Վահան Քերոբյանն ընդունել է ՀԲ Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրենի պատվիրակությանը
16:04 - 04 մարտի, 2021

Վահան Քերոբյանն ընդունել է ՀԲ Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրենի պատվիրակությանը

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ընդունել է Համաշխարհային բանկի Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Սեբաստիան Մոլինեուսի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին հայտնեցին ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Էկոնոմիկայի նախարարը համառոտ ներկայացրել է Հայաստանի տնտեսության ներկայիս զարգացումները և կառավարության կողմից ընդունված առաջնահերթությունները, որի շրջանակներում ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից մշակվող նոր տնտեսական քաղաքականությունը այժմ վերջնականացման փուլում է։

Կողմերը քննարկել են Համաշխարհային բանկի համագործակցությամբ հանրային ներդրումների կառավարման, պետություն-մասնավոր գործընկերության (ՊՄԳ), ենթակառուցվածքային ծրագրերում իրականացվող համատեղ աշխատանքների, գյուղատնտեսության և զբոսաշրջության ոլորտներում ծրագրերի ընթացքը։

Սեբաստիան Մոլինեուսի կողմից առաջարկվել է նախանշել այն ոլորտները, իրավական կարգավորումները, ուղղությունները կամ ծրագրերը, որտեղ Հայաստանին Համաշխարհային բանկը կարող է աջակցություն ցուցաբերել։

Հանդիպման ավարտին երկուստեք պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել քննարկումները ջրային ենթակառուցվածքների, ինչպես նաև այլ ուղղություններով՝ համագործակցության նոր համատեղ ծրագրերի իրականացման նպատակով։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել