Փոփոխություն՝ ռեկտորի ընտրության կարգում. ԿԳՄՍ նախարարը ներկայացրեց «Բարձրագույն կրթության ու գիտության մասին» օրինագիծը |1lurer.am|
16:41 - 04 մարտի, 2021

Փոփոխություն՝ ռեկտորի ընտրության կարգում. ԿԳՄՍ նախարարը ներկայացրեց «Բարձրագույն կրթության ու գիտության մասին» օրինագիծը |1lurer.am|

1lurer.am: ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն ԱԺ-ում երկրորդ ընթերցմամբ ներկայացրեց «Բարձրագույն կրթության ու գիտության մասին» ու կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը:

Նախարարը տեղեկացրեց, որ առաջինից երկրորդ ընթերցում փոխվել է ռեկտորի ընտրության դրույթը: Առաջարկվում էր նախկինում ընտրանքային տարբերակ, երբ մինչև 3 թեկնածու պետք է ներկայացվեր, լիազոր մարմնի ղեկավարը նրանցից մեկին պետք է նշանակեր ռեկտորի պաշտոնում:

«Տարբեր քննարկումների և առաջարկների ուսումնասիրության հիման վրա կայացվեց որոշում փոխել այդ դրույթը և առաջարկել, որ ռեկտորը ընտրվի կառավարման խորհրդում ու հրամանագրվում է լիազոր մարմնի ղեկավարի կողմից: Ընտրվում է ցուցակային կազմի կեսից ավելի ձայներ հավաքելու պարագայում»,- նշեց Դումանյանը:

Հանվել է դրույթը, ըստ որի հոգաբարձուների խորհրդի նախագահը չի կարող զբաղեցնել այդ կարգավիճակը երկու ժամկետում անընդմեջ: Այժմ այդ առումով չկա պաշտոնավարման որևէ սահմանափակում, իսկ տարիքային սահմանափակման շեմը՝ 65 տարեկանը կփոխվի 70-ի:

«Նախկինում ռեկտոր, ամբիոնի վարիչ, դեկան պաշտոնները նախկինում վարչական էին, հիմա առաջարկվում է այն համարել ակադեմիական պաշտոն: Բուհի ռեկտորին ներկայացվող պահանջները կսահմանվեն տվյալ բուհի կանոնադրությամբ: Օրենքում չի ամրագրվի, օրենքում ամրագրվում է միմիայն գիտական աստիճանի առկայության պահանջը»,- նշեց նախարարը:

Ըստ Դումանյանի՝ ինստիտուցիոնալ և ծրագրային հավատարմագրման գործընթացներում ընտրվել է ավելի պարզ մոտեցում, խորհրդի կազմի ձևավորման հետ կապված էլ 5/4 հարաբերակցությունը, որից 4-ը բուհն ինքն է ընտրում, կարող են լինել բոլորն էլ ուսանողներ, կամ բոլորն էլ պրոֆեսորադասախոսական կազմից, եթե սահմանված ժամկետում չներկայացվի խորհրդի անդամության համապատասխան թվով թեկնածու, լիազոր մարմինը այդ տեղերը կլրացնի իր հայեցողությամբ:

Դումանյանը նշեց, որ խնդիր է առաջացել, պատգամավորների կողմից եղել են առաջարկներ, որոնք հանձնաժողովում չեն ընթերցվել և չեն քվեարկվել, առաջարկեց օրենքի նախագիծը տեղափոխել առաջինից երկրորդ ընթերցման փուլ՝ ԱԺ մշտական հանձնաժողով, որտեղ հնարավորություն կլինի դիտարկել չքննարկված ու չքվեարկված բոլոր առաջարկները:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել