Առաջիկա օրերին մտադիր եմ հանդիպել խորհրդարանական ընդդիմության ղեկավարների հետ. վարչապետ |1lurer.am|
18:24 - 03 մարտի, 2021

Առաջիկա օրերին մտադիր եմ հանդիպել խորհրդարանական ընդդիմության ղեկավարների հետ. վարչապետ |1lurer.am|

1lurer.am: Ես արտահերթ ընտրությունների անցկացման առաջարկություն եմ արել, և եթե մեր խորհրդարանական ընդդիմության գործընկերներն ընդունեն առաջարկը, կունենանք ընտրություններ համապատասխան ժամկետներում: Այդ մասին ԱԺ ամբիոնից ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: 

«Ինչո՞ւ պետք է ընտրություններն անցկացվեն համաձայնությամբ: Մենք չենք ուզում անել քայլեր, որոնք կդիտարկվեն «ի հեճուկս»-ի տրամաբանության մեջ: Մենք ընտրությունները դիտում ենք որպես հանրային համերաշխությունը վերականգնելու միջոց՝ ժողովրդին արտահայտվելու հնարավորություն տալու համար, որպեսզի ոչ միայն արտահայտվելու հնարավորություն ունենան հանրահավաքի եկող մարդիկ, այլև բոլորը՝ ընտրատեղամաս գնալով և իրենց կամքը արտահայտելով, և Կառավարությունը և քաղաքական ուժերը պետք է լինեն երաշխավոր, որ ընտրություններն անցկացվեն ազատ և արդար»,- ընդգծեց Կառավարության ղեկավարը:    

Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ արդեն հրավեր է ուղարկել խորհրդարանական ընդդիմության ղեկավարներին և նախատեսում է առաջիկա օրերին հանդիպել նրանց հետ: «Հուսով եմ, որ համաձայնությունը ձեռք կբերվի»,- ասաց նա: 

Անդրադառնալով հնարավոր սահմանադրական փոփոխություններին՝ վարչապետը նշեց, որ դրանք նույնպես պետք է համաձայնեցված անցկացվեն: «Ես այդ հարցը առաջ բերելով՝ կոնկրետ բովանդակություն առաջ չեմ բերել: Եթե հանրային քննարկման արդյունքում մեծամասնության համար ընդունելի կլինի, որ կիսանախագահական կառավարման համակարգն ավելի էֆեկտիվ է, ուրեմն այդպես կանենք: Քննարկումների դաշտը պետք է միշտ բաց պահել»,- եզրափակեց Փաշինյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել