Պրոթեզավորման անհրաժեշտություն ունեցող անձանց կարիքների գնահատման գործընթացն ավարտվել է. սոցապփոխնախարար
20:47 - 03 մարտի, 2021

Պրոթեզավորման անհրաժեշտություն ունեցող անձանց կարիքների գնահատման գործընթացն ավարտվել է. սոցապփոխնախարար

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Տաթևիկ Ստեփանյանն աշխատանքային հանդիպում է ունեցել վերականգնողական ծառայությունների գնահատում իրականացնելու նպատակով Հայաստան ժամանած Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գրասենյակի ներկայացուցչի հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են 2020 թ․ պատերազմի ընթացքում վիրավորում ստացած քաղաքացիների պրոթեզավորմանն, աջակցող միջոցների տրամադրմանը, կարիքների բազմակողմանի գնահատմանն առնչվող մի շարք հարցեր։

Տաթևիկ Ստեփանյանը ներկայացրել է նախարարության կողմից մատուցվող սոցիալ-վերականգնողական ծառայությունները, աջակցող միջոցների տրամադրման և պրոթեզավորման ընթացակարգերը՝ առանցքային համարելով կարիքների հիման վրա ծառայությունների մատուցումը։ Նախարարի տեղակալը կարևորել է նաև վերականգնողական ծառայությունների գնահատման արդյունքների հիման վրա քաղաքականությունների արդյունավետ պլանավորումն ու որակյալ ծառայությունների մատուցումը։

«Կարիքների գնահատման գործընթացն արդեն ավարտվել է, կատարվել են տնայցեր բազմամասնագիտական խմբերի կողմից։ Նպատակը բժշկական ախտորոշումից զատ՝ անձի ֆունկցիոնալության գնահատումն է, ինչպես նաև ընտանիքի խնդիրների վերհանումը»,- նշել է Տ․ Ստեփանյանը։

Կարևորելով հետագա համագործակցության արդյունավետությունը՝ քննարկմանը մասնակից ոլորտի պատասխանատուները ներկայացրել են ընթացիկ աշխատանքները, առաջնահերթությունները։

Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչների խոսքով՝ այցի շրջանակում նախատեսվում են այցեր վերականգնողական ծառայություններ մատուցող կազմակերպություններ և առողջության առաջնային պահպանման հաստատություններ՝ գնահատում իրականացնելու նպատակով։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել