«4 օր է՝ միայն թեյ ու շաքարավազ ունեմ»․ Արտյոմ Երվանդյանը չի կարողանում վերադառնալ Մոսկվա՝ կնոջ ու որդու մոտ |hetq.am|
19:30 - 18 ապրիլի, 2020

«4 օր է՝ միայն թեյ ու շաքարավազ ունեմ»․ Արտյոմ Երվանդյանը չի կարողանում վերադառնալ Մոսկվա՝ կնոջ ու որդու մոտ |hetq.am|

hetq.am: 40-ամյա Արտյոմ Երվանդյանը 1997 թվականից ապրում է Ռուսաստանում։ Պարբերաբար գալիս է Հայաստան և նորից հետ գնում, սակայն վերջին 5 տարիներին մշտական բնակություն է հաստատել Մոսկվայում։ Այնուամենայնիվ, մինչ օրս Հայաստանի Հանրապետության քաղաքացի է։ Այս տարվա մարտի 7-ին եկել է Հայաստան անձնագրի ժամկետը թարմացնելու։ Նա նոր անձնագիրը ստացել է մարտի 30-ին, այսինքն՝ կորոնավիրուսի տարածման ակտիվ շրջանում։ Այս իրավիճակով պայմանավորված սահմանափակումների պատճառով էլ Արտյոմ Երվանդյանը չի կարողանում վերադառնալ Ռուսաստան՝ իր կնոջ և 12-ամյա որդու մոտ։

Այժմ նա ապրում է Երևանի Զավարյան փողոցի վրա գտնվող փոքր հյուրանոցում։ Գյումրեցի Արտյոմն ասում է, որ Հայաստան գալուց հետո իր մոտ եղած գումարը բավականացնում էր առավելագույնը միայն 10 օրվա համար, որոնք վաղուց արդեն սպառվել են։

«Հյուրանոցի տերերը խղճով մարդիկ են, գինը էժանացրել են, որ ես կարողանամ գոյատևել։ Էս ամբողջ ժամանակահատվածում այստեղ եմ մնացել, սակայն տերերը ինչքան էլ ընդառաջեն, արդեն պարտք եմ կուտակել։ Եթե էստեղ մնալով՝ իմ պարտքը կուտակվել է 60-70 հազար դրամի, հիմա տերը էժանացրել է օրական գումարի չափը՝ 3000-ից դարձրել է 2000 դրամ, ու կուտակված գումարի մեծ մասը զրոյացրել է։ Բայց էդ մարդկանց գոնե մի 20-25 հազար դրամ պետք է վճարեմ, որովհետև մի քիչ մարդկային էլ չէ։ Էստեղ մարդիկ չեն ապրում, ու որպեսզի ես փողոցում չմնամ, էդ մարդիկ գալիս են, ինձ համար շենքը բացում ու փակում են»,- պատմեց Արտյոմ Երվանդյանը։

Արտյոմը Ռուսաստանում խոհարարությամբ է զբաղվում, ասում է, որ եղել է ավագ խոհարար և ստացել է շատ բարձր աշխատավարձ, այնքան, որ կարողացել է Մոսկվայում միայն տան վարձի համար շատ հանգիստ վճարել 350 հազար դրամին համարժեք ռուբլի, ինչը Հայաստանում բավական մեծ գումար է։

«Կարողացել եմ իմ աշխատավարձով իմ փաստաթղթային հարցերը լուծել, սնվել, ապրել, ընտանիք եմ կազմել, Ռուսաստանից Հայաստան գումար ուղարկել։ Իմ եկամուտնեը սկսել էին կամաց-կամաց աճել, որ իմ հաշվարկներով՝ 4-5 տարուց կհասնեի այն մակարդակին, որ կմտածեի՝ Գյումրիու՞մ տուն առնեմ, թե՞ Երևանում կամ ասենք Գառնիում»,- ասաց Արտյոմ Երկանյանը:

Նա Հայաստանում որևէ սեփականություն չունի։ Եղբայրը նույնպես բնակվում է Ռուսաստանում, սակայն օգնելու հնարավորություն չունի, քանի որ մեկուսացման պայմաններում նրանց վիճակն էլ է ծանր։ Արտյոմ Երվանդյանը Մոսկվայում ապրում է կնոջ և 12-ամյա որդու հետ, որոնք ունեն Ռուսաստանի քաղաքացիություն։ Հարցին, թե չեն կարող Ռուսաստանից այստեղ գումար փոխանցել, Արտյոմն ասաց, որ տան միակ աշխատողն ինքն է եղել, և իր ընտանիքն էլ այժմ դժվարին վիճակում է։ 

«Իմ հետ Հայաստան բերած գումարի մի մասը ես հետ եմ ուղարկել նրանց, որովհետև էս պահին իրենց միակ եկամտի աղբյուրը երեխայի նպաստն է։ Դրա համար սիրտս մի քիչ հանգիստ է, որ նրանք էնտեղ գոնե ուտելու փող ունեն։ Իսկ տան վարձի հետ կապված՝ տանտիրոջը զանգեցի և խնդրեցի, որպեսզի վարձը չուզի, մինչև ես վերադառնամ, նորից աշխատեմ, կուտակված պարտքը քիչ-քիչ վերադարձնեմ։ Տանտերը հասկացավ ու ընդառաջեց»,- նշեց Արտյոմը։

 

Շարունակությունը՝ hetq.am-ում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել