Հետպատերազմյան Արցախ [մաս 2]․ հայացք Կարմիր Շուկայից, Ամարասից ու Ասկերանից
19:12 - 08 մարտի, 2021

Հետպատերազմյան Արցախ [մաս 2]․ հայացք Կարմիր Շուկայից, Ամարասից ու Ասկերանից

Ստեփանակերտի Ազատամարտիկների փողոցում կանգնած տաքսիներից մեկին ենք մոտենում․ ազատ է՝ նստում ենք, խնդրում տանել «Տատիկ-պապիկի» մոտ։ Շատ բարեկիրթ ու բարեհամբույր վարորդ է։ Հետդարձի ճամփին հարցնում ենք՝ կարո՞ղ եք մեզ Մարտունի, Ասկերան ու այլ բնակավայրեր տանել, պատասխանում է՝ ինչի՞ չեմ կարող, բայց հայացքը նկատելիորեն մռայլվում է, տխրում։

Հետո, երբ Ամարաս գնալու ճանապարհին անցնում ենք Սարուշեն գյուղի կողքով, վարորդ Արթուրն անկեղծանում է՝ ինքն այս տեղանքում տուն է կորցրել։ Շատ հարցեր չենք տալիս, որ չցավեցնենք, որ սիրտը տա՝ ինքը կխոսի։ Եւ խոսում է։ Պատմում է, որ պատերազմի օրերին գյուղացիներով պահել են բնակավայրը, սկզբում մոտ 40 հոգով են եղել, բայց հետո մնացել են 7-8 հոգով, ու քանզի այդ շրջանն ակտիվ ռմբահարվել է, ստիպված հետ են քաշվել այս ճանապարհահատված, որտեղով անցնում ենք։ Հոկտեմբերին հակառակորդը գրավել է վարորդի գյուղը։ Պատմում է՝ մի քանի անգամ երեկոներին ընկերներով իջել են Սարուշեն՝ իրենց բնակավայրը գոնե հեռվից տեսնելու, բայց ադրբեջանցիներն աղաղակել են, հայհոյել, սպառնացել, իրենք էլ չեն կարողացել երկար մնալ։ Վարորդ Արթուրն ընտանիքի հետ հիմա ապրում է Ստեփանակերտի շենքերից մեկի նկուղային հարկում, ապրուստը վաստակում է տաքսիստի աշխատանքով, իսկ առաջ գյուղի ջրամատակարարման ցանցի աշխատակից է եղել։ Ավելին չի խոսում, չենք հարցնում։

Շարժվում ենք դեպի Ամարաս՝ ճանապարհին անցնելով Կարմիր Շուկայով, որ մեր դիրքերի թիկունքում է։ Գյուղը պատերազմի ընթացքում ինտենսիվ հրթիռակոծվել է Սմերչ կայանքից։ Մարտունու շրջանում, որտեղ եւ Կարմիր Շուկան է, ավելի ցուրտ է, քան Ստեփանակերտում․ գյուղի նեղլիկ փողոցներում շատ մարդ չկա։ Բայց մի փոքրիկ տղայի եմ տեսնում, որ ճամփեզրով քայլում է մեր մեքենային հանդիման՝ խաղ անելով ձեռքի տոպրակի հետ։ Վարորդին խնդրում եմ մի քանի րոպե կանգնել, գնամ-զրուցեմ տղայի հետ։

Կարմիր Շուկա, Մարտունու շրջան

Վազում եմ հետեւից, խնդրում մի րոպե սպասել, զարմացած ինձ է նայում։ Ասում եմ՝ բարեւ, ես Հայարփին եմ, չե՞մ խանգարի՝ երկու րոպե զրուցենք, ուսերը վեր է ձգում՝ առարկություն չունի։ 12-ամյա Դավիթն է, ապրում է Կարմիր Շուկայում, ուզում է դառնալ «բաքսյոր», մնալ Արցախում։ Իսկ դպրոցում ամենաշատը մաթեմ է սիրում, թեեւ բազմապատկման աղյուսակը դեռ լավ չգիտի, բայց համաձայնության ենք գալիս՝ ոչինչ, էսօր չէ, վաղը կսովորի։

12-ամյա Դավիթ Գաբրիելյանը, Կարմիր Շուկա, Մարտունու շրջան

Դավիթն այցելության է գնում հորաքրոջ տուն, որն իրենց տանից այնքան էլ հեռու չի ապրում։ Հարցնում եմ՝ նվեր ե՞ս տանում հետդ՝ ցույց տալով ձեռքի տոպրակը, ժպտալով գլխով է անում։ 

Դավիթենց տանից հակառակորդի դիրքերը երեւում են, բայց ինքը չի վախենում, ասում է՝ մեր տղերքն էլ են կանգնած, ինքն էլ երբեմն գնում, մեր զինվորների հետ խոսում է։

Պատերազմի ժամանակ Երեւանում է եղել, բայց, ասում է, իրենց գյուղը շատ էր կարոտել։ Վերադարձել են, ապրում են։ 

Ցտեսություն ենք ասում, խոստանում՝ հիշել իրար։

Կարմիր Շուկա, Մարտունու շրջան

Կարմիր Շուկայի ճամփից հեռվում երեւում է Թաղավարդ գյուղը, որը եւս հակառակորդի Սմերչի թիրախում է եղել։ Թաղավարդի մի կեսը՝ Կալլեր Թաղավարդ կոչվող հատվածը, հայկական կողմինն է, մյուս մասը՝ ադրբեջանական վերահսկողության տակ։ 

Հեռվում` Թաղավարդը

Կարմիր Շուկայից շարժվում ենք դեպի Ամարասի վանք։ Հասնելուն պես վարորդ Արթուրն առաջինն է դուրս գալիս մեքենայից, շրջում տեղանքում, հետո ասում, որ մենք էլ կարող ենք իջնել։ Հակառակորդն Ամարասից շատ հեռու չէ, Խազազի թումբ կոչվող հատվածում է տեղակայվել, որտեղից վանքը տեսանելի է։ Դեռեւս դեկտեմբերին վանքի վրա դրվել է ՌԴ դրոշը, մարդիկ համալիր կարողացել են այցելել խաղաղապահների ուղեկցությամբ։ Ամարասի պարսպին այժմ ծածանվում է Արցախի դրոշը, ներքեւում հայկական դիրքերն են։

Պատերազմի ընթացքում ու նույնիսկ զինադադարից հետո հակառակորդը փորձել է բարելավել իր դիրքերը՝ առաջանալով մինչեւ Ամարաս, սակայն հետ է մղվել։

Ամարասի պաշտպանության ժամանակ վիրավորվել է նաեւ ամենամոտիկ գյուղի՝ Մաճկալաշենի գյուղապետը՝ Լեռնիկ Ավանեսյանը։ Գյուղապետը մեր զրույցում վստահեցնում է՝ Ամարաս այցելելն արդեն անվտանգ է, միայն կիրակնօրյա ժամերգությունների ժամանակ, երբ շատ մարդ է լինում, խաղաղապահներն էլ են գալիս՝ հնարավոր վտանգը վերահսկելու համար։ Նրա խոսքով՝ նույնիսկ կրակոցներ չկան։ Վանքի գլխավոր մուտքը, որ նայում է հակառակորդի դիրքին ու որը տեղացիները պատերազմից հետո մի ընթացք փակել էին, այժմ բաց է։ 

Համաձայն պատմիչների վկայության՝ Ամարասի վանքը՝ որպես նշանավոր կրոնական ու մշակութային կենտրոն, հանդես է գալիս 4-րդ դարի սկզբից, երբ Գրիգոր Լուսավորիչն այստեղ հիմնադրել է եկեղեցի, որի կառուցումն ավարտին է հասցրել իր թոռը՝ Գրիգորիս եպիսկոպոսը։ 

19-րդ դարի երկրորդ քառորդում՝ Արեւելյան Հայաստանը Ռուսաստանին միացվելուց հետո, Ամարասի վանական համալիրը օգտագործվել է որպես սահմանամերձ ամրոց, իսկ 1832-1847թթ․ եղել է ռուս-պարսկական սահմանի մաքսատուն։

1848 թ․ Ամարասի վանքը ցարական իշխանությունից հետ է վերցնում Գանձասարանի մետրոպոլիտ տեր Բաղդասարը։ Եկեղեցին վերակառուցվում է 1858թ․՝ շուշեցիների նյութական օժանդակությամբ։

Ասկերան

Մառախուղն Ասկերանի ճամփին իջնում է մինչեւ գետին․ փետրվարին այստեղ ծառի ճյուղից մինչեւ քար սառցե ցողի տակ է։

Մեքենայով հասնում ենք Ասկերանի վերջը, որտեղից սկսվում է Աղդամը։ Հեռվում ռուս խաղաղապահների պահակետն է, որին չենք մոտենում։ Մեքենան թեքվում, կանգնում է Ասկերանի տանկ-հուշարձանի կողքին։

Տանկի փողը նախկինում ուղղված էր դեպի Շուշի, այժմ՝ դեպի Աղդամ, դեպի հակառակորդը։ Գլխին ծածանվում է Արցախի դրոշը։

Այս հուշարձանին ամեն տարվա հունիսի 12-ին՝ Ասկերանի պաշտպանության օրը, ծաղիկներ էին խոնարհում․ ծաղիկներ կան նաեւ հիմա՝ ի հիշատակ այս ու նախորդ պատերազմի զոհերի։

Ստեփանակերտ դարձի ճամփին՝ Ասկերանի Մյասնիկյան փողոցի խանութներից մեկի մոտով անցնելիս, տեսնում եմ զինվորական ձմեռային բաճկոնով կանգնած երկու տղամարդու։ Իրար կողքի են, բայց չեն զրուցում, ծխում են։ Մոտենում եմ, ողջունում, որպիսություն հարցնում ու ներկայանում։ Ասում եմ՝ էս վերարկուներից ենթադրում եմ՝ պատերազմին մասնակցած կլինեք, հա՞։ Տղամարդկանցից մեկը, որ ծերունի է, լուռ հեռու է գնում, մյուսը հաստատում է, բայց ասում, որ պապիկը շատ ծեր է, պատերազմի օրերին Երեւանում է եղել։

34-ամյա Ալիկն է՝ Ասկերանի Խնապատ գյուղից։ Ցուրտը նախընտրել է մենակությունից, գյուղից իջել քաղաք՝ տեղացիների հետ մի երկու բառ փոխանակելու։ Թեեւ Արցախում չի ծնվել, բայց քսան տարի է՝ Արցախում է ապրում։ 

Ասում է՝ չէր պատկերացնում, որ այսքան երկար կտեւի, ու մինչ հարազատներին անվտանգ տեղ կտաներ, կպատրաստվեր մեկնելուն՝ փողոցում ռազմական ոստիկանությունը տեսել է իրեն, ասել՝ ուզում ես փախչել։ Վստահեցնում է՝ փախչելու միտք չի ունեցել․ ուզենար՝ առաջին օրն էլ մեքենայով կգնար Երեւան։ Այսպես պատերազմի սկսվելուց օրեր անց գնացել է Հադրութ, հետո շուրջ 46 օր Քիրսավանում է եղել։

«Դժվարը դժվար էր, շատ դժվար էր։ Շատ մարդկանց բերել էին, ոչ բռոնի էին տվել, ոչ կասկա, մեր մոտ կային մարդիկ՝ չգիտեին ոնց կռվեն։ Բայց պատերազմ էր, էղավ, անցավ։ Հիմա խաղաղապահները կանգնած են, ազերները բան չեն անում։ Հեն ա (ձեռքով ցույց է տալիս Աղդամի կողմը,- հեղ․), էն վերջում ռուսների պոստն ա, դրանից էն կողմ իրանցն ա»։

Պատերազմից հետո Ալիկը գնացել է Երեւան՝ քրոջ տուն, բայց մի քանի օրից վերադարձել է․

«Կռիվը պրծավ, գնացի Հայաստան, երեք օր մնացի, եկա։ Ճիշտն ասած՝ չեմ կարում ընդեղ մնամ, քանի տարի ա՝ ստեղ եմ, ստեղ եմ ուզում։ Տուն էլ չունեմ հիմա, վարձով եմ մնում Խնաբադում։ Իջել եմ մարդկանց հետ շփվեմ, գնամ տուն, մենակ չմնամ»,- ասում է Ալիկը։ Տունը կորցրել է Լաչինում, աշխատանքն էլ՝ Աղդամում․ տեղի այգիներում է աշխատել, որոնք մնացել են հակառակորդի վերահսկողության տակ։

Միակ բանը, որը հիմա Ալիկին անհանգստացնում է, աշխատանքի բացակայությունն է․

«Աշխատանք չկա, մի օր գործ կա, մի շաբաթ չկա։ Խաղաղապահները կան, վտանգ չկա հիմիկվա դրությամբ, բայց աշխատանք չկա»։

Լաչինում տունը կորցնելուց հետո, երբ իմացել է Արցախի կառավարության աջակցության մասին, դիմել է, սակայն պատասխան է ստացել՝ հաշվառված չէ։ Ալիկը չի հասկանում՝ ինչպես կարող է հաշվառված չլինել, երբ բոլոր փաստաթղթերը կան, իրեն էլ ընտրությունների ժամանակ կանչել են Լաչին՝ քվեարկելու։ Հիմա տվյալները վերցրել են, սպասում է՝ աջակցությունը փոխանցեն, մինչ այդ էլ հույս ունի աշխատանք գտնել։ 

Հաջողություն եմ մաղթում, շարժվում դեպի Ստեփանակերտ։ Ճանապարհին անցնում ենք 1750-ականներին կառուցված Մայրաբերդի մոտով, որի պարիսպը կիսվել է ավտոճանապարհով։

Բերդը Կարկառ գետի ստորին հատվածում է։ 

Կրկնակի պարիսպներն ու հարմար դիրքը ժամանակին թշնամիների համար ստեղծել էին անհաղթահարելի պատնեշ: Դիտաշտարակները իրար միջև հաղորդակցվել են նեղ միջանցքներով: Պարիսպները ներսից բազմաթիվ խորշերով ու հրակնատներով են: Պատերի հաստությունը հասնում է 2մ, իսկ բարձրությունը` 9մ: 

Հ․Գ․ Ստեփանակերտից Կարմիր Շուկա, Կարմիր Շուկայից Ամարաս, Ամարասից Մարտունի, Մարտունուց Ասկերան ու հետ Ստեփանակերտ մեզ պտտելուց, ամեն հինգ րոպեն մեկ իմ խնդրանքով կանգնելուց հետո վարորդը գումար չէր վերցնում՝ ասելով՝ էսքան եկել, հասել եք, որ հիմա փո՞ղ տաք։

Հետպատերազմյան Արցախ [մաս 1]. Երեւան-Ստեփանակերտ

Հայարփի Բաղդասարյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել