ՀՀ Կառավարությունը հայտարարություն է տարածել Օնիկ Գասպարյանին ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի պաշտոնից իրավունքի ուժով ազատված համարելու մասին, որը ներկայացնում ենք ստորև․

«Առաջնորդվելով ՀՀ Սահմանադրության և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի վերաբերելի դրույթներով՝ վարչապետի կողմից 2021թ. փետրվարի 25-ին Հանրապետության նախագահին էր ներկայացվել առաջարկություն՝ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին զբաղեցրած պաշտոնից ազատելու վերաբերյալ՝ կցելով համապատասխան հրամանագրի նախագիծը:

2021թ. փետրվարի 27-ին վարչապետի աշխատակազմ են մուտք եղել Հանրապետության նախագահի առարկությունները վերոնշյալ նախագծի վերաբերյալ:

Նախագահի կողմից ներկայացված առարկությունները վարչապետի կողմից չեն ընդունվել, ինչի մասին 2021թ. փետրվարի 28-ին գրություն է ուղարկվել Հանրապետության նախագահին՝ համապատասխան հիմնավորումներով:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 35.1-ին հոդվածի 3-րդ մասով սահմանված ժամկետներում Հանրապետության նախագահը չի ստորագրել վարչապետի կողմից ներկայացված նախագիծը և չի դիմել Սահմանադրական դատարան, հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 3-րդ մասը, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 35.1-ին հոդվածի 6-րդ մասը և նույն օրենքի 40-րդ հոդվածի 3-րդ մասը` 2021թ. մարտի 10-ից ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանն իրավունքի ուժով համարվում է ազատված զբաղեցրած պաշտոնից»։