Վրաստանի ՆԳՆ-ն ՀՀ քաղաքացիների թրաֆիքինգի ենթարկվելու փաստ է հայտնաբերել |tert.am|
13:48 - 15 մարտի, 2021

Վրաստանի ՆԳՆ-ն ՀՀ քաղաքացիների թրաֆիքինգի ենթարկվելու փաստ է հայտնաբերել |tert.am|

tert.am: Վրաստանի ՆԳՆ սահմանապահ ոստիկանության աշխատակիցները Սամցխե-Ջավախեթիի շրջանի դատախազության աշխատակիցների հետ համատեղ իրականացված քննչական և օպերատիվ միջոցառումների արդյունքում Նինոծմինդայի մունիցիպալիտետում մարդկանց թրաֆիքինգի փաստ են բացահայտել: Այս մասին տեղեկանում ենք Վրաստանի ոստիկանության կայքից:

3 մարդու թրաֆիքինգով զբաղվելու մեղադրանքով ձերբակալվել են հայր ու որդի` 1960 թվականին ծնված Բ. Ծ-ն և 1994 թվականին ծնված Մ.Ծ.-ն:

Հանցագործությունը նախատեսում է առավելագույն պատժաչափ`12-ից 15 տարի ազատազրկում:

Քննությամբ պարզվել է, որ ամբաստանյալները 2015-2016 թվականներին ՀՀ 3 քաղաքացու խոստացել են աշխատանքային լավ պայմաններ, օգնել են հավաքել անհրաժեշտ փաստաթղթերը և իրենց մեքենաներով բերել են Վրաստան: Հանցագործները այս մարդկանց բերել են Նինոծմինդայի մունիցիպալիտետի գյուղերից մեկի մոտակայքում գտնվող անասնապահական ֆերմա, որտեղ նրանց սպառնացել են և ստիպել են աշխատել, նրանցից վերցրել են անձը հաստատող փաստաթղթերը և երկար տարիներ աշխատեցրել են առանց վարձատրության:

Բացի այդ, մեղադրյալները սահմանափակել են այս անձանց տեղաշարժը` նրանց հետևելով ինչպես անձամբ, այնպես էլ տեսախցիկների միջոցով` տանը և հարակից տարածքում: Հանցագործությունը իրավապահներին հայտնի է դարձել այն ժամանակ, երբ ՀՀ քաղաքացիներից մեկը կարողացել է փախչել ֆերմայից և փորձել ապօրինի հատել Վրաստանի պետական սահմանը Հայաստանի Հանրապետության ուղղությամբ, այդ ժամանակ նրան կանգնեցրել է սահմանապահ ոստիկանությունը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել