factor.am: Համացանցում տեսանյութ է տարածվել, ըստ որի՝ վարչապետի խորհրդական Աննա Վարդապետյանը ուղղումներ է կատարում ԱԺ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի և նրա որդու՝ Ռաֆիկ Հայրապետյանի նկատմամբ հարուցված քրեական գործի նյութերում։ Ըստ տեսանյութի և լրատվամիջոցների հրապարակումների՝ էլեկտրոնային նամակագրության մյուս կողմում քննիչ Արթուր Այվազյանը և քրեական ոստիկանության բաժնի պետ Ռուբեն Դավթյանն են։

Հայրապետյանի պաշտպան, փաստաբան Ամրամ Մակինյանը հայտարարել էր, թե դեպքի առնչությամբ գրավոր հաղորդում է ներկայացնելու Գլխավոր դատախազություն։

Գլխավոր դատախազությունից տեղեկացրեցին, որ նշվածի վերաբերյալ հրապարակումները դատախազությունն արձանագրել է իրականացվող մոնիթորինգի շրջանակում։

«Նախնական ուսումնասիրությունից հետո դրանք ուղարկվել են ՀՀ Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու, դրա շրջանակներում հրապարակումներում ներկայացված հանգամանքներն ստուգելու նպատակով: Դատախազություն ստացվել էր նաև հանցագործության մասին հաղորդում փաստաբանի կողմից այն ևս կուղարկվի ԱԱԾ՝ քրեական վարույթի մաս դարձնելու համար»,- ասվում է Դատախազության պատասխանում: