Կորոնավիրուսի դեմ զանգվածային պատվաստումները Հայաստանում սկսվել են. 200 բուժաշխատող արդեն պատվաստվել է
 |armtimes.com|
19:35 - 04 մարտի, 2021

Կորոնավիրուսի դեմ զանգվածային պատվաստումները Հայաստանում սկսվել են. 200 բուժաշխատող արդեն պատվաստվել է |armtimes.com|

armtimes.com: ՀՀ առողջապահության նախարարությունը հույս ունի, որ մինչև հաջորդ շաբաթ Հայաստան կներկրվի ռուսական «Sputnik V»  պատվաստանյութի առաջին խմբաքանակը: Նախատեսվում է ձեռք բերել 15 000 դեղաչափ 7 500 մարդու պատվաստելու համար: Սկզբնական փուլում կամավոր հիմունքով կարող են պատվաստվել ռիսկի խմբերը՝ 65 և բարձր տարիքի անձինք, 16- 64 տարեկան քրոնիկ հիվանդները, բուժաշխատողները, սոցիալական խնամքի կենտրոնների աշխատակիցները։ Այս մասին ասաց Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի փոխտնօրեն Գայանե Սահակյանը:

Սահակյանը նշեց նաև, որ ՌԴ առողջապահության նախարարության կողմից Հայաստանը նվեր է ստացել պատվաստանյութի 2000 դեղաչափ՝ 1000 մարդու համար: Այժմ պատվաստումները սկսել են կորոնավիրուսով վարակվածներին բուժող բուժաշխատողների շրջանում: Պատվաստված բուժաշխատողների քանակն արդեն 200-ն է: 2020 թվականի մարտից 2021 թվականի փետրվարի դրությամբ կորոնավիրուսային հիվանդությամբ վարակվել է 5588 բուժաշխատող, որից 1697-ը բժիշկներն են, 2489-ը բուժքույրերը, 704 մայրապետեր, այլ աշխատակիցները 698:

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի փոխտնօրենը պատասխանեց նաև մեր մի քանի հարցին.

- Տիկին Սահակյան, նշեցիք, որ հիմա պատվաստվում են կորոնավիրուսով վարակվածներին բուժող բուժաշխատողները, հետպատվաստումյանը շրջանը նրանց մոտ ինչպե՞ս է անցել, արդյո՞ք եղել են որևէ ռեակցիաներ:

- Պատվաստվողներից մեկը ես եմ, և կարող եմ ասել՝ արտառոց որևէ բան չի գրանցվում, տեղային ռեակցիա գրանցվում է, բայց չէի ասի, որ գերակշռող մեծամասնության մոտ է դա եղել: 200 պատվաստված բուժաշխատողներից մի քանիսի մոտ էլ եղել են կարճատև ջերմային ռեակցիա, մինչև 38 աստիճան, բայց դա մաքսիմում 2 օր է տևել, դրանից հետո անցել է: Ջերմությունը նորմալ է, դա պատասխան ռեակցիա է:

- Կորոնավիրուսային հիվանդությունից ապաքինվելուց հետո որքա՞ն ժամանակ է անհրաժեշտ, որպեսզի մարդը կարողանա պատվաստվել և արդյո՞ք պատվաստվելուց առաջ կարիք կա ՊՇՌ թեստ հանձնել՝ գուցե մարդը վարակված է, բայց հիվանդությունը իր մոտ առանց ախտանիշ է ընթանում:

- Կարող են պատվաստվել ապաքինվելուց 14 օր հետո: Իրականում այո, մարդը կարող է գտնվել հիվանդության գաղտնի շրջանում և պատվաստվել, բայց արդեն հիվանդությունը իր մոտ բարդ չի ընթանա, ինքը չի մահանա, չի հոսպիտալացվի: Շատ կարևոր նրբություն էլ կա, մտածում են պատվաստվեցինք և վերջ, բայց պատվաստանյութը աշխատում է պատվաստվելուց հետո 10-րդ օրը, իսկ արդեն մեկ ամսվա վերջում ապահովում  է պաշտպանությունը: Պատվաստվելուց հետո կարևոր է նորից դիմակ կրել, կանոններին հետևել, որովհետև գուցե վարակը լինի մարդու կոկորդում և նա հետո վարակի շրջապատին:

- Այդ պատվաստանյութերը որքանո՞վ են արդյունավետ, որքանո՞վ կպաշտպանեն մարդկանց կորոնավիրուսային հիվանդությունից և կնվազեցնեն վիրուսի տարածումը:

- Եթե խոսենք պատվաստանյութերի ընդհանուր արդյունավետության մասին, ապա ընդհանրապես որևէ պատվաստանյութ 100 տոկոս պաշտպանություն չունի: Դա կախված է առաջին հերթին մարդու օրգանիզիմի առանձնահատկությունից: Ընդհանուր միջինացված թվերով դրանց արդյունավետությունը տարբեր է՝ սկած 70-ից մինչև 95 տոկոս: Օրինակ Սպուտնիկի առաջին դեղաչափի արդյունավետությունը եղել է 91 տոկոս, երկրորդ դեղաչափինը, համաձայն որոշ գրականության տվյալների, 94 տոկոս: Ասել, որ պատվաստումների դեպքում վիրուսը կնահանջի, վաղ է: Ամբողջ աշխարհում զանգվածային պատվաստումներ պետք է արվեն նաև, որպեսզի հնարավոր լինի խոսել վիրուսի շրջանառության վրա ազդելու մասին: Դրա համար հիմա աշխարհի բոլոր երկրեների և մեր նպատակը մեկն  է՝ նվազեցնել մահացությունը, կանխել բարդությունները: Ոչ ոք դեռևս չի պայքարում, որ վիրուսի շրջանառությունը միանգամից ընդհատվի:

- Իսկ արդեն վարակված եւ ապաքինված մարդիկ, որոնք ձեռք են բերել հակամարմիններ, պատվաստվելու կարիք ունե՞ն:

- Այո, ունեն, քանի որ այդ հակամարմինները գուցե մարդկանց որոշ չափով պաշտպանում են վարակվելուց, բայց դա բավարար չէ եւ լիարժեքին մոտ պաշտպանություն ապահովում է միայն պատվաստանյութը: 

Կարդալ ավելին՝ armtimes.com-ում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել