Իշխան Սաղաթելյանը ներկայացրեց «Հայրենիքի փրկության շարժման» պատասխանը Արմեն Սարգսյանի առաջարկին


 |armenpress.am|
20:56 - 11 մարտի, 2021

Իշխան Սաղաթելյանը ներկայացրեց «Հայրենիքի փրկության շարժման» պատասխանը Արմեն Սարգսյանի առաջարկին |armenpress.am|

armenpress.am: «Հայրենիքի փրկության շարժման» համակարգող Իշխան Սաղաթելյանը ներկայացրեց Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի՝ քաղաքական ուժերին հանդիպման հրավիրելու առաջարկին շարժման պատասխանը:

«Շարժումը վերահաստատում է ճգնաժամի հաղթահարման իր ճանապարհային քարտեզը՝ վարչապետի հրաժարական, ժամանակավոր կառավարության ձևավորում, արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Հայտնում ենք նշված ձևաչափով և մեր առաջարկած օրակարգով քաղաքական խորհրդակցություններ անցկացնելու մեր պատրաստակամությունը։ Հանդիպումները պետք է անցկացվեն առաջնային մանդատով օժտված ՀՀ Ազգային ժողովում՝ հրապարակային, ուղիղ հեռարձակմամբ»,- հրավիրված ասուլիսում նշեց Սաղաթելյանը։

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը մարտի 10-ին տարածած հայտարարությամբ երկրում ստեղծված ներքաղաքական իրավիճակի քննարկման և ճգնաժամը հաղթահարելուն ուղղված փոխընդունելի լուծումներ գտնելու նպատակով ՀՀ վարչապետին, խորհրդարանական խմբակցությունների ղեկավարներին և Հայրենիքի փրկության շարժման ղեկավարներին մարտի 13-ին, ժամը 12:00-ին հրավիրել է հանդիպման նախագահական նստավայրում: 

ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը պատրաստակամ է  մասնակցելու նախագահ Արմեն Սարգսյանի նախաձեռնած հանդիպմանը՝ երկրում ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ քննարկման և լուծումներ գտնելու համար: ՀՀ ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն արդեն արձագանքել է նախագահի հրավերին: Խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը նշել է, որ ընդունում են հրավերն ու պատրաստ են մասնակցել ցանկացած քննարկման, որտեղ հնարավոր կլինի վերականգնել քաղաքացիական համերաշխությունն ու ուղիներ գտնել երկիրը խորը ճգնաժամից հանելու համար:  «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը նախագահ Արմեն Սարգսյանի հանդիպման հրավերի վերաբերյալ որոշում դեռ չի կայացրել: «Հայրենիքի փրկության շարժման» անդամ Իշխան Սաղաթելյանն «Արմենպրես»-ին հայտնել էր, որ հանդիպման հրավերի մասին քննարկում դեռ չեն ունեցել, կքննարկեն, որից հետո, եթե հարկ համարեն, հանդես կգան հայտարարությամբ: 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել