Ակնհայտ է, որ բանակին քաղաքական գործընթացներում ներքաշելը դիտավորյալ է արվում․ Անդրանիկ Քոչարյան
16:59 - 02 մարտի, 2021

Ակնհայտ է, որ բանակին քաղաքական գործընթացներում ներքաշելը դիտավորյալ է արվում․ Անդրանիկ Քոչարյան

Այսօր Ազգային ժողովում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը հանդես եկավ հայտարարությամբ՝ խոսելով Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակի, Գլխավոր շտաբի հայտարարության ու քաղաքական ընդդիմության ներկայացուցիչների ելույթների մասին։

«Վերջին օրերին ընդդիմության հրավիրված հանրահավաքների ընթացքում Յուրի Խաչատուրովը (նախկին ԳՇ պետ, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար,- հեղ․) ողջունում էր ԳՇ-ի կողմից վարչապետի հրաժարականը պահանջի վերաբերյալ հայատարարությունը։ Երեկվա իր ելույթը նա սկսեց ազգ-բանակ-հաղթանակ վանկարկումներով։ Այս կարգախոսը իրապես ընկած էր Արցախյան առաջին պատերազմի հաղթանակների կերտման հիմքում, որոնց մեջ իրենց ներդրումն են ունեցել Խաչատուրովը և մի շարք այլ գեներալներ»,- ասաց Քոչարյանը՝ շարունակելով, որ վերոհիշյալ կարգախոսը, սակայն, փոխվեց հոկտեմբերի 27-ից հետո, երբ տարբեր առիթներով Զինված ուժերը քաղաքական գործընթացների ակտիվ մասնակից դարձան։

Այդ ժամանակ էլ, Անդրանիկ Քոչարյանի խոսքով, բանակ ներթափանցեցին անտարբերությունն ու կոռուպցիան, որոնք էլ հանգեցրին 2016 թվականի Ապրիլյան պատերազմի պարտությանը և ապա 2020 թվականի երկրորդ պատերազմի ընթացքում Զինված ուժերի ղեկավարության կողմից բանակի ոչ պրոֆեսիոնալ կառավարմանը։․

«Ինչպես Խաչատուրովը, այնպես էլ բազմաթիվ գեներալներ իրենց ծառայության ընթացքում բանակը քաղաքական նպատակների սպասարկու դարձնելու համար խրախուսվեցին ավելի բարձր կոչումներով և իրենց ուսադիրներին ավելացրին նոր աստղեր։

Այժմ էլ, այդ նույն գեներալներից ոմանք ևս մեկ անգամ ապացուցում են, որ Մարտի 1-ի դեպքերի ընթացքում 0038 հրամանով ուղղակիորեն մասնակցել են քաղաքական դրդապատճառներով բանակի օգտագործմանը։ Հիմա, հետպատերազմյան այս բարդ իրավիճակում, բանակը քաղաքական նպատակներով չօգտագործելու կոչեր անելու փոխարեն՝ Խաչատուրովը ողջունում է դրանք»։

Ըստ պատգամավորի՝ ակնհայտ է, որ բանակին քաղաքական գործընթացներում ներքաշելը նախապես մտածված է և դիտավորյալ է արվում՝ ներքին անկայունություն ստեղծելու նպատակով։ Անդրանիկ Քոչարյանի խոսքով՝ նախքան ԳՇ հայտարարությունը՝ ընդդիմությունը բանակի գեներալներին ևս մեղադրում էր պարտության մեջ, սակայն ընդդիմադիրներն այժմ փոխել են պարտության վերաբերյալ իրենց դիրքորոշումը՝ մեղադրելով միայն քաղաքական իշխանությանը։

«Պատերազմին հաջորդող ծանր ժամանակներում այս մարդիկ կախվել են բանակի փեշերից ու թույլ չեն տալիս, որ այն ֆիզիկապես և բարոյապես վերականգնվի։

Ի վերջո, Զինված ուժերը միայն այդ հայտարարության տակ ստորագրած գեներալները կամ դրանց մի մասը չեն, այլ նաև զինվորները և սպայակազմը, որոնք հերոսաբար, 44 իրենց ուսերին կրեցին պատերազմի դժվարությունները։ Գլխավոր շտաբի ղեկավարության մի մասը իշխանությունը տապալելու նպատակով բացահայտ հեղաշրջման փորձ է անում, որը պետք է խստորեն դատապարտվի։ Բանակն այս պահին՝ նորանշանակ նախարարի գլխավորությամբ, պետք է աշխատի հրադադարի ռեժիմի պահպանման և զինված ուժերի ռեֆորմները անսասան իրականացնելու ուղղությամբ, իսկ մեզ համար գլխավոր խնդիրն է ներքին անվտանգության և կայունության ապահովումը»,- եզրափակեց պատգամավար Անդրանիկ Քոչարյանը։

Ասպրամ Փարսադանյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել