armenpress.am: ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը (ՄԱԶԾ) հայ ժողովրդի հետ է՝ օգնելու հաղթահարել պատերազմի հետևանքով առաջացած ճգնաժամը: Հայաստանում ՄԱԶԾ-ի գործունեության թիրախում են գյուղական զբոսաշրջության, Հայաստանում տարբեր ոլորտներում կանանց հմտությունների զարգացումը, էներգաարդյունավետությանն ուղղված աշխատանքները, ընտրությունների թափանցիկության ապահովումը, բազմաթիվ այլ բնագավառներ: Հայաստանում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարիյասինն ամփոփել է Հայաստանում իր մոտ 4 տարվա առաքելությունը՝վստահեցնելով, որ երկրի հետ կապը չի կտրվի, իր նոր աշխատանքում անգամ կփնտրի միջոցներ՝ աշխատելու Հայաստանի հետ:

-Պարոն Մարիյասին, Դուք ավարտում եք ձեր առաքելությունը Հայաստանում: Ի՞նչ կարևոր աշխատանքներ կառանձնացնեք, որ կատարել եք ձեր գործունեության ընթացքում: Ի՞նչ «ժառանգություն» եք թողնում նրան, ով կփոխարինի ձեզ:

-Հիանալի 4 տարիներ էին այստեղ՝ Հայաստանում: Ես արտոնված էի ծառայելու Հայաստանին, երկրի զարգացմանը: Մենք շատ ծրագրեր ենք իրականացնում այստեղ, դժվար է առանձնացնել որոշները, բայց փորձեմ: Կսկսեմ նրանից, ինչը տարիներ ի վեր ՄԱԶԾ-ի առանցքային խնդիրներից է ՝աջակցել թափանցիկ ընտրությունների անցկացմանը:

ՄԱԿ-ի զարգացման ծրագիրն աջակցել է խորհրդարանական ընտրություններին՝ թե 2017-ին և թե հեղափոխությունից հետո՝ 2018-ին: Մենք քաղաքական մասում ներգրավված չենք եղել, բայց մեր աջակցությունն օգնել է այս ընտրություններն իսկապես ավելի թափանցիկ դարձնելուն՝ ժամանակակից տեխնոլոգիաների ներգրավմամբ: Մենք նաև մարդկանց վերապատրաստումներ ենք արել:

Եվ կարող եմ ասել, որ թե 2017-ին, և թե հատկապես 2018-ին, ընտրությունները եղել են թափանցիկ: Թողած «ժառանգություններից» երկրորդն այն աշխատանքն է, որն արել ենք Եվրոպական միության, Եվրոպական ներդրումային բանկի հետ միասին: Հայաստանը և Վրաստանը կապող երեք սահմանային անցակետերը՝ «Բագրատաշեն»-ը, «Բավրա»-ն և «Գոգավան»-ն արդիականացված են: Օրինակներից մեկն էլ, որ ես կուզեի նշել, էներգաարդյունավետության ոլորտում արված աշխատանքն է:

Երևանի գեղեցիկ լուսավորված կենտրոնական փողոցների մեծ մասը՝ այդ թվում Իսակովը,Մաշտոցի պողոտան, Դավթաշենը և այլ փողոցներ, ԼԵԴ լուսավորված են Երևանի քաղաքապետարանի հետ համատեղ իրականացված ծրագրի շրջանակում: Մենք նաև սկսել ենք և իմ գալուց ի վեր աշխատում ենք բնակելի և հանրային շենքերի էներգաարդյունավետ արդիականացման ծրագրի շուրջ:

Երևանում մանկապարտեզները, ինչպես նաև Հայաստանում շատ այլ շենքեր կվերազինվեն՝ դառնալով ավելի գեղեցիկ, շատ ավելի էներգաարդյունավետ: Այդ շենքերում ապրող մարդիկ կխնայեն էներգիայի վարձը՝ մոտ 60 տոկոսով: Հաջորդ օրինակը վերաբերում է գյուղական համայնքների զարգացմանը: Իմ ժամանելուց ի վեր մեր թիրախը սահմանամերձ համայնքներն են եղել: Ծրագիրն սկսվել է 2015-ին, դրա մասշտաբներն ընդլայնել ենք 2017-ին, երբ ես եկա: Ծրագրի իրականացման համար ֆինանսավորում ենք ստանում Ռուսաստանից:

Շատ դեպքերում մեր ծրագրերն իրականացվում են համայնքների, մարզպետարանների, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ համագործակցությամբ: Մենք հույս ենք ստեղծում գյուղերում, որոնք հաճախ «կրակի բերանին են», գյուղերում, որտեղ մարդիկ հակառակ դեպքում կարող էին լքել և գյուղերում, որտեղ ծրագրի ավարտից հետո կայուն բիզնես հնարավորություններ կլինեն մարդկանց համար:

Ծրագրի շրջանակում 42 հա նոր ինտենսիվ մրգի այգիներ են հիմնվել, այդ թվում նաև Դիտավան գյուղում, որը շատ մոտ է սահմանին: Մենք նրանց տալիս են հույս, բիզնես մոդել, օգնում ենք փորձել: Մենք չենք ուզում, որ մարդիկ կախված լինեն ՄԱԶԾ-ից կամ այլ միջազգային կառույցից՝ երկարաժամկետ կտրվածքով, մենք նրանց ուզում ենք օգնել հիմնել աշխատանք: Կարծում եմ, որ մենք Հայաստանում նաև նոր խթան ենք տվել գյուղական զբոսաշրջության զարգացմանը՝ իրականացնելով «Գաստրո բակ» նախագիծը: Մարդկանց տները վերափոխվել են` զբոսաշրջիկների համար դառնալով հրապուրիչ:

Լավ նորությունն այն է, որ նույնիսկ անցյալ տարի՝ 2020-ին համավարակի ընթացքում, երբ միջազգային զբոսաշրջությունը կանգնել էր, այդ վայրերից շատերը բաց էին, և շատ այցելուներ էին լինում: Մենք հավատում ենք, որ սա կայուն բիզնես մոդել է,մենք հավատում ենք, որ աղքատությունը, սոցիալական խնդիրները կարող են հաղթահարվել միայն բիզնեսի, աշխատանքի կայուն մոդելներով: «Գաստրո բակ» նախագծի շնորհիվ նոր զբոսաշրջային վայրեր են ստեղծվել Հայաստանի գյուղական բնակավայրերում: Մենք շատ ենք աշխատել նաև շրջակա միջավայրի պաշտպանության ուղղությամբ: Շրջակա միջավայրի նախարարության հետ միասին աշխատում ենք անտառների ուղղությամբ:

Հայաստանը կորցնում է իր անտառների մի մասը և պետք է վերականգնի դրանք: Մենք վերականգնում ենք շուրջ 5000 հա անտառներ Տավուշում, Լոռիում, օգնում ենք անդրադառնալ ապօրինի ծառահատումների հիմնական պատճառներին: Հաճախ ծառերը կտրվում են՝ որպես վառելափայտ օգտագործելու համար: Մենք աշխատում ենք ոչ միայն անտառների պահպանության ուղղությամբ, այլ նաև օգնում ենք անտառների կառավարման նոր մոդելի ներդրմանը, օգնում ենք համայնքների համար էներգիայի այլընտրանքային աղբյուրների ստեղծմանը:

-Ինչպե՞ս եք պատկերացնում ձեզ փոխարինողի գործունեությունը, ի՞նչ կարևոր խնդիրներ եք տեսնում, որոնք առաջնահերթ պետք է լուծում ստանան: 2020 թվականը դժվար տարի էր Հայաստանի համար. համաճարակ,պատերազմ, որոնք իրենց հետքն են թողել: ՄԱԿ-ի զարգացման ծրագիրն ինչպե՞ս կարող է օգնել լուծելու այս խնդիրները:

-Անցյալ տարի շատ դժվար, աղետալի տարի էր Հայաստանի համար: Եվ ՄԱԶԾ-ն հայ ժողովրդի հետ է՝ օգնելու հաղթահարել սարսափելի ճգնաժամը պատերազմից հետո: Հայաստանը, ինչպես շատ այլ երկրներ, տուժել է նաև համավարակից: Իմ մեկնումից հետո ինձ փոխարինողն ակտիվորեն կաշխատի կառավարության և ժողովրդի հետ՝ հաղթահարելու այս ճգնաժամերը:

Պատերազմի ընթացքում մենք արել ենք, ինչ կարող ենք՝ որպես ՄԱԿ-ի՝արտակարգ իրավիճակների արձագանքման մաս՝ օգնելու այն մարդկանց, որոնք Ղարաբաղից պատերազմի ժամանակ տեղահանվել էին, ժամանակավոր բնակություն հաստատել Հայաստանում:

Մենք նրանց ապահովել ենք կացարանով:Մենք նաև աշխատել ենք Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, Շրջակա միջավայրի նախարարության հետ՝ տեղահանվածների էներգիայի նոր լուծումների հարցի հրատապ լուծման ուղղությամբ, դա արդեն իրականացվել է մի քանի բնակավայրերում: Տեղադրվել են արևային ֆոտովոլտային կայաններ: Մեծ ուշադրություն ենք դարձնում տեղահանված անձանց: Մենք նաև շատ աշխատանք ենք տանում՝մարդկանց պատրաստելու ապագայում ճգնաժամերի կառավարմանը:

Մենք ԱԻՆ-ի հետ համագործակցությամբ ստեղծել ենք patrast.am հարթակը, որը մարդկանց շատ կոնկրետ ինֆորմացիա է տալիս, թե ինչ պետք է անել արտակարգ իրավիճակներում՝ երկրաշարժի ժամանակ, կրակոցների ժամանակ և այլն: Մենք աշխատել ենք և կշարունակենք աշխատել: Հումանիտար օգնությունը շատ կարևոր է, բայց ճգնաժամը հաղթահարելու համար անհրաժեշտ է կենտրոնանալ նրանց աշխատանքի ուղղությամբ: Մենք նաև 44 համայնքներում օգնում ենք շուրջ 5000 մարդկանց՝ համայնքային մակարդակում մինի ծրագրեր իրականացնելու: Նաև սկսել ենք պատերազմի վետերաններին աջակցելու ծրագիր:

Շատ կարևոր է օգնել երիտասարդներին, որոնք վերադարձել են պատերազմից: Մենք ՀՀ նախարարությունների հետ համագործակցությամբ աշխատում ենք նրանց հետ՝ ֆիզիկական և հոգեբանական վերականգնման հարցերում: Սրանից բացի, մենք կաշխատենք նաև այդ անձանց աշխատանքային հմտությունների ուղղությամբ: Ստեղծում ենք նոր ստարտափ աքսելերատոր, որը կկենտրոնանա պատերազմի մասնակիցների կողմից հիմնված ստարտափների վրա: Պետք է նաև կենտրոնանալ այն անձանց բնակարանային խնդրի լուծման ուղղությամբ, որոնք այլևս չեն կարող վերադառնալ Ղարաբաղ:

Այդ մարդիկ նոր կյանք պետք է գտնեն Հայաստանում: Մեզ համար առաջնահերթություն է, որ պատերազմի արդյունքում մեծապես տուժած անձինք նորմալ կյանք վարեն այստեղ: Կառավարության պաշտոնյաների հետ քննարկել եմ նաև հետևյալ հարցը՝ ՄԱԶԾ-ն առաջիկա 2-3 տարում կարող է օգնել Հայաստանին ՝ դիրքավորվելու որպես բարձր տեխնոլոգիական նորարարության կենտրոն, որպես խելացի գյուղատնտեսություն ունեցող երկիր և որպես երկիրը, որը ի վիճակի է հաղթահարել վախերը, անցյալի ողբերգությունը և առաջ նայել: Մենք կօգնենք երկրին ոտքի կանգնել:

- Հայաստանում ՄԱԿ-ի զարգացման ծրագրերի ընդհանուր ծավալը որքա՞ն է կազմում:

-Մեր գրասենյակն այստեղ ղեկավարում է ամեն տարի 12 միլիոն դոլար ծավալով ծրագրերի պորտֆել: Այդ գումարներն ուղղակիորեն օգուտ են բերում հայերին: 2017-ից սկսած, երբ ես ժամանեցի, մենք Հայաստան ենք բերել 57 մլն դոլար՝ նոր ծրագրերի ֆինանսավորման համար: Մենք շատ ուրախ ենք, որ մեր ֆինանսավորումը գալիս է շատ տարբեր աղբյուրներից: Հայաստանի համար գլխամասից ստացած մեր բյուջեն սահմանափակ է, մեր ֆինանսավորման մեծ մասը գալիս է դոնոր գործընկերներից:

Այս գրասենյակը շատ հպարտ է՝ ֆինանսավորվելու առնվազն 15 տարբեր մշտական գործընկերներից. ֆինանսավորում ենք ստանում ԵՄ-ից, Ռուսաստանի Դաշնությունից, Միացյալ Թագավորությունից, Շվեյցարիայից, Գերմանիայից, Ճապոնիայից և շատերից: Մենք Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի և Կանաչ կլիմայի հիմնադրամի ծրագրերի խոշոր իրականացնողն ենք Հայաստանում: Նաև աշխատում ենք կառավարության հետ՝ իրագործելու իրենց նախաձեռնությունները:

Մենք քաղաքական և աշխարհաքաղաքական առումներով լիովին անկախ կառույց ենք, մեր աշխատանքն է՝ Հայաստանում ծրագրերի իրականացման համար առավելագույն գումար ներգրավել: Սակայն գումարն ամենակարևոր բանը չէ, ՄԱԶԾ-ն կենտրոնացած է Հայաստանի կայուն զարգացման վրա, այն կենտրոնացած է ՄԱԿ-ի արժեքների վրա՝ օրինակ հարգել մարդկանց իրավունքները, կանանց իրավասությունները: ՄԱԶԾ-ն թափանցիկ և արդյունավետ կերպով է կառավարում գումարները, մենք պատասխանատու ենք ամեն դոլարի համար, որը վստահվում է մեզ:

Շարունակությունը՝ armenpress.am-ում