Արցախում պետությանը 194 միլիոն դրամից ավելի վնաս պատճառելու կասկածանքով քրեական գործ է հարուցվել
18:15 - 08 մարտի, 2021

Արցախում պետությանը 194 միլիոն դրամից ավելի վնաս պատճառելու կասկածանքով քրեական գործ է հարուցվել

Արցախի գլխավոր դատախազությունում քրեական գործ է հարուցվել պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունների անցմամբ և պաշտոնական փաստաթղթերի կեղծմամբ պետությանն առանձնապես խոշոր` ավելի քան 194 միլիոն դրամ գումարի չափով, գույքային վնաս պատճառելու ենթադրյալ հանցավոր դեպքերի վերաբերյալ:

«2020 թ. հունվարի 24-ին ԱՀ Հաշվեքննիչ պալատի կողմից ԱՀ գլխավոր դատախազություն ներկայացված նյութերի հիման վրա դատախազության պետական շահերի պաշտպանության բաժնում կատարված ուսումնասիրության և ստուգման արդյունքներով ի հայտ են բերվել պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունների անցման և պաշտոնական փաստաթղթերի կեղծմամբ պետությանը առանձնապես խոշոր` ավելի քան 194,0 մլն դրամ գումարի չափով, գույքային վնաս պատճառելու ենթադրյալ հանցավոր դեպքեր, որոնց կապակցությամբ սույն թվականի մարտի 5-ին նույն բաժնում հարուցվել է քրեական գործ ԱՀ քրեական օրենսգրքի 323-րդ հոդվածի 3-րդ մասով (պաշտոնեական լիազորություններն անցնելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ) և 345-րդ հոդվածի 2-րդ մասով (փաստաթուղթ կեղծելը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ) նախատեսված հանցանքների հատկանիշներով:

Քրեական գործով նախաքննությունն իրականացնում է ԱՀ գլխավոր դատախազության հատուկ քննչական բաժինը»,- նշված է ԱՀ գլխավոր դատախազության հաղորդագրության մեջ:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել