Աշխատանքի կասկածելի առաջարկի հետքերով

Ֆեյսբուքյան տարբեր խմբերում, որտեղ մարդիկ աշխատանք են փնտրում կամ առաջարկում, կարելի է հանդիպել տարբեր օգտատերերի աշխատանքի հայտարարությունների, որոնք ունեն հետևյալ բովանդակությունը․

  • Միակ պրոյեկտը, որտեղ ժամանակդ անիմաստ չես վատնում։
  • 1 ամսում վստահ կարող ես աշխատել 200 դոլարից սկսած մինչև 1000 դոլար։
  • Վաճառքի հետ չունի ոչ մի կապ («Օրիֆլեյմ», «Ֆաբերլիկ» չէ)։ 
  • Բոթ չէ։
  • Դուք ունեք հնարավորություն գումար աշխատել հենց առաջին իսկ օրից։
  • Կանխիկացումը՝ միանգամից, «Visa» և «Master» քարտերով։
  • Գրեն ռեալ գումար աշխատել ցանկացողները։

Հայտարարության բովանդակությունը կասկածելի է թվում, քանի որ բացակայում են աշխատանքի նկարագրությունը, աշխատանքի ընդունվելու համար պահանջվող հմտությունները, աշխատանք առաջարկող կազմակերպության անվանումը։ Կասկածելի է նաև այն, որ, ըստ հայտարարության, առաջարկվող աշխատանքին անցնելով, հնարավոր է գումար վաստակել հենց առաջին օրվանից, իսկ ամսական վճարը կարող է կազմել 200-ից 1000 դոլար։

Infocom-ի լրագրողն այս աշխատանքն առաջարկող «Onlayn Asxatank» ֆեյսբուքյան օգտատիրոջը մի ամիս առաջ ներկայանում է որպես աշխատանք փնտրող՝ խնդրելով մանրամասնել պայմանները։ «Onlayn Asxatank» օգտատերը հարցնում է՝ ծանո՞թ եք ցանցային բիզնեսին։ Infocom-ի լրագրողն ասում է, որ ծանոթ չէ, և խնդրում բացատրել։

Պարզվում է, որ առաջարկվող աշխատանքը «Про100 Гейм» անունով ընկերությունում է, իսկ աշխատանքի նկարագրության փոխարեն «Onlayn Asxatank» օգտատերն ասում է հետևյալը․ « «Про100 Гейм» ֆիրման ստեղծվել է 2020 թվականին, այն ռուսական է։ Ֆիրման մեկանգամյա ներդրումային է, համագործակցում է «Visa», «Master» քարտերի հետ, չկա շոշափելի պրոդուկտ, ներդրված գումարների դիմաց ֆիրման տրամադրում է մեզ բիզնես ծառայություն անվճար»։

Այս ոչինչ չասող պատասխանից հետո Infocom-ի լրագրողը խնդրում է կոնկրետ ներկայացնել, թե աշխատանքի ընդունվելու պարագայում, բացի գումար ներդնելուց, որն է լինելու իր գործը։ Օգտատերը նրան ուղարկում է տեսանյութ, որտեղ ներկայացվում է «Про100 Гейм»-ի մարքեթինգ պլանը։ Իսկ մարքեթինգ պլանի էությունը հետևյալն է․ գրանցվելով կազակերպությունում՝ մարդը պետք է վճարի նվազագույնը 12,5 դոլար, որից 2,5 դոլարը գանձվում է գրանցման համար, իսկ 10 դոլարը «բիզնեսի համար արվող ներդրումն է»։ Դրանից հետո մարդու խնդիրն է գտնել ևս երկու հոգու, որոնք պատրաստ կլինեն նույնքան գումար ներդնել։ Իր հրավիրած անձանցից յուրաքանչյուրի ներդրումներից մարդը ստանում է 5% եկամուտ (ընդհանուր՝ 1 դոլար)։ Իսկ երբ այդ մարդիկ ևս գտնում են երկուական մարդկանց, որոնք կվճարեն յուրաքանչյուրը 12,5 դոլար (որից 2,5 դոլարը գրանցման համար գանձվող գումարն է), առաջին մարդը ստանում է նրանցից յուրաքանչյուրի ներդրած գումարի 95%-ը (բոլորը միասին՝ 38 դոլար)։ Այս շղթայում յուրքանչյուր մարդ կոչվում է «մատրից», և երկրորդ փուլում, երբ հրավիրվածների ընդհանուր թիվը հասնում է 7-ի, շղթան փակվում է։ Արդյունքում մարդը ստանում է 39 դոլար, որը սակայն, չի կարող ամբողջությամբ կանխիկացնել, քանի որ 10 դոլարը պետք է նոր ցիկլ սկսելու համար։ Այսպիսով, մարդը ներդնում է 12,5 դոլար, իսկ արդյունքում վաստակում 29 դոլար (ներառյալ Ռուսաստանից փոխանցման համար գանձվող գումարը)։

Կան նաև ավելի թանկ փաթեթներ, ամենամեծ ներդրումն արժե 2560 դոլար։

Ակնհայտ է, որ աշխատանքի առաջարկի խոստումներն ու իրական պատկերն իրար այնքան էլ նման չեն։ Փորձենք սա հասկանալ ամենաքիչ ներդրում պահանջող փաթեթի օրինակով․

  • ներդրված գումարի դիմաց եկամուտն այնքան էլ մեծ չէ․ ներդնելով 12․5 դոլար՝ մարդը, բացի իր նեդրած գումարի վերադարձից, հավելյալ ստանում է 16․5 դոլար,
  • գումար կանխիկացնելու համար պետք է հրավիրել մարդկանց, որոնք էլ իրենց հերթին կհրավիրեն այլ մարդկանց, ինչը ժամանակատար է, և դժվար թե հնարավոր լինի գումար կանխիկացնել աշխատանքի անցնելու հենց առաջին օրվանից։

Բացի այդ՝ կա մի նրբություն, որի մասին այս աշխատանքն առաջարկողները սկզբում չեն նշում․ գումար կարելի է կանխիկացնել միայն այն դեպքում, երբ հաշվի վրա ավելի քան 10 դոլար է, այսինքն՝ մարդը պիտի իր «բիզնես» հրավիրած լինի մի քանի հոգու։

Infocom-ի լրագրողը «Onlayn Asxatanq» օգտատիրոջից հետաքրքրվում է, թե արդյոք կազմակերպությունն ունի գրասենյակ։ Օգտատերը պատասխանում է, որ աշխատանքն առցանց է, պետք է միայն գրանցվել կազմակերպության կայքում։

Քանի որ և՛ աշխատանքի նկարագրությունը, և՛ կազմակերպությունը կասկածելի են, մեր լրագրողն «աշխատանքի է անցնում» այնտեղ, ներդնում 12,5 դոլար, գրանցվում «Про100 Гейм»-ի կայքում և ծանոթանում այդ, այսպես կոչված, ցանցային բիզնեսին, ներսից։

Infocom-ի լրագրողը կայքում գրանցվելուց և ներդում կատարելուց հետո հայտնվում է «Про100 Гейм»-ի աշխատակիցների տելեգրամյան խմբերում, որտեղ նրանք քննարկում են իրենց աշխատանքը, սովորաբար ոգևորում միմյանց և խրախուսում շատ մարդկանց հրավիրել, պատմում այն մասին, թե որքան գումար են կանխիկացրել։

Պարզվում է, որ տելեգրամյան այդ խմբերի մասնակիցներից գլխավորը Մերի Դանիելյանն է, որի թիմում, ըստ Infocom-ի լրագողին «Про100 Гейм» հրավիրած մասնակցի, կա 1000 մարդ։ Երբ մասնակիցները դժվարանում են մարդկանց հրավիրել, Մերի Դանիելյանից են հարցնում, թե ինչպես այս կամ այն բանը բացատրել, ապացուցել, որ կազմակերպությունն օրինական է։ Մերի Դանիելյանն է նաև հեղինակը յութուբյան հայերեն մի քանի տեսանյութերի, որոնցում բացատրվում է «Про100 Гейм»-ի մարքեթինգային պլանը։

Infocom-ի լրագրողը մասնակցում է կազմակերպության հայաստանյան անդամների վեբինարին «Zoom» հարթակում։ Վեբինարի ընթացքում ավագ մասնակիցները (նրանք, ովքեր արդեն շատ մարդկանց են հրավիրել, ինչպես նաև բացել են տելեգրամյան խմբերը, որոնցում ամեն օր նոր մասնակիցներ են ավելանում) նորեկներին բացատրում են աշխատանքի, մարդկանց գրավելու նրբությունները, պատասխանում նրանց հարցերին։ Պարզվում է, որ այն դեպքերում, երբ նոր եկած մասնակիցը չի կարողանում մարդկանց հրավիրել, ավելի վաղ ներգրավված մասնակիցների հետ եռակողմ քննարկում է կազմակերպվում, որի ժամանակ նորեկը լսում է, թե ինչպես է հին մասնակիցը համոզում մարդկանց գրանցվել և ներդրում անել։

 

«Про100 Гейм». ովքե՞ր են սեփականատերերը

Infocom-ի լրագրողը «Про100 Гейм»-ի անդամների տելեգրամյան խմբերում հայտնվելու հենց առաջին օրն այնտեղ տեսնում է կազմակերպության գրանցման փաստաթղթեր, որոնք ուղարկել են խմբի անդամները՝ նորեկներին ցույց տալու համար, որ կազմակերպության գործունեությունն օրինական է։

Պարզվում է, որ այդ փաստաթղթերն իրական են։ «Про100 Гейм» կազմակերպության հիմնադիրը Նիկոլայ Ժարիչևն է։ Կազմակերպությունը հիմնադրվել է ՌԴ-ում  2020-ի մայիսին 10․000 ռուբլի կանոնադրական կապիտալով և պաշտոնապես գրանցված է Ռուսաստանի Դաշնության իրավաբանական անձանց միասնական պետական ​ ռեգիստրում, գրանցման հասցեն Սանկտ Պետերբուրգ քաղաքն է։ Կազմակերպության տեխնիկական տնօրենը Եվգենի Պրոնյագինն է։

Ժարիչևի և Պրոնյագինի անունները կապվում են ռուսական ևս մի ընկերության հետ, որը կառուցվածքով շատ նման է «Про100 Гейм»-ին։

Այսպես, ՌԴ-ում 2019-ի հունիսին կրկին 10․000 ռուբլի կանոնադրական կապիտալով բացվում է «Инстагейм» ՍՊԸ-ն, որի հիմնադիրը և գլխավոր տնօրենը Եվգենի Դրաննիկովն է։ Ընկերության համասեփականատերեր են Եվգենի Պրոնյագինը և Նիկոլայ Ժարիչևը։ Ընկերության գրանցման հասցեն կրկին Սանկտ Պետերբուրգն է։

«Инстагейм»-ի կայքում գրանցվելիս, ըստ հիմնադիրների, մարդիկ կարող են «Ինստագրամ»-ի իրենց էջերը զարգացնելու համար նախատեսված առցանց վիդեոդասընթացներ ստանալ։ Կայքում գրանցված մարդիկ «Ինստագրամ»-ում դառնում են միմյանց հետևորդներ, հավանում միմյանց հրապարակումները, մեկնաբանություններ թողնում, ինչի արդյունքում էջերն ակտիվանում են, հետևորդների թիվն ավելանում է։ Բայց այս ամենն ունենալու համար պետք է բաժանորդավճար տալ։ Իսկ եթե մարդը հրավիրում է այլ անձանց, և նրանք իրենց հերթին գնում են մեկ ամսվա կամ ավելի մեծ ժամանակահատվածի համար նախատեսված փաթեթներ, հրավիրողը  նրանց վճարներից ստանում է եկամուտներ։ Մի խոսքով, շեշտը դրված է «Ինստագրամ»-ի վրա, բայց գումար աշխատելու սխեման շատ մոտ է «Про100 Гейм»-ին․ մարդը գնում է ինտերնետ ծառայության փաթեթ, հրավիրում այլ մարդկանց, որոնք նույնպես գնում են այդ փաթեթը, և նրանց վճարներից գոյացած գումարից որոշակի տոկոսներ է ստանում։

Հետարքիրն այն է, որ չնայած «Инстагейм»-ի կայքում նշված է, որ այն օրինական գրանցում ունի, «Инстагейм» ՍՊԸ-ն պաշտոնապես լուծարվել է 2020-ի սեպտեմբերի 30-ին։ 

«Инстагейм»-ի հիմնադիր Դրաննիկովին է պատկանում ևս մի ընկերություն՝ «Интернет решения»-ն։ Ըստ ռուսական պետռեգիստրի տվյալների՝ այս ընկերությունը հիմնադրվել է 2016-ի մարտին և այս պահին գործում է։ Ընկերությունը գրանցված է Սանկտ Պետերբորգում, ինչպես «Инстагейм»-ը և «Про100 Гейм»-ը։ «Интернет решения»-ի համասեփականատեր է նաև Եվգենի Պրոնյագինը։

«Инстагейм»-ի  կայքի «Գաղտնիության քաղաքականություն» բաժնում նշված է, որ կայքի ադմինիստրատորը «Инстагейм» ՍՊԸ-ն է, և բաժնում գրված է այդ ՍՊԸ-ի հասցեն, իսկ «Օգտագործման կանոններ» բաժնում կայքի ադմինիստրատորի նկարագրության մեջ նշված է «Интернет решения» ՍՊԸ-ի գրանցման հասցեն։ «Инстагейм»-ը փաստացի չի գործում, բայց կայքի հիմնադիրները, փաստորեն, այն ներկայացնում են որպես գործող, օրինական գրանցում ունեցող կազմակերպություն։ 

Դրաննիկովի ընկերությունների հետ կապված են ևս մի քանի գործող և արդեն լուծարված ընկերություններ։ Այդ ընկերություններում սեփականատերեր են կա՛մ Դրաննիկովը, կա՛մ «Инстагейм» և «Интернет решения»-ի համասեփականատեր, «Про100 Гейм»-ի անդամ Եվգենի Պրոնյագինը։ Այս ընկերություններին միավորում է այն, որ գրանցված են (կամ եղել են) Սանկտ Պետերբուրգ քաղաքում, և նրանց գործունեությունը ծավալվում է ինտերնետ հարթակներում։

«Про100 Гейм»-ի անդամների պնդումները, թե կազմակերպությունն ունի օրինական գրանցում, փաստորեն, ճիշտ են։ Բայց չնայած այն փաստին, որ ընկերությունը պաշտոնապես գրանցվել է 2020-ի մայիսի 6-ին, Հայաստանում կան մարդիկ, որոնց ֆեյսբուքյան էջերում նշված է, որ «Про100 Гейм»-ում աշխատանքի են անցել, օինակ, դեռևս 2020-ի ապրիլին։ Բացի այդ՝ ընկերության յութուբյան ալիքում մարքեթինգային պլանը բացատրող տեսանյութեր սկսել են հրապարակվել դեռևս 2020-ի փետրվարից։ Փաստորեն, կազմակերպությունում սկսել են անդամներ ներգրավվել դեռ այն ժամանակ, երբ այն պաշտոնապես գրանցված չի եղել։

Համաձայն ռուսական «За честный бизнес» կայքի, որի նպատակն է  ՌԴ-ում գործող կազմակերպությունների տվյալները հասանելի դարձնել հանրությանը, «Про100 Гейм» կազմակերպության վարկանիշը ցածր է։ Կազմակերպությունները մշտադիրտարկելիս պորտալն օգտվում է Ռուսաստանի Դաշնության Կենտրոնական բանկի, Դաշնային հարկային ծառայության, արբիտրաժային դատարանների և այլ տվյալներից:

 

Ի՞նչ միջոցներով է գործում «Про100 Гейм»-ը

Infocom-ի լրագրողը փետրվարի 8-ին մասնակցում է «Про100 Гейм»-ի հիմնադիր Նիկոլայ Ժարիչևի հետ «Zoom» հարթակում անցկացված հանդիպմանը, որի ընթացքում Ժարիչևը խոսում է այն մասին, թե ինչ միջոցներով է գոյատևում իրենց կազմակերպությունը։ Ըստ Ժարիչևի՝ «ինքն էլ է խաղի մեջ», այսինքն՝ ներդումներ է անում, մարդկանց հրավիրում և նրանց ներդրումներից գումար վաստակում։ Բացի այդ՝ կազմակերպությունը յուրաքանչյուր մասնակցի գրանցումից 2,5 դոլար եկամուտ է ստանում։ Ժարիչևի խոսքով՝ հենց այդ միջոցներն էլ ապահովում են «Про100 Гейм»-ի գործունեությունը։ Ներկայացնում ենք խոսակցության տեսագրությունը (կարող եք դիտել տեսանյութի 03:41- 04:00 և 06:18- 07։08 րոպեները

Ժարիչևը հանդիպման ժամանակ նաև ասում է, թե գրանցման համար 2,5 դոլար վճարելուց հետո մասնակիցներն ուրիշ որևէ վճար չեն անում, իսկ արվող սկզբնական ներդումը (10 դոլար կամ ավելի՝ կախած փաթեթից) մեկանգամյա է։ Բայց իրականում, եթե ուշադիր նայենք կազմակերպության մարքեթինգային պլանը, կհասկանանք, որ ներդրված ողջ գումարը չէ, որ բաշխվում է մասնակիցների միջև, և կազմակերպությանն անցնող գումարն անհամեմատ ավելի մեծ է։ 

Ներկայացնենք սա ամենաէժան փաթեթի օրինակով։ Այսպես, երբ որևէ մեկը, ներդնելով 10 դոլար, հրավիրում է երկու հոգու, նրանք էլ հրավիրում են յուրաքանչյուրը երկու հոգու, և հրավիրվածների թիվը հասնում է 7-ի, ցիկլը փակվում է։ Բայց առաջին մարդը չի կարող կանխիկացնել իր «վաստակած» ողջ գումարը, քանի որ 10 դոլարը պահվում է հաջորդ ցիկլը սկսելու համար։ 

Կարող եք մտածել, թե մասնակցի եկամտից պահվող 10 դոլարն անցնում է իրեն հրավիրած մարդուն, բայց դա այդպես չէ, քանի որ մասնակիցն ամենասկզբում արդեն ներդրել է 10 դոլար, որից իրեն հրավիրողը եկամուտ է ստացել։ Հետևաբար, ամենահավանական տարբերակն այն է, որ նոր փաթեթի համար պահվող 10 դոլարն անցնում է կազմակերպությանը։ 

Իսկ երբ այդ 10 դոլարով, կազմակերպության անդամների լեզվով ասած, «բացվում է նոր մատրիցա», և մասնակիցը հրավիրում է ևս 6 հոգու՝ փակելով ցիկլը, նա իր վաստակած 39 դոլարից կարող է կանխիկացնել միայն 9 դոլար, քանի որ նրա եկամուտն ավտոմատ ուղղվում է մեկ 10 դոլարանաոց և մեկ 20 դոլարանոց փաթեթներ գնելուն, որոնցով կսկսվեն նոր փուլեր։ Ակնհայտ է, որ այդ ամբողջ ընթացքում իր վաստակած գումարի ուղիղ կեսը մարդը չի կարողանում կանխիկացնել, այլ ավտոմատ կերպով գնում է նոր փաթեթներ։ ժարիչևի պնդումը, թե սա մեկանգամյա ներդրում է, սուտ է, որովհետև մասնակիցներն իրենց վաստակած գումարներից կազմակերպությունում շարունակ ներդրումներ են անում։

Հանդիպման ժամանակ «Про100 Гейм»-ի հիմնադիր Ժարիչևն անդրադառնում է նաև հարցին, թե արդյոք հնարավոր է վերադարձնել ներդրված գումարը, եթե մասնակիցը չի կարողանում նոր մարդկանց հրավիրել և գումար աշխատել։ Ժարիչևը բերում է առցանց գիրք գնելու օրինակը․ եթե որևէ մեկը գումար է վճարել և առցանց գիրք գնել, հետո այն նրան դուր չի եկել, չի նշանակում, թե առցանց գիրք վաճառող կազմակերպությունը պետք է վերադարձնի նրա գումարը։ 

Ըստ Ժարիչևի, գրանցվելով իր կազմակերպությունում և ներդրում անելով, մարդիկ հասանելիություն են ունենում կազմակերպության դասընթացներին, կրթվում, ինչպես նաև, մարդկանց հրավիրելով, գումար աշխատելու հնարավորություն ստանում։ Հենց դրա համար է, որ կազմակերպությունը չի վերադարձնում մարդկանց ներդրումները, եթե նրանք չեն կարողանում գումար աշխատել (կարող եք դիտել տեսանյութի 16։58-18։19 րոպեները

Ժարիչևի այս բացատրությունը կարող էր արդարացված լինել, եթե այդ դասընթացներն իրոք ունենային այն արժեքը, որքան դրանց համար վճարում են մարդիկ։ Երբ Infocom-ի լրագրողը գրանցվում է կայքում և իր վճարած գումարին համարժեք դասընթացների հասանելություն ունենում, ընդամենը մի քանի տեսանյութ դիտելուց հետո հասկանում է, որ այդ դասընթացներն ուղղակի միջոց են՝ ավելի շատ մարդկանց հրավիրելու համար։ Այդ տեսանյութերում բացատրվում է, թե ինչպես կարելի է սոցցանցերի (հիմնականում՝ «Ինստագրամ»-ի) էջերը գրավիչ դարձնել, հրապարակումները ճիշտ անել, նկարները մշակել, սոցցանցերում գովազդ տեղադրել և այլն։ Այսինքն, այս ամենը կնպաստի, որ մարդը կարողանա շատ հետևորդներ ունենալ և իր հրապարակումներն ու «բիզնես առաջարկներն» այնպես ներկայացնել, որ հնարավորինս շատ մարդկանց հրավիրի կազմակերպություն։

Փաստորեն, գրանցվելով «Про100 Гейм»-ում, մարդիկ գումար են վճարում այնպիսի դասընթացների համար, որոնք նրանց կօգնեն նոր մարդկանց հրավիրել կազմակերպություն։ Բացի այդ՝ չկա որևէ երաշխիք, որ ներդրում անելուց հետո հնարավոր է գումարը ետ բերել և հավելյալ գումար վաստակել։

«Про100 Гейм»-ի անդամների տելեգրամյան խմբերից մեկում Infocom-ի լրագրողը նկատում է մի անդամի, որը ներդրում է արել և չի կարողանում գումար վաստակել։

Այդ անդամի հետ անձնական նամակագրության ընթացքում նա պատմում է մեր լրագրողին, որ 6800 դրամ է վճարել և երբ մարդկանց է հրավիրել, հրաժարվել են կազմակերպությունում գրանցվել ներդրումների պատճառով։ 

«Ինձ ոսկե սարեր խոստացան, որ մենակ չես լինի, մեր հրավերն էլ է քեզ օգնելու, բայց ես դա չտեսա»,- գրում է տուժած մասնակիցը։

 

«Про100 Гейм»-ում կարող են ներգրավվել նաև անչափահասները

Infocom-ի լրագրողը «Про100 Гейм»-ի տելեգրամյան խմբերից մեկում նկատում է, որ մասնակիցները խոսում են կազմակերպությունում ներգրավված երեխայի մասին։ Կազմակերպության մասնակիցները խմբի անդամներին ասում են, թե 12 տարեկան երեխան  «մուտք է գործել մեծ բիզնես, գումարներ է վաստակում», և նրանք պետք է այդ երեխայից օրինակ վերցնեն։ Խմբում է նաև երեխայի մայրը, որն ասում է, թե ինքն է թույլ տվել նրան գրանցվել կազմակերպությունում։

«Про100 Гейм»-ի անդամներից մեկն էլ իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է խմբի նամակագրությունը՝ պատմելով  «մեծ բիզնես մուտք գործած 12-ամյա երեխայի մասին»։

 

Օրինակա՞ն է «Про100 Гейм»-ի գործունեությունը

Կազմակերպության հայաստանյան անդամների վեբինարի ընթացքում Infocom-ի լրագրողն ասում է, որ փորձել է մարդկանց հրավիրել, բայց նրանք չեն վստահել կազմակերպությանը և չեն ցանկացել ներդրում անել։ Ծավալվում է քննարկում, որի ընթացքում կազմակերպության անդամները սկսում են հերքել պնդումները, թե «Про100 Гейм»-ը կարող է ֆինանսական բուրգ լինել։

«Պիրամիդան՝ քո մուտքից ես էլ փող կաշխատեի, Զվարթն էլ ու տենց մինչև վերև։ Ինչքան ուզում ես, դու աշխատի, մենք քեզնից շատ էինք աշխատելու․․․ Եթե կա մի կամպանիա, որ քեզ առաջարկում են, ու քո մուտք լինելուց համարյա սաղ փող են աշխատում, իմացի՝ էդ ֆինանսական բուրգ ա»,- ասում է անդամներից մեկը։ 

Ներկայացնում ենք քննարկման ձայնագրությունից մի հատված։

Այս բացատրություն տվողն, ի դեպ, աշխատում է «Onyxum» ընկերությունում: Նա պնդում է, որ ինչպես «Onyxum»-ի, այնպես էլ  «Про100 Гейм»-ի գործունեությունն օրինական է, և այս կազմակերպությունները ֆինանսական բուրգ համարել չի կարելի։ 

«Onyxum»-ի գործունեության մասին, հիշեցնենք, գրել էր «Հետք»-ը։ «Հետք»-ին տված հարցազրույցում «Onyxum»-ի լիդերներից մեկը՝ Վահե Հովհաննիսյանն, ասել էր, թե «Onyxum»-ոչ մի կապ չունի «Վոդա» անունով կազմակերպության հետ, որի գործունեությունն Իրանում դադարեցվել էր ֆինանսական բուրգ լինելու պատճառաբանությամբ։ «Про100 Гейм»-ի անդամների վեբինարի ընթացքում, սակայն, «Onyxum»-ի աշխատակիցը պնդում է հակառակը․ «Ինձ «Onyxum»-ը առաջարկել են 6 տարի առաջ, էդ վախտ կոչվում էր «Վոդա», ինձ հազար հոգի ասել ա՝ շպրտոցի ա։ Ես էդ հազար հոգուն լսեցի, չգնացի, անցավ մի քանի տարի, նոր գնացի»։ 

Կարող եք լսել քննարկման ձայնագրությունից մի հատված։ 

ՀՀ քրեական օրենսգրքի 189․1 հոդվածով սահմանվում է, թե ինչ է ֆինանսական բուրգը․ «ֆինանսական բուրգը գույքի ներգրավմանն ուղղված գործունեություն է (բացառությամբ հատուկ թույլտվության (լիցենզիայի) հիման վրա իրականացվող լիցենզավորման ենթակա գործունեության), որով գույք ներդրող կամ ֆինանսական բուրգում առաջարկվող գույքի կամ ծառայության դիմաց վճարում կատարող անձանց առաջարկվող նյութական օգուտը պայմանավորվում է բացառապես նոր ներդրողների ներգրավումից ստացված գույքի հաշվին` առանց նշված գույքը իրական ձեռնարկատիրական գործունեության մեջ օգտագործելու մտադրության»:

Ֆինանսական բուրգը կամ դրա մի մասը ստեղծելը, կազմակերպելը կամ ղեկավարելը պատժվում են տուգանքով` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից ութհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` երկուսից երեք ամիս ժամկետով։ Ֆինանսական բուրգ ստեղծելու համար մարդիկ կարող են դատապարտվել ազատազրկման, եթե բուրգում ներգրավվել է խոշոր կամ առանձնապես խոշոր չափերով գումար կամ գույք, անձանց, կազմակերպություններին կամ պետությանը պատճառել է խոշոր չափի վնաս, օգտագործվել է պաշտոնեական դիրքը, ինչպես նաև բուրգը ստեղծել է կազմակերպված խումբը։

Ինչպես տեսնում ենք, «Про100 Гейм»-ի ծավալած գործունեությունը մոտ է ՀՀ օրենսդրությամբ Ֆինանսական բուրգի սահմանմամբ նկարագրված գործողություններին, քանի որ վերը նշված սխեմայից պարզ է դառնում, որ կազմակերպությունում գրանցվողների ֆինանսական եկամուտները գոյանում են բացառապես նոր մասնակիցների վճարներից, այսինքն՝ նրանք չեն անում որևէ աշխատանք, որի դիմաց կազմակերպությունը վճարում է նրանց։

«Про100 Гейм»-ի հիմնադիրները կարող են հակափաստարկ բերել, որ իրենց կազմակերպությունում ներդրում անողները վճարված գումարի դիմաց կրթական ծառայություններ են ստանում, այդ պատճառով էլ «Про100 Гейм»-ը ֆինանսական բուրգ չէ, բայց վերևում արդեն նշեցինք, որ այդ կրթական ծառայությունների նպատակը նոր մարդկանց ներգրավելուն նպաստելն է։

Քանի որ «Про100 Гейм»-ը ռուսական գրանցում ունի և Հայաստանում գրանցված չէ, հասկանանք, թե ֆինանսական բուրգ ստեղծելու և դրանում մարդկանց ներգրավելու մասով ինչ կարգավորումներ ունի ռուսաստանյան օրենսդրությունը։ Այսպես, ՌԴ Վարչական իրավախտումների օրենսգրքով սահմանվում է«Անձի կողմից ֆիզիկական կամ իրավաբանական անձանց միջոցներ կամ այլ գույք ներգրավելու գործողությունների կազմակերպումը կամ իրականացումը, որի ընթացքում եկամտի վճարումը կամ այլ արտոնությունների տրամադրումը այն անձանց, որոնց դրամական միջոցներն ավելի վաղ ներգրավվել են, իրականացվում են այլ ֆիզիկական կամ իրավաբանական անձանցից ներգրավված միջոցների հաշվին, պատժվում են 5 հազարից 1 միլիոն ռուբլի տուգանքով,  եթե այդ գործողությունները չեն պարունակում քրեական հանցագործություն»։

«Про100 Гейм»-ում ներգրավված են մարդիկ  ոչ միայն Ռուսաստանից և Հայաստանից։ Կազմակերպության կայքում նշված է, որ այն ունի 100 հազար անդամ 13 երկրից։ Ժարիչևի հետ առցանց հանդիպման ժամանակ էլ մասնակիցների մեջ կային մարդիկ Ուկրաինայից, Ղազախստանից, Թուրքիայից և այլ երկրներից։ 

Քանի որ «Про100 Гейм»-ը գործում է առցանց հարթակում, գրանցված չէ այն երկրներում, որտեղ կազմակերպության անդամներ կան։ Բայց այն փաստը, որ կազմակերպության գործունեությունը շատ մոտ է ֆինանսական բուրգի, կասկածելի է դարձնում նրա գործունեությունը ոչ միայն ՌԴ-ում, այլև Հայաստանում և այլ երկրներում։

Աննա Սահակյան, Նարեկ Մարտիրոսյան