Շինարարների փողոցում 18 հարկանի 2 շենք կկառուցվի․ վթարային շենքի բնակիչները կվերաբնակեցվեն |hetq.am|
14:14 - 11 մարտի, 2021

Շինարարների փողոցում 18 հարկանի 2 շենք կկառուցվի․ վթարային շենքի բնակիչները կվերաբնակեցվեն |hetq.am|

hetq.am: Կառավարությունը մարտի 11-ի նիստում հավանություն տվեց «ՋիԷմ Քոնսթրաքշն» ՍՊԸ-ի կողմից ներկայացված` Շինարարների փողոց հ.23/9 հասցեում գտնվող 0.020193 հա մակերեսով հողամասում նախատեսվող ներդրումային-սոցիալական ծրագրին։ Ընկերության իրականացնելիք ծրագրի արդյունքում կլուծվի 3-րդ կարգի վթարային աստիճան ունեցող Շինարարների 23 հասցեի բնակիչների վերաբնակեցման հարցը, ինչպես նաև կբարեկարգվի և կկանաչապատվի 750 քմ մակերեսով տարածք:  

Ծարգրով առաջարկվում է 3-րդ կարգի վթարային աստիճան ունեցող շենքի հարակից հատվածում առկա համայնքային սեփականություն հանդիսացող հողամասն ուղղակի վաճառքի ձևով օտարել ընկերությանը՝ բազմաբնակարան շենքային համալիր կառուցելու նպատակով:

Առաջին փուլում ընկերությունը պարտավորվում է սեփականության իրավունքով իրեն պատկանող Շինարարների փողոցի 23/1 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքից տրամադրել մոտ 2000 ք/մ մակերեսով բնակելի տարածք՝ Շինարարների փողոցի 23 հասցեում բնակվող 3-րդ կարգի վթարային շենքի բնակիչներին վերաբնակեցնելու նպատակով:

«Այս փուլում նախատեսվում է կառուցել 11556 ք/մ ընդհանուր մակերեսով 18 վերգետնյա և 2 ստորգետնյա հարկ ունեցող բազմաբնակարան բնակելի շենք, որն ունենալու է 94 բնակարան և 22 ստորգետնյա ավտոկայանատեղի»,- հայտնեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը։

Ըստ Սուրեն Պապիկյանի՝ երկրորդ փուլում կապամոնտաժվի Շինարարների փողոցի 23 հասցեում գտնվող 3-րդ կարգի վթարային շենքը, տեղում կկառուցվի 16408 քմ մակերեսով 18 վերգետնյա և 2 ստորգետնյա հարկ ունեցող բազմաբնակարան բնակելի շենք: Նոր կառուցվող շենքից բնակիչներին կտրամադրվեն բնակարաններ, և կլուծվի նրանց վերաբնակեցման խնդիրը:

Քաղաքաշինության կոմիտեի ղեկավարն էլ հայտնեց, որ ուսումնասիրությունների արդյունքում հայտնի է դարձել, որ Հանրապետությունում առկա են 600-ից ավելի 3-րդ և 4-րդ կարգի վթարային շենքեր, որից մոտ 95-ը 4-րդ կարգի է։ Դրանց զգալի մասը գտնվում է Երևանում, Շիրակում և Լոռիում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել