինանսական պարտավորությունը կատարելու համար հայտարարել է հողերի աճուրդ-վաճառք: Երկու անգամ հայտարարություն են տարածել, սակայն գնորդ չի հայտնվել:

«Պատրաստվում ենք նորից աճուրդի հայտարարություն տարածել, եթե նորից մարդիկ ցանկություն չունեն հողեր գնելու, ուրեմն մեր ունեցածի չափով պիտի անենք»,- ասում է Նոր Արտամետի համայնքապետ Յուրա Հովհաննիսյանը:

Համայնքապետի խոսքերով՝ անցյալ տարի սուբվենցիոն ծրագրի մասնակցության համայնքի մասնաբաժինը 55% է եղել, սակայն այս տարի փոփոխություն է եղել, համայնքի մասնաբաժինը դարձրել են 70%, պետությանը՝ 30: Ծրագրի արժեքը կազմել է մոտ 35 մլն դրամ, և 24,5 մլն դրամը համայնքի համար լուրջ գումար է:

Շարունակությունը՝ hetq.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել