Տրանսպորտում համաճարակային կանոնների պահպանման վերահսկողությունը խստացվում է |armenpress.am|
16:52 - 09 մարտի, 2021

Տրանսպորտում համաճարակային կանոնների պահպանման վերահսկողությունը խստացվում է |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում կորոնավիրուսով վարակվելու դեպքերի աճով պայմանավորված տեսչական մարմինները խստացնում են համաճարակային կանոնների պահպանման գործընթացը՝ վերակազմակերպելով իրենց աշխատանքը:  ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Արտյուշ Գրիգորյանը նշեց, որ Առողջապահական տեսչական մարմնի և Ճանապարհային ոստիկանության հետ մարտի 9-ից սկսել են վերահսկողական աշխատանքները:

«Սկսել ենք Երևանի Կենտրոնից, որովհետև մայրաքաղաքի երթուղիների ճնշող մեծամասնությունն անցնում է Կենտրոն վարչական շրջանով: Վերահսկողական աշխատանքները, հաջորդող օրերին, ավելի ինտենսիվ են լինելու: Պահանջելու ենք ուղեսրահներում ուղևորների կողմից դիմակների պարտադիր կրումը, ախտահանիչ նյութերի առկայությունը և գերբեռնվածության բացառումը»,-ասաց Արտյուշ Գրիգորյանը:

Բոլոր նշված պահանջները չկատարելու դեպքում կազմվելու են համապատասխան արձանագրություններ տեսչական մարմինների ու Ճանապարհային ոստիկանության կողմից: Տեսչական մարմինների կողմից երկու, երեք օրը մեկ պարբերականությամբ իրականացվելու են շրջայցեր երթուղիների հավաքակայաններում, ավտոկայարաններում հսկողություն իրականացնելու տրանսպորտային միջոցներն ախտահանելու գործընթացի նկատմամբ:

«Այսօր հիմնականում իրազեկման բնույթի գործողություններ ենք իրականացել, վարչական արձանագրություններ չեն կազմվել: Վաղվանից խստացվելու է վերահսկողությունը, անհրաժեշտության դեպքում կլինեն արձանագրություններ»,-ասաց Արտյուշ Գրիգորյանը:

Տեսչական մարմիններն ու Ճանապարհային ոստիկանությունն առաջին օրը կատարած հսկողության արդյունքում արձանագրել են բազմաթիվ դեպքեր, երբ ուղևորները, վարորդներն առանց դիմակի են, արձանագրվել են տրանսպորտային միջոցներ, որտեղ չկան ախտահանիչներ և այլն: Արտյուշ Գրիգորյանը նշեց, որ նախքան վերահսկողական աշխատանքները, նախորդ մեկ շաբաթվա ընթացքում կապ են պահպանել բոլոր երթուղիները սպասարկող կազմակերպությունների հետ, իրազեկել են, պարտադիր պահանջների կատաման ցուցումներ են տվել:

Խախտումների դեպքում կլինեն պատասխանատվության միջոցներ՝ տուգանքների տեսքով: Դիմակ չկրելու համար տուգանելու է Առողջապահական տեսչական մարմինը, գերբեռնվածության վերաբերյալ ճանապարհային ոստիկանությունը կիրառելու է վարչական պատասխանատվություն: Առանց դիմակի ուղևորներն իջեցվելու են տրանսպորտից: Գերբեռնվածության դեպքում տրանսպորտը կարող է տարվել տուգանային հրապարակ:

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հորդորում է քաղաքացիներին վերադառնալ դիմակների կրման խիստ ռեժիմի, վերջին երկու շաբաթվա ընթացքում կորոնավիրուսի դրական թեստերի թիվն աճում է:

Հայաստանում մարտի 8-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 175 016 դեպք, որոնցից 164 954-ն` առողջացման, 3 225-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին փաստացի բուժում է ստանում 6 008 պացիենտ: Մարտի 7-ին կատարվել է 2 465 թեստավորում, որոնցով հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 337 նոր դեպք: Գրանցվել է առողջացման 170 և մահվան 4 դեպք:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել