2021 թ. մարտի 4-ին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գեներալ-մայոր Արթուր Գոյունյանն ընդունել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պաշտպանության գործառույթները համակարգողի տեղակալ Ջուլիանա Ամադոր Մեսսային և ազատազրկման վայրերի պատվիրակ Չինգիզ Աբդիժապարովին։

Հանդիպման ընթացքում քննարկվել են ազատազրկված անձանց պահման պայմաններին, պատժի կրման կարգին, ինչպես նաև քրեակատարողական հիմնարկներում COVID-19 կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր վիճակին վերաբերող հարցեր: Արթուր Գոյունյանը ներկայացրել է քրեակատարողական հիմնարկներում վերջին տարիների ընթացքում իրականացված բարեփոխումները, մասնավորապես՝ սննդի ապահովման նոր համակարգի գործարկումը, շենքային պայմանների բարելավումը և տեխնիկական հագեցվածությունը:

Առանձնահատուկ քննարկման առարկա են դարձել նաև Արցախից Հայաստանի Հանրապետություն տեղափոխված ազատազրկված անձանց պահման պատշաճ պայմանների ապահովման և նրանց իրավունքների ու ազատության երաշխավորման հետ կապված խնդիրների համակողմանի լուծման անհրաժեշտությունը: Ծառայության պետը հավաստիացրել է, որ վերջիններս պահվում են նույն պայմաններում, ինչ ՀՀ քաղաքացիները, և նրանց կողմից բարձրացված բոլոր հարցերին ու խնդիրներին օրենքի շրջանակներում տրվում են համապատասխան լուծումներ:

Հանդիպման ավարտին կողմերը միմյանց շնորհակալություն են հայտնել՝ հաստատված սերտ համագործակցության և խնդրո առարկա հարցերին անխոչընդոտ լուծումներ տալու համար: