«Իմ քայլն» այսօր չի ընտրելու դատավորի թեկնածու՝ իր դիրքորոշումն արտահայտելով ԲԴԽ նախագահի գործունեությանը. Մակունց
13:59 - 04 մարտի, 2021

«Իմ քայլն» այսօր չի ընտրելու դատավորի թեկնածու՝ իր դիրքորոշումն արտահայտելով ԲԴԽ նախագահի գործունեությանը. Մակունց

Նախ ուզում եմ նշել, որ ԲԴԽ գործող նախագահը չի առաջադրվել և չէր կարող առաջադրվել «Իմ քայլը» խմբակցության կողմից, չի առաջադրվել խորհրդարանական ընդդիմության կողմից և ոչ էլ կառավարության կողմից, որովհետև դատավորներն առաջադրվում են դատական իշխանության կողմից, և նրանց ընտրում է դատավորների ընդհանուր ժողովը։ Այս մասին այսօր Ազգային ժողովում ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ նշելով, որ ցանկանում է հանրությանը ներկայացնել իրողությունը, որպեսզի զերծ մնան ապատեղեկատվություններից։ 

Խոսելով Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուների մասին՝ Մակունցը շեշտեց, որ թեկնածուներին ներկայացնում է ԲԴԽ-ն, և դա է պատճառը, որ այս օրերին նրանց ներկայացնում էր ԲԴԽ նախագահը։

Խմբակցության ղեկավարն իր ելույթում ասաց․ «Ինչպես ակնհայտ էր երեք օրերի նիստերից, «Իմ քայլը» խմբակցությունը ավելի շատ կենտրոնացել էր՝ հասկանալի ու ընկալելի դարձնելու հանրության և մեզ համար 2020 թվականի նոյեմբերի 15-ին ԲԴԽ նախագահի հայտնի հայտարարությունը։ Ցավոք սրտի, ԲԴԽ նախագահի պարզաբանումները ոչ միայն բավարար ու սպառիչ չէին, այլև վերահաստատեցին մեր մտահոգությունները առ այն, որ պարոն Վարդազարյանի հայտարարությունը կանխամտածված քաղաքական էր։ Ուզում եմ հիշեցնել, որ հարցերին արձագանքի ժամանակ պարոն Վարդազարյանը ինքը նշեց, որ այն հանպատրաստից չի եղել»։

Մակունցն իր խոսքում նաև նշեց, որ, լինելով մի մարմին անդամ, որն ըստ Սահմանադրության պետք է երաշխավորի դատարանների և դատավորների անկախությունը, պարոն Վարդազարյանը իր գործունեությամբ որևէ կերպ չի նպաստել և չի նպաստում դատական իշխանության անկախության և քաղաքական զսպվածության երաշխավորմանը, ավելին՝ քաղաքականացրել և քաղաքականացնում է իշխանության երեք ճյուղերից ապաքաղաքական դիտարկվող դատական իշխանությունը։

««Իմ քայլը» խմբակցությունը խորը ակնածանք ունի ներկայացված թեկնածուների՝ պարոն Հայկյանցի և պարոն Մկրտչյանի նկատմամբ։ «Իմ քայլը» խմբակցությունը նաև գնահատում է բազմաթիվ անկախ, ազնիվ, արհեստավարժ դատավորներին, և վստահ ենք, որ դատական համակարգում իրականացվելիք անհրաժեշտ բարեփոխումներին և փոփոխություններին զուգընթաց և դրանից հետո նրանք շարունակելու են ծառայել արդարադատությանը, պետությանն ու ժողովրդին»,- ասաց պատգամավորը։

Որպես ամփոփում Մակունցը տեղեկացրեց, որ, հաշվի առնելով պարոն Վարդազարյանի գործունեության վերաբերյալ իրենց գնահատականը, ինչպես նաև այն, որ պարոն Վարդազարյանը բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորեց առաջնային մանդատով օժտված, լեգիտիմ Ազգային ժողովի նկատմամբ, «Իմ քայլը» խմբակցությունը այսօր չի ընտրելու ներկայացված թեկնածուներին և իր այս քայլով դիրքորոշում է հայտնելու ոչ թե թեկնածուների նկատմամբ, այլ հենց պարոն Վարդազարյանի՝ որպես ԲԴԽ նախագահի գործունեության և հայտարարության վերաբերյալ։

«Մեր այս դիրքորոշումը ամրապնդվում է մեկ այլ հանգամանքով, հասել ենք այնտեղ, որ քրեական ենթամշակույթին առնչվող անձինք միջնորդավորված կապ են հաստատում ԱԺ պատգամավորների հետ՝ ի պաշտպանություն ԲԴԽ նախագահ պարոն Վարդազարյանի։ Այ էստեղ ենք հասել տիկնայք և պարոնայք»,- եզրափակեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավարը։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել