Կարող եմ պնդել, որ այս երկու տարվա ընթացքում, այս իշխանության օրոք դատական իշխանությունը իրապես անկախացել է․ ԲԴԽ նախագահ
11:31 - 03 մարտի, 2021

Կարող եմ պնդել, որ այս երկու տարվա ընթացքում, այս իշխանության օրոք դատական իշխանությունը իրապես անկախացել է․ ԲԴԽ նախագահ

Պարոն Վարդազարյան շատ լավ է, գովելի է, որ Դուք երեկվանից հետո կատարել եք Ձեր տնային աշխատանքը, վերընթերցել եք Դատական օրենսգիրքը, ԱԺ կանոնակարգ օրենքը, բայց այն, որ էստեղ հնչում են որոշ հարցեր, դրանք միայն մեր  հարցերը չեն։ Աժ-ն որպես ներկայացուցչական մարմին ներկայացնում է հանրության շրջանում առկա հարցերը, դա նշանակում է, որ կա խնդիր։ Այսօր Ազգային ժողովում ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանին հարց ուղղեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Կնոջորյանը։ 

Վերջինս դիմեց ԲԴԽ նախագահին՝ շեշտելով, որ Վարդազարյանի զբաղեցրած պաշտոնը՝ նախագահ, դատավոր կարևոր է, և ԲԴԽ նախագահը իր գործունեության ընթացքում  պետք է որ հասկացած լիներ, որ խնդիրները անտեսելով՝ խնդիրը չի լուծվում։

«Ձեր պահվածքը այսօր խնդիրը անտեսելու, այդ խնդրից պաշտպանվելու ճանապարհն է, որը Ձեր իրավունքն է, բայց միևնույնն է, եթե Դուք շարունակեք խնդիրը անտեսել՝ խնդիրը չի դադարելու գոյություն ունենալ։ Ի՞Նչ եք կարծում Ձեր այդ հայտարարությամբ որպես ԲԴԽ նախագահ՝ Դուք նպաստե՞լ եք, որ դատական իշխանության հեղինակությունը ավելի բարձրանա, թե՞ հակառակը՝ նպաստել եք, որ այդ հեղինակությունը և վստահությունը ՀՀ քաղաքացիների մոտ ավելի նվազի»։ 

Վարդազարյանը հարցին ի պատասխան շեշտեց, որ վստահ է՝ իր կոչից հետո դատական իշխանության հեղինակությունը միանշանակ բարձրացել է։ ԲԴԽ նախագահը հավելեց․ «Վերջին երկու տարվա ընթացքում, ինչ ես զբաղեցնում եմ ԲԴԽ նախագահի պաշտոնը, ես վստահաբար կարող եմ պնդել, ձեր իշխանության օրոք դատական իշխանությունը իրապես անկախացել է և փոխանակ այդ անկախության դրական արդյունքները այսօր գովելի համարեք, Դուք վերցնում եք մեկ-երկու մինչդատական վարույթի գործ, որի վերաբերյալ կարծիք եք կազմում ամբողջ դատական համակարգի վերաբերյալ»։ 

Պատասխանին արձագանքեց Կոնջորյանը, որն ասաց, կիսում է Վարդազարյանի կարծիքը և շեշտեց, որ դատական իշխանությունն անկախացել է գործող, կառավարող իշխանությունից, սակայն հարց է առաջանում՝ դատական իշխանությունը անկախացե՞լ է նաև այլ ուժերից, մանկության ընկերների կապերից, արդյո՞ք անկախացել է փողի, ստվերային գործարքների կապերից։ Կոնջորյանի խոսքով՝ դա չափազանց կարևոր է, և իրենք՝ որպես իշխանություն, ունեն հիմանարար, լեգիտիմ իրավունք այս հարցադրումներով փորձել շարունակել այնպես, որ դատական իշխանությունը անկախանա։ 

ԲԴԽ նախագահը, անդրադառնալով արձագանքին, պնդեց, որ դատական իշխանությունը իրապես անկախ է։ Արձանագրելով նաև այն փաստը, որ Հայաստանում ոչ ոք՝ սկսած ԲԴԽ նախագահից, որևէ քաղաքական ուժ՝ լինի իշխանություն թե ընդդիմություն, որևէ ընկերական հարաբերություններ չեն կարող ազդել դատավորների որոշումներ կայացնելու վրա՝ Վարդազարյանը տեղեկացրեց, որ նման փորձերը շատ արագ կանխվում են, հենց սկզբնական փուլում, եթե այդպիսիք լինում են։

«Միակ ճնշումը, որը նկատում եմ այս պահին, հանրային ճնշումն է, որը և՛ գովելի է, և՛ ունի որոշակի խնդիրներ։ Հանրային արդարադատություն, դատարանի առջև կանգնած ժողովրդի լոզունգները չեն կարող նպաստել որևէ կերպ արդարադատության իրականացման։ Այդ պատճառով իմ հանրային խոսքերից մեկում ասել եմ՝ ջինն արդեն դուրս է եկել սրվակից, այլևս հնարավոր չէ, որ ջինին հետ մտցնենք սրվակի մեջ։ Դատական  իշխանությունն ազատ է և չկա Հայաստանում որևէ անձ, որը դատավորին կարող է հանձնարարություն տալ, ինչ-ինչ պատճառներով»,- եզրափակեց ԲԴԽ նախագահը, շեշտելով, որ այս ամենը ոչ միայն իր, այլև ողջ դատական համակարգի և իր գործընկներների արձանագրումն են։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել