Բանակցություններ են ընթանում, որ Իրանում հայտնված օդանավն այսօր վերադառնա Երևան. Ավինյան |armenpress.am|
18:12 - 03 մարտի, 2021

Բանակցություններ են ընթանում, որ Իրանում հայտնված օդանավն այսօր վերադառնա Երևան. Ավինյան |armenpress.am|

armenpress.am:  ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը տեղեկացնում է, որ այս պահին բանակցություններ են ընթանում, որպեսզի Իրանում հայտնված հայկական օդանավն այսօր վերադառնա Երևան: Այս մասին Ավինյանն ասաց Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում, պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Արմեն Եղիազարյանի հարցին:

Տիգրան Ավինյանը հայտնեց, որ օդանավի հետ կապված անհրաժեշտ աշխատանքների իրականացման նպատակով՝ «Fly Armenia Airways» ընկերությունը պաշտոնապես դիմել է Կոմիտե, որպեսզի Էստոնիայի Տալին քաղաքից Ուկրաինայի «Գոստոմել» օդանավակայան մեկ դատարկ տեղափոխական թռիչքի թույլտվություն ստանա՝ կրելով թռիչքի ամբողջ պատասխանատվությունը, ինչը չի հակասում միջազգային ավիացիոն որևէ պահանջի:

«Սակայն նշված օդանավը, խախտելով կոմիտեի կողմից նախապես տրամադրված թռիչքի ուղղության վերջնակետի թույլտվությունը, իրականացրել է թռիչք՝ ոչ իրեն նախապես տրված թույլտվության համաձայն, այլ՝ դեպի Վարնա օդանավակայան, այնուհետև ուղղություն է վերցրել դեպի Շարժա, սակայն դեռևս չպարզված հանգամանքներում՝ վայրէջք է կատարել Իրանի «Մեհրաբաթ» օդանավակայանում»,- ասաց Տիգրան Ավինյանը:

Փոխվարչապետը նշեց, որ թռիչքի վերգետնյա սպասարկման, թռիչքի կազմակերպման և թույլտվությունների ստացման գործընթացի պատասխանատուն հանդիսանում է միայն շահագործող ավիաընկերությունը:

«Թե՛ օդաչուական անձնակազմի, թե՛ իրանական կողմի ավիացիոն իշխանությունների հավաստիացմամբ՝ վայրէջքը կրել է տեխնիկական բնույթ, ըստ նախնական տեղեկատվության՝ եղել են վառելիքի հետ կապված խնդիրներ: Հենց այս պահին բանակցություններ են ընթանում, որպեսզի օդանավն այսօր վերադառնա Երևան»,- նշեց փոխվարչապետ Ավինյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել