armenpress.am: ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը հորդորում է զերծ մնալ որակումներից, թե Աբու Դաբիում անցկացված  IDEX-2021 միջազգային ռազմարդյունաբերական ցուցահանդեսում հայկական ընկերությունների  տաղավարը դատարկ է եղել. ներկայացված են եղել 14 ընկերություններ՝ իրենց պրոդուկտներով: Արշակյանն այս մասին ասաց ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարց ու պատասխանի ժամանակ՝ պատասխանելով «Լուսավոր Հայաստան»-ից Կարեն Սիմոնյանի հարցին:

«Մենք հայկական միասնական տաղավարով ենք հանդես եկել, որի շրջանակներում 14 ընկերություններ են հանդես եկել, նրանք բոլորը պատրաստված են եղել՝ թե իրենց ընկերությունների մասնագիտական ներկայացմամբ, թե պրոդուկտների և ծառայությունների ներկայացմամբ: Տեղում մեծ ծավալի աշխատանք է տարվել՝ Ռազմաարդյունաբերական կոմիտեի աշխատակիցների, նաև նախարարության աշխատակիցների հետ միասին»,-ասաց նախարարը:

Նրա վստահեցմամբ՝ հայկական տաղավարը, ըստ տարբեր գնահատականների, ամենագեղեցիկներից է եղել: Էքսպոնատները, որոնք լոգիստիկ խնդիրների պատճառով տեղ չեն հասել, ռազմաարդյունաբերական ցուցահանդեսին ներկայացվողների միայն մի մասն են եղել: «Դրանք էքսպոնատներն են, որոնք ըստ էության տեսք են տալիս, պրոդուկտի տեսքն են ներկայացնում հենց ցուցահանդեսի տաղավարներում: Որակումներ են հնչել, որ ցուցահանդեսի տաղավարը դատարկ է եղել, ես կարծում եմ, որ այսպիսի որակումներից պետք է խուսափենք, որովհետև ըստ էության ցուցահանդեսի մասնակցության բովանդակային մասն ապահովում են թե ընկերությունները՝ իրենց գիտելիքներով և թե այն մասնագետները, որոնք նոր շուկաներ են փնտրում և գտնում: Նմանատիպ բազմաթիվ պայմանավորվածություններ, նաև հրավերներ կան»,-ասաց Արշակյանը:

Անդրադառնալով առաջացած խնդիրներին՝ նշեց, որ անպայման հետևողական կլինեն, որ ծառայողական քննության արդյունքները հասանելի դառնան հետաքրքրվող պատգամավորներին, ծառայողական քննության հանգուցալուծումը դեռ չի ստացվել: