Հետպատերազմյան Արցախ [մաս 1]. Երեւան-Ստեփանակերտ
18:48 - 02 մարտի, 2021

Հետպատերազմյան Արցախ [մաս 1]. Երեւան-Ստեփանակերտ

Ուղեւորներն ավտոբուսի մեծ լուսամուտներից լուռ նայում են լեռներին ու արեւագալին․ թեեւ «մենք ճամփա ընկանք առավոտ ծեգին» ու վեց ժամ անցնելիք ճանապարհ ունենք, ոչ մեկն աչք չի կպցնում։ 

Արցախի Հանրապետություն հասնելն ազդարարող երեք դրվագ կա այսուհետ․ լեռներն ու Սյունիքի մարզի՝ արդեն սահմանամերձ Տեղ համայնքի մոտակայքում հայ սահմանապահների անցակետը, ապա Ռուսաստանի Դաշնության՝ հեռվում երեւացող դրոշը՝ խաղաղապահների պահակետում։ 

Ռուս խաղաղապահների առաջին պահակետին մոտենալիս բոլորս պատրաստում ենք անձնագրերը, տղամարդիկ ավելի զգաստանում են, կանայք, կարծես, մտահոգվում։ Խաղաղապահը նայում է հատկապես տղամարդկանց անձնագրերը, աչքի անցկացնում կանանցը, ու մաղթում доброго пути․

Լաչինի միջանցքով անցնելիս ընդհանուր լարվածություն կա մեծ ավտոբուսի մի ծայրից մյուսը։ Պատերազմից հետո առաջին անգամ Արցախ գնացողները ենթադրություններ են անում ճանապարհի հնարավոր վտանգների, կամ գուցե խաղաղապահների ոչ շատ լավ վերաբերմունքի մասին։ Հարազատներ, ընկերներ հընթացս գրում են՝ հը՞, տեղ հասա՞ք, հը՞, նորմա՞լ է, հո խնդիրներ չեղա՞ն։ Երեւի արդարացված անհանգստություն է, բայց դրա պատճառը «պաշտոնական Երեւանում» Արցախի վերաբերյալ ինֆորմացիոն բլոկադան է․ իսկ իրականությունն այլ է, ինչի մասին՝ հաջորդիվ։

Ռուս խաղաղապահների պահակետերում երեքից ավելի ծառայողներ կան․ ավելիին մենք չենք տեսնում, բայց որ կան՝ հաստատ է։ Նրանք իրենց դիրքում ակնհայտորեն զգոն են, նաեւ հարգալից։ 

Ստեփանակերտ գնալու ճանապարհին՝ Շուշիի մոտակայքում, խաղաղապահների չորս պահակետ կա։ Մեր ընթացքին զուգահեռ՝ ադրբեջանական ռազմական ավտոշարասյուն է գնում Շուշի։ Այդ ժամանակ խաղաղապահները կանգնեցնում են Հայաստանից եկող մեքենաների ընթացքը, որպեսզի երկու կողմերը որեւէ կերպ միաժամանակ նույն ճանապարհին չհայտնվեն։ Շարասյունն անցնում է, մուտքը բացվում է նաեւ մեզ համար։ Խաղաղապահներն ամեն պահակետում հերթով չեն ստուգում ուղեւորներին, նրանք մշտական կոմունիկացիա ունեն ամեն հաջորդ ու նախորդ դիրքի հետ։

Առանց խնդրահարույց պահերի՝ ճանապարհն անցնում ենք, եւ եթե նույնիսկ ամեն մետրում թաքնված վտանգ կա, կարծում եմ՝ տխրությունը ճնշում է այդ զգացումը, երբ Շուշիին միայն ներքեւից ու հեռվից կարող ես նայել, երբ ձախից ռուսաց դրոշն է, աջից՝ հակառակորդի։ Բայց այս զգացումն էլ գոնե այդ պահի համար մշտամնա չէ։ Պատկերն ամբողջովին փոխվում է Ստեփանակերտի առաջին սանտիմետրից, որտեղ ծածանվում է Արցախի դրոշը։ Հաջորդիվ ամեն քայլին վերեւում կախված են սպիտակ միջագծով եռագույնները։ Նույն օրը երեկոյան Արցախի ջահելներից մեկն ասում է՝ «ես էդ սպիտակը կտրելու եմ՝ հանեմ, երկու կողմն իրար կարեմ․ մենք էդ ուղղությամբ ենք աշխատում»։

Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում մեզ մոտենում են պապիկներ, հարցնում՝ որտեղից ենք, ասում ենք՝ Երեւանից, ասում են՝ ապրեք, շատ ապրեք։ Հետո հեռվից դեպի մեզ են քայլում դպրոցական աղջիկներ ու նույն հարցը տալիս, պատասխանում ենք, ժպտալով գնում են։ Եթե չիմանաս, որ պատերազմ է եղել, համենայն դեպս այս հրապարակում չես զգա, միայն հիշողությունդ ու մարդկանց աչքերի մեջ մի քիչ երկար նայելը այդ ազդակները կտան՝ Ստեփանակերտը՝ պատերազմից հետո։ 

Քանզի Երեւանից ամենաշատը հնչած հարցը «շատ ավերված ա՞»-ն է, միանգամից պատասխանեմ՝ Ստեփանակերտն ապրում է ու ոտքի կանգնում (այլ քաղաքների մասին՝ հաջորդիվ), այստեղ մի քանի շինություն կա, որ պահում է պատերազմի հետքը։ Այստեղ ամեն մեկը մի բան կառուցում է, մի բան՝ վերակառուցում, մի բան նորոգում՝ տանիք, կանգառ, մայթեզր, շինություն, մարդիկ գնում են աշխատանքի, երեխաները՝ դասի, փողոցներում անդադար շարժ կա, տրանսպորտն աշխատում է լույսի արագությամբ։  

Ստեփանակերտի փողոցները մաքուր են, ավերակներ չկան։

Երեխաները շտապում են դասի։

Ստեփանակերտի փողոցներում առեւտուրը բավականին ինտենսիվ է․ վաճառում են մրգեր, բանջարեղեն։ Եթե հարյուր դրամ էլ ավելի ես վճարում, պարտադիր ավելացնում են գնածիդ։ Սրճարանները, խանութներն ու ռեստորաններն աշխատում են, պետական կառույցները՝ եւս։ Հյուրանոցներում էլ մշտական շարժ կա․ այստեղ է ապաստանել տեղահանվածների մի մասը։

Արցախի փողոցներում ոստիկանության ծառայողները մշտական հսկողություն են իրականացնում, չնայած քաղաքացիները պատմում են, որ եթե օրերով տան կամ խանութի դուռը բաց թողնեն՝ մի բան չի կորի։ Սրանում մենք համոզվում ենք անձամբ։

Մենք, իհարկե, գնում ենք նաեւ հայտնի «Բարդակ»։ Դեռ ներս չմտած՝ լսվում է երաժշտության ձայնը։ Ներս ենք մտնում՝ պատանիները նվագում են, նրանց ընկերակցում են 40-ն անց տղամարդիկ, ու կողքիս կանգնած մարդն ասում է՝ «երջանկությունն էս ա․ 44 օր բամբիտ լինելուց հետո ապրում են, հենա, էն տղու հերն էլ էս պատերազմին զոհվել ա, բայց ինքը շարունակում ա նվագել»։

«Ստեղ ամեն մեկը կռիվ ա տալիս անկախության համար, ամեն մարդ ինքն անկախությունն ա ստեղ, ստեղ, էս կետում, որտեղից մի քանի կմ էն կողմ ադրբեջանցիները մտածում են՝ հաղթել են, բայց ո՞նց են հաղթել, եթե մարդիկ նվագում են ու երգում՝ когда меня не станет - я буду петь голосами моих детей и голосами их детей»,- ասում է մեր ընկերն ու փաբի սեղանի վրա մեծ տառերով գրում «Առանց ձեզ մեզ ոչինչ պետք չի էս աշխարհում, եթե դու Արցախում չլինես, Երեւանում իմ ինքնությունը զրոյանում ա»։

Հետպատերազմյան Արցախ [մաս 2]․ հայացք Կարմիր Շուկայից, Ամարասից ու Ասկերանից

Հայարփի Բաղդասարյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել