Հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության համապատասխան պաշտոնատար անձանց կողմից առերևույթ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ
12:48 - 10 մարտի, 2021

Հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության համապատասխան պաշտոնատար անձանց կողմից առերևույթ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության վարույթում՝ «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում կատարված ապօրինի ծառահատումների և պաշտոնեական հանցագործությունների դեպքերի առթիվ քննվող քրեական գործով իրականացված բազմակողմանի քննությամբ տվյալներ են ձեռք բերվել՝ ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության համապատասխան պաշտոնատար անձանց կողմից առերևույթ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու վերաբերյալ: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։

Պարզվել է, որ 2018թ. նոյեմբերի 1-ին Հաղարծին համայնքի բնակիչն իրեն պատկանող «Գազ 53» մակնիշի բեռնատար ավտոմեքենայով ապօրինի կերպով ձեռք բերած փայտանյութ է տեղափոխել և ճանապարհին նրան կանգնեցրել են ոստիկանության Տավուշի մարզային վարչության Դիլիջանի բաժնի աշխատակիցները: Պարզելով, որ փայտանյութի օրինականությունը հիմնավորող փաստաթղթեր չկան՝ նշված բեռնատար ավտոմեքենան տեղափոխվել է ՀՀ ոստիկանության Դիլիջանի բաժնի հատուկ պահպանվող տարածք, և դեպքի առթիվ նախապատրաստվել են նյութեր, որը ենթակայությամբ ուղարկվել է ՀՀ ոստիկանության Տավուշի բաժին:

Քրեական կամ վարչական պատասխանատվությունից խուսափելու և ապօրինի կերպով ձեռք բերված փայտանյութն իբր օրինական ներկայացնելու նպատակով բեռնատարի վարորդը խնդրանքով դիմել է նույն համայնքի մեկ այլ բնակչի, որն էլ հիշյալ անձին օգնելու նպատակով դիմել է ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Դիլիջանի բաժնի պետին, ով, ընդառաջելով իրեն խնդրած անձին և առերևույթ չարաշահելով պաշտոնեական լիազորությունները, իր հերթին համաձայնություն է ձեռք բերել ՀՀ ոստիկանության Տավուշի բաժնի պետի հետ, որից հետո՝ պայմանավորվածությունների շրջանակում, բեռնատարի վարորդի կողմից վարույթն իրականացնող մարմնին է ներկայացվել կեղծ հաշիվ ապրանքագիր, որի հիման վրա` հետագայում որոշում է կայացվել այդ դեպքով քրեական գործ հարուցելը մերժելու մասին:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) 1-ին մասով, որն, ըստ քննչական ենթակայության, ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել