Մարզպետները, որոնք այսօր աշխատանքի ժամին աշխատավայրում չէին
19:23 - 01 մարտի, 2021

Մարզպետները, որոնք այսօր աշխատանքի ժամին աշխատավայրում չէին

Կառավարող ուժի այսօրվա հանրահավաքից առաջ մեդիատիրույթում տարբեր տեսանյութեր եւ լուսանկարներ էին շրջանառվում, համաձայն որոնց՝ իշխանության ներկայացուցիչները հանրահավաքի մասնակիցների մեծ թիվ ապահովելու համար կիրառում են վարչական ռեսուրս։

Տարածվող տեսանյութերից հետո ՔՊ հանրային կապերի համակարգող Վահագն Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում հերքեց վարչական ռեսուրս կիրառելու վերաբերյալ տեղեկությունները։ Սոցցանցերում, այնուամենայնիվ, չդադարեցին քննարկումները։ 

Infocom-ն աշխատանքային ժամին զանգահարեց ՀՀ բոլոր մարզպետարաններ՝ պարզելու՝ մարզպետերն աշխատավայրո՞ւմ են, թե՞ ոչ։

Տավուշի մարզպետարանից մեզ տեղեկացրին, որ մարզպետ Հայկ Չոբանյանն աշխատանքային այցով մեկնել է Երեւան։ Հարցին, թե հնարավո՞ր է՝ մեկնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավիրած հանրահավաքին մասնակցելու, աշխատակիցն ասաց՝ հնարավոր է։ Փորձեցինք կապ հաստատել անձամբ մարզպետի հետ, սակայն բջջային հեռախոսահամարին մեր զանգերն անպատասխան մնացին։

Արմավիրի մարզպետարանից Infocom-ին հայտնեցին, որ մարզպետ Համբարձում Մաթեւոսյանը նույնպես Երեւանում է՝ դարձյալ աշխատանքային այցով։ Անձնական համարին կատարած զանգն անպատասխան մնաց։

Կոտայքի մարզպետարանի աշխատակիցը տեղեկացրեց, որ մարզպետ Մեսրոպ Մեսրոպյանը տեղում եղել է, սակայն թե ուր է 17:40-ի դրությամբ՝ տեղեկություն չունի։ Փոխմարզպետերից մեկը նույնպես տեղում չէր, իսկ մյուս փոխմարզպետը չպատասխանեց աշխատանքային հեռախոսահամարին։ 

Վայոց ձորի մարզպետարանի աշխատակիցն ասաց, որ մարզպետ Արարատ Գրիգորյանը աշխատանքի է, սակայն չհայտնեց՝ տեղո՞ւմ է, թե՞ ոչ։ Հանրահավաքին մասնակցելու վերաբերյալ հարցերին ի պատասխան աշխատակիցը խնդրեց կապ հաստատել լրատվության բաժնի հետ, որտեղից, սակայն, զանգերին չպատասխանեցին։ Մարզպետն անձնական հեռախոսահամարով նույնպես չպատասխանեց մեր զանգերին։

Լոռու մարզպետարանից մեզ տեղեկացրին, որ մարզպետ Արամ Խաչատրյանը ընդմիջումից հետո տեղում չի եղել, սակայն չգիտեն՝ ուր է գնացել։ Փոխմարզպետի աշխատասենյակի հեռախոսահամարով մեր զանգերը դարձյալ անպատասխան մնացին։

Արագածոտնի մարզպետարանի կայքում տեղադրված հեռախոսահամարով զանգահարեցինք մարզպետ Դավիթ Գեւորգյանի աշխատասենյակ։ Զանգին պատասխանած աշխատակիցը մեր հարցին, թե որտեղ է մարզպետն աշխատանքային ժամին, չպատասխանեց՝ ասելով, թե զանգել ենք տեղեկատվական բաժին։ Բաժնի համարը, սակայն, լրիվ այլ է։ Խնդրեցինք տրամադրել մի համար, որով կարող են պատասխանել մեր հարցերին, սակայն աշխատակիցն անջատեց հեռախոսազանգը, որից հետո մեր զանգերը մնացին անպատասխան։ Մարզպետն անձնական հեռախոսահամարին չպատասխանեց։

Գեղարքունիքի, Արարատի եւ Շիրակի մարզպետարաններից տեղեկացրին, որ մեր զանգելու պահին՝ 17։40-ին, մարզպետները եղել են աշխատանքի վայրում, իսկ Սյունիքի մարզպետարանից մեզ փոխանցեցին, որ մարզպետն աշխատանքի վայրում չէ, սակայն չեն կարող նշել, թե ուր է գնացել։ Փոխմարզպետներից մեկը՝ Կարո Ավանեսյանը, տեղում էր։ Մյուս փոխմարզպետի՝ Նարեկ Բաբայանի աշխատանքային հեռախոսահամարը չպատասխանեց։ Մարզպետի անձնական հեռախոսահամարին կատարած մեր զանգերը մնացին անպատասխան։

Այսպիսով՝ այդպես էլ հնարավոր չեղավ պարզել՝ մարզպետներից 5-ն աշխատանքային ժամին որտեղ են, 2-ն այսօր՝ հանրահավաքի օրը, գործուղման էին մայրաքաղաք Երեւանում, եւ մարզպետներից միայն 3-ն էին, որ, ըստ մարզպետարանների աշխատակիցների փոխանցած տեղեկության, աշխատանքի վայրում էին։

Նարեկ Մարտիրոսյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել