Վազգեն Մանուկյանը կանչվել է ՔԿ՝ հարցաքննության
 |armenpress.am|
20:05 - 03 մարտի, 2021

Վազգեն Մանուկյանը կանչվել է ՔԿ՝ հարցաքննության |armenpress.am|

armenpress.am: «Հայրենիքի փրկության շարժում» նախաձեռնության վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածով (Իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը): Այս մասին ասաց ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Ռիմա Եգանյանը:

«ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում 12.02.2021թ. և 20.02.2021թ. Ազատության հրապարակում անցկացված հանրահավաքների ժամանակ Վազգեն Մանուկյանի կողմից, իշխանությունը զավթելու, սահմանադրական կարգը բռնի տապալելու, բռնություն գործադրելու հրապարակային կոչեր կատարելու առերևույթ դեպքերի առթիվ քննվող քրեական գործով որոշում է կայացվել Վազգեն Մանուկյանին ՀՀ քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածով (Իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը) որպես մեղադրյալ ներգրավելու մասին»,- ասաց Եգանյանը:

Վազգեն Մանուկյանը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով ծանուցվել է 04.03.2021թ.՝ ժամը 11:00-ին, որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշման ծանոթացման և մեղադրանքի շուրջ հարցաքննության համար վարույթն իրականացնող մարմին ներկայանալու անհրաժեշտության մասին:

Այսօր ավելի վաղ ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը «Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքի ժամանակ տեղեկացրել էր, որ ընդդիմության վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանն այսօր ՔԿ-ից ստացել է ծանուցագիր:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել