armenpress.am: Կառավարությունը հավանություն տվեց «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» և «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Նախաձեռնությամբ նախատեսվում է ավելացնել Երևանի քաղաքապետի տեղակալի ևս մեկ պաշտոն:   

Ըստ հիմնավորման, Երևանի քաղաքապետի տեղակալի պաշտոնի ավելացումով Երևանի քաղաքապետը փոխքաղաքապետի միջոցով հնարավորություն կունենա արդյունավետ կերպով համակարգել ճարտարապետաքաղաքաշինական ոլորտի միավորները, իսկ Երևանի ճարտարապետին վերապահված որոշ նեղ մասնագիտական գիտելիքներ և փորձարարություն պահանջող գործառույթներ քաղաքապետարանը կառուցվածքային փոփոխություններ կատարելու միջոցով կտեղափոխի անվանի, փորձառու և արդյունավետ ճարտարապետական պրակտիկա ունեցող ճարտարապետների կոլեգիալ որոշումների ընդունման դաշտ:

Ներկայացված օրենսդրական նախագծի ընդունման արդյունքում կկարգավորվի Երևան քաղաքում քաղաքապետի տեղակալի՝ որպես քաղաքաշինության և ճարտարապետության ոլորտի համակարգողի առկայության հարցը, ինչը հնարավորություն կտա առավել արդյունավետ իրականացնել ճարտարապետության և քաղաքաշինության ոլորտում Երևանի քաղաքապետին տրված իրավասությունները:

Օրենսդրական նախաձեռնությունը կներկայացվի Ազգային ժողովի ընդունմանը: