Զանգելանի եւ Կուբաթլուի հանձնումով ապահովվեց ու երաշխավորվե՞ց Սյունիքի անվտանգությունը
20:29 - 15 մարտի, 2021

Զանգելանի եւ Կուբաթլուի հանձնումով ապահովվեց ու երաշխավորվե՞ց Սյունիքի անվտանգությունը

ՀՀ վարչապետի, ՌԴ եւ Ադրբեջանի նախագահների՝ արցախա-ադրբեջանական պատերազմը դադարեցնելու՝ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության առաջին կետով արձանագրված էր, որ կողմերը պետք է կանգ առնեն իրենց զբաղեցրած դիրքերում։

Տարածքներին առնչվող մյուս կետում նշված էր, որ Աղդամի շրջանը վերադարձվում է Ադրբեջանին՝ մինչեւ 2020 թվականի նոյեմբերի 20-ը, մինչեւ նոյեմբերի 15-ը՝ Քելբաջարի շրջանը, իսկ Լաչինի շրջանը՝ մինչեւ դեկտեմբերի 1-ը: 

Փաստացի՝ տարածքներն Ադրբեջանին հանձնվել են այս հայտարարության հիմքով, որտեղ Կուբաթլուի եւ Զանգելանի շրջանների մասին, ինչպես երեւում է, հիշատակում չկա։

Այս երկու շրջանների՝ հայկական վերահսկողության տակ եղող հատվածների շուրջ խնդրահարույց դրվագներ եղան։ Դրանց մասին ոչ մանրամասնորեն, սակայն հետագայում խոսեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Բայց, այնուամենյանիվ, անպատասխան մնացին հարցերը, թե ինչպես են մեր ուժերը հետ քաշվել մինչեւ այդ շրջաններ, ապա ինչ հիմքով ու երբ են հանձնվել հայտարարության ստորագրման պահին մեր վերահսկողության տակ եղող հատվածները, ու արդյոք հանձնելու նպատակը, որը հետագայում պարզաբանեց Փաշինյանը, արդարացվեց։

Ե՞րբ են հանձնվել Զանգելանի եւ Կուբաթլուի՝ մեր վերահսկողության տակ եղող հատվածները

Այսպես, 2020թ․ դեկտեմբերի 13-ին կառավարությունում Անվտանգության խորհրդի արտահերթ նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանը եւս արձանագրեց, որ երեք երկների ղեկավարների համատեղ հայտարարության մեջ որեւէ հիշատակում չկա այդ շրջանների մասին, որովհետեւ փաստաթղթի ստորագրման պահին այդ տարածքերը մեծ մասամբ ադրբեջանական ուժերի վերահսկողության ներքո են եղել․ այդ հատվածներում, Փաշինյանի խոսքով, պետք է տեղի ունենար սահմանների ճշգրտում: 

Օրեր անց սկսեցին շրջանառվել լուրեր, ըստ որոնց՝ Զանգելանն ու Կուբաթլուն այսուհետ ամբողջությամբ ադրբեջանական վերահսկողության տակ են։ 2020թ․ դեկտեմբերի 17-ին Սյունիքի մարզի Կապանի քաղաքապետ Գեւորգ Փարսյանը լրատվամիջոցի հետ զրույցում հայտարարեց, որ հաջորդ օրը՝ դեկտեմբերի 18-ին, Կապանի շահեկան դիրքերը հանձնվելու են ադրբեջանցիներին․

«Լուրը ճիշտ է: Դա մեզ համար ցավալի հրահանգ էր: Մեր շահեկան դիրքերը, որոնք զբաղեցրել էինք մինչեւ նոյեմբերի 9-ը՝ ապահովելով Կապանի համար անվտանգության գոտի, այսօր առավոտ արդեն հրահագնվել է, որ վաղը մինչեւ 17.00-ն պետք է լքենք, հետ նահանջենք ընդհանուր սահմանագծով։ Մեր հարակից շրջանը Զանգելանի շրջանն է, Գորիսի հարակից շրջանը Կուբաթլուի շրջանն է: Եռակողմ համաձայնագրի մեջ Կուբաթլուի եւ Զանգելանի շրջանների վրաբերյալ որեւ է բան չկա»։

Մոտ տասը օր անց՝ դեկտեմբերի 27-ին, Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցում Փաշինյանն անդրադարձավ այս հարցին՝ դարձյալ հայտարարելով, որ նոյեմբերի 9-ի հայտարարության ստորագրման պահին Կուբաթլուի եւ Զանգելանի շրջանների 90 եւ ավելի տոկոսը եղել է ադրբեջանական վերահսկողության ներքո։ Այդ համատեքստում, Փաշինյանի ուղիղ խոսքով, «եղել է բանավոր ըմբռնում, որ էդտեղ մենք պետք է սահմանային որոշակի կետերի ճշգրտում իրականացնենք, եւ այն ժամանակ, երբ պարզ է եղել, որ այս հարցի շուրջ կարող է բռնկվել պատերազմ, որը կարող է անցում կատարել դեպի Սյունիքի մարզ, մենք միջոցներ ենք ձեռնարկել Սյունիքի անվտանգությունն ապահովելու համար»։

Նույն հարցազրույցում Փաշինյանը վստահեցրեց, որ Զանգելանի եւ Կուբաթլուի հատվածներում որոշումը կայացվել է նոր պատերազմը կանխելու եւ Սյունիքի անվտանգությունն ապահովելու տրամաբանությամբ․

«Զանգելանի եւ Կուբաթլուի հատվածներում որոշում կայացվել է նոր պատերազմը կանխելու եւ այն տրամաբանությամբ, որ այդ պատերազմը, եթե կարող է էսկալիացիա տեղի ունենալ, անցում կատարի դեպի Սյունիքի մարզ, որը կարող է անվտանգային միջազգային համակարգերը չգործարկեն մեկ պատճառով, որ պարզվի, որ մենք ենք մեղավոր, որ այդ պատերազմը սկսվել է, օրինակ, ՀՀ-ին միջազգայնորեն չպատակնող տարածքում, եւ մենք ներքաշվել ենք ռազմական գործողությունների մեջ»,- ասաց Նիկոլ Փաշինյանն ու եւս մեկ անգամ կրկնեց, որ Զանգելանի եւ Կուբաթլուի հատվածները չհանձնելու համար պետք էր ներքաշվել մարտական գործողությունների մեջ, պետք էր նոր պատերազմ․

«Կարելի՞ էր պատերազմել այդ հատվածների համար, պե՞տք էր պատերազմել այդ հատվածների համար։ Էդ հարցին մի պատասխան կա, բայց էդ հատվածները, ցավոք սրտի, էդպես ձեւավորվել էր մեր ոչ թե հաջողության, այլ անհաջողության արդյունքում, մենք այդ կետից տասնյակ եւ հարյուր կիլոմետրերով առաջ ենք եղել, եկել հետ ենք հասել էդտեղ, եւ հարց է դրվում Սյունիքի անվտանգությունն ապահովելու մասին։ Այս որոշմամբ ոչ թե Սյունիքի համար սպառնալիք է ստեղծվել, այլ ապահովվել եւ երաշխավորվել է Սյունիքի անվտանգությունը»։

Փաշինյանը հարցազրույցում, փաստորեն, նշել է՝ Զանգելանի եւ Կուբաթլուի՝ մեր հսկողության տակ եղող հատվածները հանձնելու շուրջ բանավոր ըմբռնում է եղել։ Այսինքն՝ ըստ էության չի պահպանվել համաձայնագրի այն կետը, ըստ որի՝ կողմերը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում, եւ այդ դիրքերի ծառայողներն ու պաշտպանության մասնակիցներին հրամայվել է հետ քաշվել, ինչի մասին հայտարարել է Կապանի քաղաքապետը։

ՊՆ-ն ժամկետների խախտումով մերժում է տեղեկություն տրամադրել

2020թ․ դեկտեմբերի 23-ին պաշտոնական հարցմամբ դիմեցինք ՀՀ պաշտպանության նախարարություն՝ խնդրելով տրամադրել տեղեկություն՝ նոյեմբերի 9-ի դրությամբ հայկական զորքերը տեղակայվա՞ծ են եղել Զանգելանի եւ Կուբաթլուի շրջաններում, եթե այո, ապա մասնավորապես ո՞ր հատվածներում, եթե ոչ, ապա ե՞րբ են ամբողջությամբ հետ քաշվել նշյալ տարածքներից։ Խնդրել ենք պատասխանել նաեւ, թե ինչ հանգամանքներում, ինչ հիմքով, ինչ քննարկումների արդյունքում եւ երբ են հանձնվել Զանգելանի ու Կուբաթլուի այն հատվածները, որոնք, ինչպես ենթադրելի է վարչապետի խոսքից, նոյեմբերի 9-ի դրությամբ եղել են հայկական ԶՈՒ-երի վերահսկողության տակ։

Ավելի քան մեկ ամիս անց՝ 2021թ․ հունվարի 25-ին, ՊՆ-ն պատասխանեց, որ տեղեկատվության տրամադրումը մերժվում է՝ հիմք ընդունելով «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը (տեղեկատվություն տնօրինողը մերժում է տեղեկության տրամադրումը, եթե դա պարունակում է պետական, ծառայողական, բանկային, առեւտրային գաղտնիք), «Պետական եւ ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին կետը, 12-րդ հոդվածը (ռազմական բնագավառում պետական եւ ծառայողական գաղտնիքին դասվող տեղեկություններ) եւ ՀՀ կառավարության 13.03.1998թ․ N173 որոշմամբ հաստատաված ցանկի 2-րդ կետի պահանջները (զինված ուժերի ռազմավարական ծավալման մասին տեղեկությունները դասվում են պետական գաղտնիքի շարքին

Կառավարությունը եւս խուսափում է տեղեկություն տրամադրել

Քանի որ ՊՆ-ն մերժեց տեղեկություն տրամադրել եւ չպատասխանեց հարցերին, թե ինչ հանգամանքներում, ինչ հիմքով, ինչ քննարկումների արդյունքում եւ երբ են հանձնվել Զանգելանի ու Կուբաթլուի այն հատվածները, որոնք, ինչպես ենթադրելի է վարչապետի խոսքից, նոյեմբերի 9-ի դրությամբ եղել են հայկական ԶՈՒ-երի վերահսկողության տակ, նույն հարցադրումներով հարցում ուղարկեցինք նաեւ ՀՀ կառավարություն, որտեղից արձագանքեցին, որ հարցումը հասցեագրվել է Պաշտպանության նախարարությանը։

Ի դեպ՝ դեկտեմբերի 23-ին ուղարկած մեր այս հարցմանը պատասխանելու համար նախարարությունը խնդրել էր լրացուցիչ ժամանակ, ապա նոր 30-օրյա ժամկետի ընթացքում՝ հունվարի 25-ին, մերժել տեղեկության տրամադրումը։

Սակայն այս տեղեկությունը, որը նախարարությունը համարում է գաղտնի, ինչպես վերեւում նշել ենք՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ Կապանի համայնքապետ Գեւորգ Փարսյանը իրենց խոսքում ոչ ուղղակի, բայց հայտնել էին, ուստի փոքր-ինչ անհասկանալի է նույն հարցերի վերաբերյալ տեղեկության տրամադրումը մերժելը։ Բացի դրանից՝ «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ գրավոր հարցմամբ պահանջվող տեղեկության տրամադրումը մերժելու դեպքում այդ մասին տեղեկություն խնդրողին պետք է գրավոր տեղեկացնել 5-օրյա ժամկետում՝ նշելով մերժման հիմքը, ինչպես նաեւ դրա բողոքարկման կարգը։ Իսկ ՊՆ-ն մերժման հիմքի համար է խնդրել 30 օր, ինչն, ըստ էության, օրենքի խախտում է։

Հունվարի 28-ին մեկ այլ հարցումով դիմեցինք ՀՀ վարչապետին՝ ճշտելու՝ արդյոք հնարավո՞ր է բանավոր ըմբռնմամբ երկրորդ երկրին հանձնվեն Ստեփանակերտի մի հատվածը եւ Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Նռնաձոր բնակավայրի մի հատվածը՝ օրինակ։ Հաջորդ օրը ստանում ենք հարցման պատասխանը՝ «ոչ, հնարավոր չէ»։

Մինչ կառավարությունն ու նախարարությունը կպատասխանեին, կամ, ավելի ճիշտ, չէին պատասխանի հարցումներին, փետրվարին համացանցում հայտնվեց «Գորիս-Դավիթ Բեկ եւ Կապան-Ճակատեն ավտոճանապարհներով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների ու բեռների անվտանգ տեղաշարժի կազմակերպման մասին» վերտառությամբ հուշագիր, որի կետերից մեկով էլ սահմանվում էր, որ Զանգելանն ու Կուբաթլուն Ադրբեջանին պետք է հանձնվեն մինչեւ 2020թ․ դեկտեմբերի 18-ը։

«Հետք»-ն, անդրադառնալով այս հուշագրին, փետրվարի 20-ին գրել էր, որ կառավարությունը խուսափում է հստակ պատասխան տալ՝ համացանցում հայտնված այդ մեմորանդումը Գորիս-Դավիթ Բեկ եւ Կապան-Ճակատեն ճանապարհների վերահսկողության մասին իրակա՞ն է, թե՞ կեղծ: Լրատվամիջոցի հրապարակման համաձայն՝ գործադիր իշխանությունը չի հերքում դրա իրական լինելը:

ԱԺ աշխատակազմին Ազգային ժողովին վերապահված լիազորություններն առանձնացնելու համար մոտ 30 օր անհրաժեշտ եղավ

Զուգահեռաբար հարցումներ ուղարկեցինք նաեւ Հայաստանի եւ Արցախի խորհրդարաններ՝ խնդրելով պատասխանել՝ կա՞ն մեխանիզմներ ՀՀ վարչապետի կողմից բանավոր ըմբռնմամբ երկրորդ երկրին Ստեփանակերտի մի հատվածի հանձնման իրավիճակ ստեղծվելու դեպքում այդ գործընթացը կանխելու համար։ Արցախի Ազգային ժողովի նախագահ պարոն Արթուր Թովմասյանն անմիջապես կապ հաստատեց մեզ հետ՝ բանավոր պատասխանելով, որ ինքը նման իրավիճակ բացառում է, սակայն եթե երբեւէ այդպիսի դրություն ստեղծվի եւ Ստեփանակերտի՝ մերը մնալ-չմնալու հարց առաջ գա, ապա քաղաքի հանձնմամբ կարելի է համարել, որ Արցախն այլեւս չկա։ 

Հունվարի 28-ին ՀՀ Ազգային ժողով ուղարկած մեր հարցմանն ԱԺ աշխատակազմից պատասխանեցին, որ տեղեկությունը կտրամադրվի մինչեւ փետրվարի 27-ը։ Պատասխան, սակայն, խոստացած ժամկետում չստացանք։ Մարտի 3-ին կապ հաստատեցինք ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Աննա Գրիգորյանի հետ, որը տեղեկացրեց, որ հարցման պատասխանը կլինի։ Մարտի 5-ին դարձյալ կապ հաստատեցինք տիկին Աննա Գրիգորյանի հետ՝ տեղեկացնելով, որ հարցման պատասխանը չենք ստացել։ Վերջինս արձագանքեց, որ տեխնիկական խնդիր է եղել, պատասխանը կստանանք երեքշաբթի՝ մարտի 9-ին։ Մարտի 9-ին աշխատանքային ժամի ավարտին պատասխան դարձյալ չունեցանք, եւ քանզի ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալի աշխատանքային հեռախոսահամարին կատարած մեր զանգերը մնացին անպատասխան, կապ հաստատեցինք ԱԺ լրատվական բաժնի աշխատակցի հետ, որը խոստացավ խնդրի մասին տեղյակ պահել տիկին Աննա Գրիգորյանին։ Մարտի 10-ի առավոտյան ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալին եւս մեկ անգամ տեղեկացրինք, որ պատասխան դեռ չենք ստացել, ինչից ժամեր անց, ի վերջո, ստացանք պատասխան, որի բովանդակությունը հետեւյալն է․

«ՀՀ Ազգային ժողովին վերապահված լիազորությունները սահմանվում են ՀՀ Սահմանադրությամբ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքով, որի հոդված 1 կետ 3-ի համաձայն՝ ՀՀ Ազգային ժողովը վերահսկողություն է իրականացնում գործադիր իշխանության նկատմամբ»։

Փաստորեն, ՀՀ ԱԺ աշխատակազմին անհրաժեշտ եղավ 28 աշխատանքային օր՝ ուսումնասիրելու եւ առանձնացնելու Ազգային ժողովին վերապահված լիազորությունները։ «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ կետի 3-րդ ենթակետի համաձայն՝ 30-օրյա ժամկետում պատասխանում են միայն այն դեպքում, երբ գրավոր հարցման մեջ նշված տեղեկությունը տրամադրելու համար անհրաժեշտ է կատարել լրացուցիչ աշխատանք։ Թե վերոնշյալ պատասխանը տրամադրելու համար ԱԺ աշխատակազմը լրացուցիչ ինչ աշխատանք է կատարել, կիմանա միայն ԱԺ աշխատակազմը։

Զանգելանի եւ Կուբաթլուի հանձնումով ապահովվեց ու երաշխավորվե՞ց Սյունիքի անվտանգությունը

Ինչպես վերը մեջբերեցինք՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնաբանել էր, որ Զանգելանի եւ Կուբաթլուի՝ հայկական վերահսկողության տակ եղող հատվածները բանավոր ըմբռնմամբ հանձնելու որոշմամբ ոչ թե Սյունիքի համար սպառնալիք է ստեղծվել, այլ ապահովվել եւ երաշխավորվել է Սյունիքի անվատնգությունը։

Ռազմական գործողությունների ավարտից անցել է մոտ 4 ամիս, հիշյալ երկու շրջանների հանձնումից՝ 2 ամսից ավելի։ Այս ընթացքում Սյունիքում անվտանգային հարցերի մասին քննարկումները չեն դադարել, իսկ դրա համար եղել են նաեւ պատճառներ։

Առնվազն մի քանի օր առաջ՝ մարտի 5-ին, ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ասուլիսի ժամանակ լրագրողներին ցուցադրեց մի տեսանյութ, որտեղ երեւում է, թե ինչպես են Ադրբեջանի զինված ուժերը կրակոցներ արձակում ՀՀ Սյունիքի մարզի Կապան համայնքի Ագարակ եւ Եղվարդ գյուղերի միջնամասում՝ օրվա ցերեկային ժամերին։ Պաշտպանը նշեց, որ այդ հատվածից մինչեւ Ագարակ եւ Եղվարդ գյուղերը ուղիղ գծով մոտ 1 կմ է․ «Մենք ունենք այլ ապացույցներ եւս, որոնք հաստատում են ադրբեջանական զինված ուժերի արձակած կրակոցները»,- ասաց Թաթոյանը։

ՄԻՊ-ը հայտնեց, որ Ադրբեջանի զինված ուժերի կրակոցները շարունակվում են։ Ըստ Թաթոյանի՝ ՄԻՊ աշխատակազմի վերջին հարցումները ցույց են տալիս, որ վերջին օրերին նույնպես ադրբեջանական զինված ուժերը կրակոցներ են արձակել Ներքին Հանդ, Ագարակ ու Եղվարդ եւ մի շարք այլ գյուղերի հարեւանությամբ։

Կրակոցների մասին ՄԻՊ-ն ահազանգել է նաեւ հունվարին՝ նշելով, որ Սյունքի մարզի Կապանի Ճակատեն, Ներքին Հանդ, Շիկահող, Եղվարդ, Ագարակ, Ուժանիս գյուղերի անմիջական հարեւանությամբ ադրբեջանական զինվորականները կրակոցներ են արձակում փոքր, ինչպես նաեւ՝ խոշոր տրամաչափի զինատեսակներից` լինելով նաեւ հարբած վիճակում։

Անվտանգությունը վերին աստիճանի չէ նաեւ Սյունիքի՝ արդեն սահմանամերձ Որոտան եւ Շուռնուխ բնակավայրերում։ Հունվարի 4-ից Շուռնուխ համայնքի 12 տներ ադրբեջանական վերահսկողության տակ են։ Գյուղի այդ վիճահարույց հատվածում շուրջ 40 բնակիչ էր ապրում։ Շուռնուխի հայկական ու ադրբեջանական հսկողության տակ գտնվող հատվածներն իրար շատ մոտիկ են։ Խորհրդային քարտեզների հիման վրա սահմանների ճշգրտման հետեւանքով ադրբեջանական հսկողության տակ են անցել նաեւ Որոտանի որոշ հատվածներ, այդ թվում՝ համայնքապետի եղբոր տունն ու հարակից տարածքը, այգեգործական ընկերության տարածքում շուրջ 100 այգիներ։ 

Այսպիսով, փաստորեն, Զանգելանի ու Կուբաթլուի՝ մեր վերահսկողության տակ եղած հատվածները հանձնվել են՝ չնայած այն հանգամանքին, որ դրանց վերաբերյալ որեւէ նշում չի եղել եռակողմ հայտարարության մեջ։  Դրանք, դեպքերի համադրությունից ենթադրելի է, հանձնվել են դեկտեմբերի 18-ին։ Այդ օրը շրջանների հանձնման վերաբերյալ արձանագրում կա համացանցում շրջանառված հուշագրում, որի իսկության վերաբերյալ կառավարությունը հստակ պատասխան չի տալիս՝ այդպիսով չհերքելով դրա գոյությունը։ Կառավարությունն ու ՊՆ-ն մերժում են տեղեկություն տրամադրել հիշյալ շրջաններից մեր զորքերի դուրսբերման մասին, ընդ որում՝ ՊՆ-ն մերժում է խախտելով «Տեղեկատվության ազատության մասին» օրենքը։ Իսկ Ազգային ժողովին մոտ մեկ ամիս է անհրաժեշտ՝ ԱԺ-ին վերապահված լիազորություններն առանձնացնելու ու եռատող պատասխան տրամադրելու համար, եւ տասը օր՝ տեխնիկական խնդիրները լուծելու ու պատասխանն ուղարկելու  համար։ Իսկ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե հիշյալ տարածքները հանձնվել են՝ Սյունիքի անվտանգությունը երաշխավորելու համար, առնվազն խնդրահարույց է՝ վերջին ամիսներին այնտեղ տեղի ունեցող անհանգստացնող դրվագները դիտարկելու դեպքում։

Հայարփի Բաղդասարյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել