Այսօր  կառավարության նիստի սկզբում վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ կորոնավիրուսի հետ կապված դրությանը՝ նշելով, որ վերջին օրերին Հայաստանում վարակի թվերի որոշակի աճ է արձանագրվում, ինչը անհանգստացնող է։ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ներկայացրեց կոնկրետ վիճակագրական տվյալներ։ Վերջինս հաստատեց, որ վերջին օրերին կա հիվանդացության թվերի աճ, և երեկվա դրությամբ 2922 հետազոտությունից դրական է ախտորոշվել 491 դեպք, ինչը հետազոտվածների 16 տոկոսն է։

Ավանեսյանը հավելեց․ «Եթե մենք հունվարին և փետրվար ամսվա սկզբին ունեինք թեստավորվածների 5-7 տոկոսի դրական դեպքեր, ապա, ինչպես տեսնում ենք, մինչև 16 տոկոս ունենք, և մեր կանխատեսումներով հաջորդ շաբաթ այս թիվը կավելանա։ Ի՞նչ պետք է անենք․ պետք է վերադառնանք դիմակների և այլ կանխարգելիչ միջոցառումների խիստ պահպանմանը և եթե ուզում ենք պաշտպանել մեր հարազատներին, մեզ՝ նոր սահմանափակումների կիրառումից, ապա ամեն բան պետք է անենք մեր կողմից, որ կանխենք հհիվանդության տարածումը»։

Նախարարը վերահսկողական մարմինների ուշադրությունը հրավիրեց գալիք  տոնական օրերի իրադարձությունների՝ տրանսպորտում, առևտրային կենտրոններում, հյուրատներում շարժի ավելացման վրա և ընդգծեց, որ այդ օրերին նշված վայրերում պետք է իրականացվի հստակ վերահսկողություն։ Նրա խոսքով՝ հանրությունը իր կարգապահությամբ պետք է ներդրում ունենա պաշտպանելու բոլորի առողջությունը, երկրի տնտեսությունը և ստեղծի հնարավորություն պահպանելու հիվանդացության թվերի կառավարելիի շրջանակները։

«Այսօր մենք արդեն իսկ վերսկսում ենք 2 հիվանդանոցների ծավալման աշխատանքները , ներկայումս ունենք 865 ծավալված մահճակալ, որից զբաղված է 808-ճ-ը, հընթացս կավելացնենք մահճակալների թիվը։ Եթե նույնիսկ մենք իվիճակի լինենք բոլորին պատշաճ բուժօգնություն տրամադրելու գիտեք, որ հիվանդացությունը ունի 20 տոկոսի մոտ ծանր ընթացք, իսկ 5 տոկոսի մոտ ծայրահեղ ծանր ընթացք»,- ասաց նախարարը։

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանն էլ հավելեց, որ այսօր քննարկում կիրականացնեն շահագրգիռ գերատեսչությունների հետ, որ թիրախային վերահսկողական միջոցառումների մասով ուժեղացում իրականացվի։

«Ինչպես մեր սեփական փորձն է ցույց տալիս, մենք լավ հաջողություններ ենք ունեցել՝ դա անելով ամռանը, աշնանը կարողացել ենք դիմանալ։ Հույս ունեմ, որ այա ալիքին նույնպես կարող ենք դիմանալ»,- նշեց Թորոսյանը։ 

Վարչապետի այն հարցին, թե արդյո՞ք նորություններ չկան պատվաստանյութերի ձեռքբերման գործընթացում, առողջապահության նախարարը պատասխանեց, որ աշխատանքներն այդ ուղղությամբ ընթանում են, «Կովաքսի» հարթակում բանակցությունները շարունակվում  են, ընդհանուր պրոցեսի դանդաղեցում կա, սակայն նախարարությունը փորձում է իր այլ երկրների գործընկերների հետ քայլեր ձեռնարկել, որպեսզի զարգացող երկրների հասանելիությունը ապահովվի։

«Հույս ունենք, որ գարնանը պետք է ունենանք առաջին խմբաքանակը։ Ռուսական կողմի հետ  էլ բանակցությունները ավարտված են՝ առաջին խմբաքանակի հետ կապված, պայմանագիրը կնքվում է, ակնկալում ենք նաև առաջին ամսվա մեջ այս խմբաքանակի ներկրումը»,- տեղեկացրեց Ավանեսյանը։

Նախարարը նաև շեշտեց, որ պատվաստման գործընթացին զուգընթաց էլ պետք է շարունակվի դիմակների կրումը, որը համընդհանուր որոշում է։ Ավանեսյանը անդրադարձավ նաև հանրության մեջ տարածված այն կարծիքին, թե մեկ անգամ վարակված անձը այլևս չի վարակվում և նշեց, որ ապացուցված գիտական որևէ մոտեցում չկա, որ այլ շտամներով նրանց կողմից վարակումը բացառված է։ Նախարարը նշեց, որ վարակված և առողջացած քաղաքացիները նույնպես պետք է կրեն դիմակներ։