Մենք պատրաստ ենք յուրաքանչյուր տիպի քննարկման, որ հանգուցալուծենք ներքաղաքական ճգնաժամը. Ավինյան |armenpress.am|
17:45 - 03 մարտի, 2021

Մենք պատրաստ ենք յուրաքանչյուր տիպի քննարկման, որ հանգուցալուծենք ներքաղաքական ճգնաժամը. Ավինյան |armenpress.am|

armenpress.am: Իշխանությունն առաջին հերթին է շահագրգռված, որ ներքաղաքական ճգնաժամը հանգուցալուծվի և պատրաստ է ընդդիմության հետ քննարկումների: Այս մասին  ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարց ու պատասխանին վստահեցրեց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով անկախ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի հարցին, թե ինչ հանգուցալուծում կարող է լինել երկրում ստեղծված իրավիճակին:

Ավինյանն ընդունեց, որ ներքաղաքական ճգնաժամ առկա է՝ հիշեցնելով, որ դրա լուծման համար հայտարարել են, որ պատրաստ են լինել բավականին ճկուն:

Ավինյանը շեշտեց՝ նախկինում իշխանությունը հայտարարել էր արտահերթ խորհրդարանական ընտրություններ կազմակերպելու պատրաստակամության մասին, բայց դրան պատշաճ արձագանք չէին ստացել: «Մենք կրկին պատրաստակամ ենք խորհրդարանական ընդդիմության հետ այդ քննարկումներն իրականացնելու, պայմանավորվածություններ ձեռք բերելու և ընտրություններ անցկացնելու հետ կապված: Ինչպես նաև դրան զուգահեռ պատրաստ են քննարկելու սահմանադրական բարեփոխումների օրակարգը, միգուցե կիսանախագահական համակարգին վերադարձի հարցը»,-ասաց Ավինյանը:

Ուրիխանյանը հետաքրքրվեց, եթե խորհրդարանական ընդդիմությունը չհամաձայնի ընտրությունների, ինչ կարվի:

Ավինյանն արձագանքեց, որ առաջին հերթին իշխանությունն է շահագրգռված, որ ներքաղաքական ճգնաժամը հանգուցալուծվի: «Մեզ համար օրակարգը բաց է, մենք բոլոր հնարավոր միջոցներով պատրաստ ենք յուրաքանչյուր տիպի քննարկման, որոնք կհանգուցալուծեն ներքաղաքական ճգնաժամը և նոր ճգնաժամեր չեն ստեղծի»,-ասաց նա ու հավելեց՝ շատ ընդդիմադիրների կողմից արված շատ առաջարկներ նոր ճգնաժամերի ականներ են պարունակել:

Ավինյանը վստահեցրեց, որ իշխանությունը նախաձեռնելու է այդ քննարկումները:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել