Ռազմագերիների վերադարձի հարցը քաղաքական հարթակում երաշխավորված չէ․ Սիրանուշ Սահակյան |hetq.am|
20:26 - 12 մարտի, 2021

Ռազմագերիների վերադարձի հարցը քաղաքական հարթակում երաշխավորված չէ․ Սիրանուշ Սահակյան |hetq.am|

hetq.am: Հարցազրույց Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների շահերի ներկայացուցիչ, իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը։

Հետպատերազմական շրջանում ռազմագերիներին վերադարձնելու համար աշխատանքներ են իրականացնում Հայաստանի Օմբուդսմենը և սակավաթիվ իրավապաշտպաններ: Միաժամանակ, ՀՀ վարչապետի որոշումով դեկտեմբերի սկզբին ստեղծվել է գերիների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողով, սակայն հանրությունը նրա գործունեության մասին քիչ է տեղեկացված:  

Կարծում եմ, ի սկզբանե ծանրաբեռնվածության մեծ մասը պետք է կրեր  միջգերատեսչական հանձնաժողովը, բայց փաստացի, մենք ևս չենք նկատել նրանց գոյությունը: Հանձնաժողովը քանի որ պաշտպանության նախարարության (ՊՆ) շրջանակներում է գործում, տեղեկատվության հասանելիության առումով պետք է անհամեմատ ավելի մեծ հնարավորություններ ունենար, բայց, որքան մեզ հայտնի է, ուղղակի որոշակի տեղեկատվական բազա են հավաքել: Ընդ որում, սկզբնաղբյուրը մեծապես եղել է այլ կառույցների գործունեությունը: Այն տեղեկատվությունը, որը ստացել են ՊՆ-ի խողովակներով, արտաքին հարաբերություններում օգտագործելի չէ, որովհետև այդ գործունեության հետևում լուրջ ուսումնասիրություններ չեն եղել: Ես գիտեմ, որ հանձնաժողովը որոշակի հանդիպումներ իրականացնում է պետական մարմինների հետ, բայց դրանց արդյունքում ի՞նչ պատկեր ունեն, ի՞նչ աշխատանքներ են տարվում, ի՞նչ հարցեր են քննարկվում, ի՞նչ քայլեր են իրականացվում, և դրանք ինչպե՞ս են ազդում իրավական և քաղաքական գործընթացների վրա, ուղղակի զրո տեղեկացվածություն ունենք: Միգուցե նաև ոչ թափանցիկ գործունեությունն է պատճառը, համենայնդեպս, որևէ նկատելի աշխատանք այդ գերատեսչության կողմից չի եղել։

Երբ ռազմագերիներին վերադարձնելու հարցում պետության ներսում միասնական մոտեցում չկա կառավարության և այդ հարցով զբաղվող այլ ինստիտուտների միջև, մեկը մյուսից իրազեկված չեն և միմյանցից անջատ են գործում, հնարավո՞ր է հաջողության հասնել:

Աշխատանքը համակարգելու բաց կա, և այն որոշակի խնդիրներ է առաջ բերելու: Մենք նման անհամապատասխանություն տեսնում ենք արտգործնախարարության, պաշտպանության նախարարության և ԱԱԾ-ի դիրքորոշումների մեջ։ Որոշ կառույցներ հայտարարում էին, որ այս տվյալները պետք է փակ պահվեն, որովհետև դրանց բաց լինելը վնասում է գործընթացին: Մինչդեռ քաղաքական ճնշման ձգտող կառույցները փորձում են ավելի հրապարակային խոսել դեպքերի մասին ու դրանով ակնկալել միջազգային կառույցների ներգրավվածությունը: Եթե դու թվեր, անձեր չես ներկայացնում, դժվար է միջազգային կառույցներին համոզել, որ խնդիր կա, և նրանք պետք է ներգրավվեն։ Այստեղ կար դիրքորոշումների տարբերություն, որը նաև ոչ պետական անձանց կամ կազմակերպություններին հնարավորություն չէր տալիս հետևողական գծի մեջ լինել։ Մենք աշխատում ենք Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) Հայաստանի լիազոր ներկայացուցչի գրասենյակի հետ, որովհետև չենք կարող ՄԻԵԴ տարվող գանգատների կրկնություն թույլ տալ: Այս տեսանկյունից իրավական հարթակում համակարգումն ապահովում ենք, որպեսզի մեր շահերը չվնասվեն, բայց նույնը չենք կարող ասել քաղաքական կառույցների կամ Կարմիր խաչի միջազգային կազմակերպության հետ տարվող աշխատանքների մասին: Համոզված չենք, թե հետևողական գիծ կա որդեգրված, որ կարողանում են ճիշտ ձևով համակարգել այդ գործողությունները և ուղենիշներ տալ։

Ձեր կարծիքով, ռազմագերիներին և գերիներին վերադարձնելու հարցում Հայաստանն ինչո՞ւ չունի միջազգային կառույցների ակտիվ աջակցությունը: Օմբուդսմենը մեծ աշխատանք է կատարում եվրոպական տարբեր կառույցներում՝ տարբեր ամբիոններից հնչեցնելով, որ Ադրբեջանը խախտում է միջազգային իրավունքը:

Առաջին պատճառը քաղաքական գործոնն եմ համարում, քանի որ միջազգային գործընկերները տեսան ռուսական կողմի միջնորդությամբ հարցերի լուծում, որոնք շատ ցավոտ էին հայկական կողմի համար, բայց հայկական կողմը գնաց դրան: Կարծես թե, համաձայնություն ձեռք բերվեց՝ «բոլորը բոլորի դիմաց» փոխանակման գործընթաց կազմակերպելու հարցում: Վերջիններս ապավինեցին, որ այս ձևաչափը, եթե քաղաքական զգայուն հարցերում կենսունակ է եղել, պետք է որ կարողանա լուծել դրանից ածանցվող մարդասիրական խնդիրները։ Իսկ մարդասիրական խնդիրների լուծումը չունի բարդության այն աստիճանը, ինչ քաղաքականը: Հետաքրքրական է, որ հայկական կողմն առաջինն ինքն էր փոխզիջումների գնում, և հետո առանց այս մարդասիրական հարցը լուծելու շարունակում էր զիջումների գնալ և բանակցություններ վարել այդ հարթակում։ Այս պայմաններում չեմ կարծում, որ միջազգային կառույցները, իրենց հեղինակությունը կասկածի տակ դնելով, փորձեն ինքնուրույն ներգրավվածություն ունենալ այդ պրոցեսներում, երբ տեսնում են, որ մեկ այլ պետության հեղինակությամբ հարցեր են լուծվում։

Երկրորդը՝ հարցը քաղաքականացվեց հենց այդ բանակցությունների արդյունքում, ռազմագերիների վերադարձի հարցը թաքուն կերպով կապվեց քաղաքական օրակարգի խնդիրների հետ: Հայաստանի իշխանությունն ընդունեց, որ բանակցությունների ընթացքում ռազմագերիների հարցում չկարողացան դրական տեղաշարժ արձանագրել, սկսեցին խոսել սակարկությունների մասին: Դա վկայում է, որ իրենք էլ են ընդունել խաղի այդ կանոնները, որ ռազմագերիների հարցը կարող է փոխկապվածություն ունենալ քաղաքական օրակարգի հարցերին։ Դրա հակազդեցությունն այն պետք է լիներ, որ մեծ աղմուկ բարձրացնեին և Ադրբեջանին մեղադրեին պատերազմական հանցագործություն կատարելու մեջ, քանի որ ռազմագերիների վերադարձը ձգձգելը ևս համարվում է պատերազմական հանցագործություն: Մինչդեռ, ոչ թե ներգրավեցին միջազգային կառույցներին, որ դատապարտեն այս գործողությունները, այլ շարունակեցին այդ քաղաքական հարթակում ասել, որ մենք ձախողում չունենք, աշխատում ենք, վստահություն է ձևավորվում և այլն: Հիմա էլ չեն ասում, որ այդ հարցը այս հարթակում չի կարող բանակցությունների առարկա լինել, այլ շարունակաբար այդ հարթակում դեռևս բանակցություններ են վարում: Հարցի գերքաղաքականացումը, խաղի կանոնների ընդունումը, իմ կարծիքով, երկրորդ պատճառն է:

Եվ երրորդը՝ մենք դիվանագիտական ոլորտում չկարողացանք ժամանակին ճիշտ տեղեկատվություն մատուցել այն կառույցներին, ովքեր կապահովեին արագ արձագանք: Տեղեկատվության հավաքագրումը, մշակումը շատ դանդաղ էր տեղի ունենում, որը կապված էր միջգերատեսչական հանձնաժողովի աշխատանքների անարդյունավետության հետ: Իրական խնդիրները նոր ենք հասանելի դարձնում միջազգային հանրությանը, և այս առումով կա որոշակի արձագանք: Ես կանխատեսում ունեմ, որ այդ արձագանքը կկոշտանա, ավելի կինտեսիվանա: Կարծում եմ, որ ստեղծված իրավիճակում, առանց միջազգային գործընկերների կոշտ արձագանքի, մենք իրական տեղաշարժ չենք կարող ապահովել։

Ստացվում է, որ իշխանությունները քաղաքական դաշտում Ռուսաստանի Դաշնության հետ են հարցի լուծումը պատկերացնում, Օմբուդսմենը միջազգային կառույցներին է ապավինում, իսկ իրավապաշտպանները ՄԻԵԴ-ի միջոցով են ուզում հաջողության հասնել։

Ես ճիշտ եմ համարում բազմազանեցումը (դիվերսիֆիկացումը), որովհետև մենք հասկանում ենք, որ Ռուսաստանը ներգրավված է քաղաքական պրոցեսներում և, եթե այդ պրոցեսում խնդիրը չի լուծվում, հայտնվում ենք փակուղում։ Քաղաքական պրոցեսներով հարցի լուծումը մեծապես կախված է պետության դիրքավորումից և իր ձեռքի տակ եղած լծակներից։ Եթե հայկական կողմը սթափ գնահատեր իրավիճակը և գիտակցեր, որ Ադրբեջանի համար ամենացանկալին երկու դիվերսանտներն էին, որոնց վերադարձնելու համար պատերազմին նախորդող տարիներին Ադրբեջանը մեծ ռեսուրս էր գործադրել, իրենք այդ բանակցային ուժը պետք է պահեին հայկական կողմի ձեռքերում: Դիվերսանտներին հանձնեին, երբ վերադարձել էր վերջին հայը կամ, առնվազն, երբ Ադրբեջանը կբացահայտեր գերիների ամբողջ ցուցակը, հրապարակային կհայտարարեր, որ Ադրբեջանում պահվում են այսքան գերեվարված անձինք, որոնք գերու կամ ռազմագերու կարգավիճակ ունեն: Այս ձևով գոնե մեծ պաշտպանություն կտայինք այդ անձանց։ Հիմա հայկական կողմը հանձնեց բոլորին և դրա դիմաց ստացավ գերիների շատ փոքր քանակ, չկարողացավ նաև երաշխավորված, պաշտոնականացված տեղեկատվություն ստանալ։ Ինձ թվում է, որ բանակցությունների ժամանակ, երբ հայկական կողմը ճիշտ չի գնահատել և նվազեցրել է իր դիրքավորումը, իսկ Ռուսաստանն առնվազն պետք է չեզոք լինի, չէինք կարող ակնկալել, որ երաշխավորված է խնդրի լուծումը քաղաքական հարթակում: Այդ հարթակում մեր պարտության հավանականությունը հիմա շատ ավելի մեծ է՝ կապված մեր թույլ բանակցային հիմքով։ Դրա համար ես շատ գրագետ եմ համարում, որ մարդու իրավունքների խնդիրներով զբաղվող կառույցների հետ պարբերաբար մեծ աշխատանք է տարել Օմբուդսմենը, և սա մեզ համար քաղաքական հարթակի բազմազանեցման այլընտրանքն է, որը եթե չստեղծենք, հայտնվելու ենք փակուղում, և այս գործընթացը կարող է տարիներ տևել։

Ինչպես նշեցիք, ռազմագերիների վերադարձը ձգձգելը պատերազմական հանցագործություն է համարվում և պետք է որ խնդիրներ ստեղծի Ադրբեջանի համար: Ինչո՞ւ Ադրբեջանը չի վերադարձնում և քաղաքականացնում է ռազմագերիների վերադարձի հարցը:

Այս քաղաքական օրակարգում զգայուն հարցեր կան, ընդհուպ հայկական զորքերի դուրսբերում Արցախի տարածքից, Կարմիր շուկայի ճանապարհի տրամադրում, որի ռազմավարական նշանակությունը հաշվի առնելով՝ Մարտունու տեսանկյունից բոլորովին այլ իրողություն է ստեղծվելու հայկական կողմի համար, նաև անկլավային խնդիրն ենք տեսնում այստեղ: Թեպետ չի բարձրաձայնվում, բայց այս գործընթացների հետևում, փաստացի, սահմանագծման աշխատանքներ են տարվում: Հասկանալի է, որ այս փուլերում, որքան էլ որ նախապես ստորագրված փաստաթղթեր կան, հայկական կողմը կարող է շեղել իր դիրքորոշումները կամ նույնքան պատրաստակամ չգտնվել զիջումների հարցում: Եվ որպես հնարավոր լծակ պահում են էմոցիոնալություն ունեցող այս զենքը, որն ինչ-որ իրավիճակում կարող են օգտագործել: Նշեմ, որ դա կարող է երկու իշխանությունների համար էլ ձեռնտու լինել, ընդ որում՝ փոխպայմանավորվածության արդյունք լինել: Եթե զիջումների գնալու ներքին տրամադրվածություն կա, բայց չկա անհրաժեշտ հանրային աջակցությունը, մարդկային տառապանքներն էսկալացնելով հետագայում կարող են այդ հանրային աջակցությունն ստանալ, որպեսզի բանակցություններում զիջումներ կատարելիս ավելի բարեհաջող դիրքում գտնվեն:

Շարունակությունը կարդացեք hetq.am-ում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել