Կիսանախագահական կառավարման համակարգին անցնելը հնարավոր տարբերակներից մեկը պետք է լինի․ Նիկոլ Փաշինյանը՝ սահմանադրական փոփոխությունների մասին
19:57 - 01 մարտի, 2021

Կիսանախագահական կառավարման համակարգին անցնելը հնարավոր տարբերակներից մեկը պետք է լինի․ Նիկոլ Փաշինյանը՝ սահմանադրական փոփոխությունների մասին

Կարծում եմ՝ ժամանակն է արձանագրել, որ մենք պիտի աշխատենք, որ այս տարվա հոկտեմբեր ամսին համաժողովրդական հանրաքվեով ընդունենք նոր Սահմանադրություն կամ սահմանադրական փոփոխություններ, և ի վերջո, կիսանախագահական կառավարման համակարգին անցնելը հնարավոր տարբերակներից մեկը պետք է լինի։ 

«Եվ այս գործընթացը մենք պիտի իրականացնենք ԱԺ-ի, ՀՀ նախագահի, քաղաքական ուժերի և քաղաքացիական հանրության հետ սերտ համագործակցության պայմաններում։ Մինչ դա կան հոդվածներ մեր Սահմանադրության մեջ, որոնց փոփոխումը չի ենթադրում համաժողովրդական հանրաքվե, և դա կարելի է փոխել ԱԺ-ում տեղի ունենալիք քվեարկության միջոցով»,- նշեց նա՝ հավելելով, որ առաջիկա մեկ ամսվա ընթացքում պետք է կառավարություն, ԱԺ, նախագահ, քաղաքական ուժեր ֆորմատով աշխատենք լավարկելու համար այն հոդվածները, որոնք լավարկելու հնարավորություն կա ԱԺ-ում տեղի ունեցած խորհրդակցությունների եւ քվեարկության արդյունքում։

Նիկոլ Փաշինյանը ևս մեկ անգամ ընդգծեց․ «Ես խորհրդարանական ընդդիմությանը մարտահրավեր եմ նետում՝ եկե՛ք գնա՛նք խորհրդարանական արտահերթ ընտրությունների, եւ ես ձեզ խնդրում եմ՝ աջակցեք այս կոչին, մի՛ վախեցեք, աջակցե՛ք այս կոչին։ Բայց այդ ընտրություններ անցկացնելու պատրաստակամությունը մի՛ նպատակ ունի։ Ինչքան էլ մենք մասնակցենք կարգախոսներով, ճառերով, ելույթներով, մենք այդ ընտրություններում մեր հաղթանակը չենք փնտրելու, մենք այդ ընտրություններում փնտրելու ենք ձեր հաղթանակը, որովհետեւ դուք պիտի հաղթեք, ՀՀ-ում որեւէ ուժ հաղթող պիտի չլինի, պիտի լինի միայն ու միայն մի ուժ՝ ժողովուրդը, եւ մնացած ուժերը, քաղաքական ուժերը, ԶՈՒ-երը պետք է անվերապահ ենթարկվեն ժողովրդի ընտրած օրինական իշխանությանը, եւ ուրիշ տարբերակ պարզապես չկա»։

Ելույթից հետո Նիկոլ Փաշինյանը կոչ արեց քայլերթ կազմակերպել դեպի Մյասնիկյանի արձան՝ նվիրված Մարտի 1-ի զոհերի հիշատակին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել