«Իմ քայլը» խմբակցության պատգամավորները դատապարտում են քաղաքական գործիչների տան դիմաց ծաղկեպսակներ դնելու երևույթը |armenpress.am|
13:01 - 05 մարտի, 2021

«Իմ քայլը» խմբակցության պատգամավորները դատապարտում են քաղաքական գործիչների տան դիմաց ծաղկեպսակներ դնելու երևույթը |armenpress.am|

armenpress.am: Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Հայկ Կոնջորյանը, Սուրեն Գրիգորյանը և Արուսյակ Ջուլհակյանը դատապարտում են քաղաքական գործիչների տների դիմաց ծաղկեպսակներ դնելու երևույթը: Այս մասին պատգամավորներն ասացին խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում`անդրադառնալով իրենց խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանի տան դիմաց ծաղկեպսակ դնելու դեպքին:

«Թե՛ նախկինում և թե՛ հիմա ես չեմ ողջունում նման գործելաոճը»,- ասաց Հայկ Կոնջորյանը` նկատի ունենալով նաև 2018 թ. թավշյա հեղափոխության ընթացքում արձանագրված նման դեպքերը:

Պատգամավոր Սուրեն Գրիգորյանը նշեց, որ քաղաքական գործիչների նկատմամբ կարող է լինել ամենակոշտ քննադատությունը, բայց իրենց քաղաքական գործունեության շրջանակներում:

«Երբևէ իրենց անձի դեմ ուղղված որևէ ճնշում անընդունելի է` անկախ այդ քաղաքական գործիչների քաղաքական ուժի պատկանելիությունից»,- նշեց Գրիգորյանը:

«Իմ քայլը» խմբակցության անդամ Արուսյակ Ջուլհակյանը հավելեց, որ նման երևույթներ առաջին անգամ ի հայտ են եկել ոչ թե 2018 թ., այլ 2008 թվականին՝  ներկայիս ընդդիմադիր գործիչների մասնակցությամբ:

«Նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանի տան դիմաց մի ամբողջ հուղարկավորության տեսարան էր կազմակերպվում օրեր շարունակ: Ես դատապարտել եմ այդ երևույթը 2008-ին, 2018-ին և դատապարտում եմ հիմա»,- ասաց Արուսյակ Ջուլհակյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել