Առաջիկայում կգործարկվի շուրջ 400 ծառայությունների էլեկտրոնային մատուցման հարթակը․ Ավինյանն ընդունել է Մոլինեուսին
19:20 - 04 մարտի, 2021

Առաջիկայում կգործարկվի շուրջ 400 ծառայությունների էլեկտրոնային մատուցման հարթակը․ Ավինյանն ընդունել է Մոլինեուսին

Մարտի 4-ին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է Համաշխարհային բանկի (ՀԲ) Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Սեբաստիան Մոլինեուսի հետ: Հանդիպմանը մասնակցել է նաև ՀԲ-ի Երևանի գրասենյակի ղեկավար Սիլվի Բոսութղոն:

Փոխվարչապետն արտահայտելով իր գոհունակությունը ՀԲ-ի հետ ընթացող համագործակցության կապակցությամբ, ինչպես նաև ընդգծելով, որ ՀԲ-ը Հայաստանի կարևոր գործընկերներից է, որի հետ համատեղ աշխատանքն առանձնանում է դրական արդյունքներով:

Փոխվարչապետի գրասենյակը տեղեկացնում է, որ Սեբաստիան Մոլինեուսն արտահայտել է իր ուրախությունը Հայաստան կատարած այցելության առթիվ՝ նշելով, որ, թեև նախորդ տարին լի էր դժվարություններով և ծանր արդյունքներով, սակայն այսօր նա Հայաստանում տեսնում է հույս և հավատ վաղվա օրվա հանդեպ: Այդ համատեքստում նա արտահայտել է ՀԲ-ի պատրաստակամությունը շարունակելու ընթացիկ համագործակցությունը, ինչպես նաև նախանշելու այն ոլորտները, որտեղ համատեղ աշխատանքի հնարավորություններ կան:

Փոխվարչապետը ներկայացրել է Հայաստանի կառավարության տնտեսական քաղաքականության ներկայիս առաջնահերթությունները՝ անդրադառնալով «Տնտեսական արձագանքման ծրագրին» և դրա մի քանի բաղադրիչներին, մասնավորապես՝ գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող աջակցությանը, տեխնիկական կանեփի և այլ մշակաբույսերի արտադրությանը, կապիտալ և քաղաքաշինական ծրագրերին: Տիգրան Ավինյանը ընդգծել է «Տնտեսական արձագանքման ծրագրի» կարևորությունը տնտեսության վերականգնման և այն նորմալ զարգացման ուղու վրա կրկին դնելու տեսանկյունից:

Անդրադարձ է եղել Հայաստանում հանրային կառավարման բարեփոխումներին, այդ թվում՝ ծառայությունների թվայնացման գործընթացին: Փոխվարչապետը ներկայացրել է այս հարցում արդեն իսկ արձանագրված առաջընթացը՝ նշելով, որ այս տարի արդեն հասանելի կլինի էլեկտրոնային ստորագրության գործիքը, իսկ շատ մոտ ապագայում նախատեսվում է ամբողջությամբ գործարկել վերոնշյալ շուրջ 400 ծառայությունների էլեկտրոնային մատուցման հարթակը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել